Վալդեմար Գերդտ. «Հայաստանը Գերմանիայի արտաքին քաղաքականութեան շահերի գօտուց դուրս է»

«ԱԼԻՔ» – Բունդեսթագի նախկին պատգամաւոր Վալդեմար Գերդտը մեկնաբանել է Գերմանիայում խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները։
«Ընտրութիւնների արդիւնքները սպասելի էին եւ, իմ կարծիքով, օպտիմալ, քանի որ ցանկացած այլ սցենար կը յանգեցներ երկրում կազմակերպւած կամ ինքնաբուխ սոցիալական պայթիւնի։ Եթէ, օրինակ, «Այլընտրանք» կուսակցութիւնը շատ մեծ տոկոս հաւաքէր, ապա ընդդիմադիր կուսակցութիւնները ժողովրդին դուրս կը բերէին փողոց եւ «Մայդան» կը կազմակերպէին, իսկ դա լաւ չէ։
Իսկ այն, ինչ հիմա տեղի ունեցաւ, այսինքն՝ կոալիցիա երկու կուսակցութիւնների հետ, դա այն է, ինչ ուզում էին Քրիստոնեայ-դեմոկրատները։ Իհարկէ, նրանք աւելին էին ակնկալում, ճիշտ այնպէս, ինչպէս «Այլընտրանք» կուսակցութիւնն իր համար աւելին էր ակնկալում, բայց մարդիկ շատ էին խճճւել այս բոլոր քաղաքական բանաձեւերում, թէ ով ում համար էր, ում հետ էր եւ ինչ կը ստացւէր դրանից: Ուստի քւէարկել են ըստ իրավիճակի։
Ընդհանրապէս, «Այլընտրանք» կուսակցութիւնը պէտք է հաստատ 50 տոկոսից աւելին հաւաքէր, քանի որ իրավիճակն ամբողջութեամբ իր կողմն էր։ Ոչ թէ այն պատճառով, որ կուսակցութիւնը լաւն է, այլ նրա համար, որ այն ամէնն, ինչ մենք ասել ենք, բոլոր կանխատեսումները տեղի են ունեցել։ Եւ աւելին ստացւեց, քան կար, որովհետեւ տնտեսութիւնը աւերւած է, երկրի անվտանգութիւնը, յանցագործութիւնը պարզապէս ամենաբարձր մակարդակի վրայ է, գենդերային քաղաքականութիւնն ընդհանրապէս դուրս է եկել վերահսկողութիւնից, այսինքն՝ կան բոլոր պայմանները, որ նոր ուժ գայ իշխանութիւն, բայց այդ նոր ուժին չթողնեն իշխանութեան։ Եւ, հաւանաբար, դա դեռ պէտք չէ: Յաջորդ ընտրութիւններում դա կը լինի»,- ասել է Գերդտը։
Փորձագէտի կարծիքով՝ Գերմանիայում նոր իշխանութեան գալը բացասաբար կանդրադառնայ յետխորհրդային տարածքի վրայ։
«Յետխորհրդային տարածքում դա, ամենայն հաւանականութեամբ, բացասական ազդեցութիւն կունենայ, աւելի լաւ չի լինի։ Իշխանութեան եկաւ մի կուսակցութիւն, որը կոչ էր անում կոշտ վերջնագրեր ներկայացնել Մոսկւայի նկատմամբ։ Շոլցը (Գերմանիայի կանցլեր) հեռանում է իշխանութիւնից, իսկ նա զսպող գործօն էր եւ երկչոտ պաշտպան էր Ուկրաինային զէնքի մատակարարումը դադարեցնելու համար։ Այժմ նա հեռանում է, եւ նրա կուսակցութիւնում կը գան Ռուսաստանի նկատմամբ աւելի կոշտ միջոցների կողմնակիցները, ուստի այդ կուրսի փոփոխութիւնից ոչ մի լաւ բան չի ստացւի։
Տայ Աստւած, որ Թրամփը (ԱՄՆ նախագահը) կարողանայ մղել Ռուսաստանի հետ յարաբերութիւնների բարելաւման իր դոկտրինը, եւ եթէ դա նրան յաջողւի, ապա, կարծում եմ, նրանք ստիպւած կը լինեն փոխել հռետորաբանութիւնը։ Իսկ եթէ չյաջողւի, ապա Եւրոպան կը գնայ ազատ նաւարկութեան, որը կարող է յանգեցնել մեծ աղէտի, ինչպէս դա եղել է արդէն մէկ անգամ»,- նշել է Գերդտը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ Բունդեսթագի նախկին պատգամաւորի, Գերմանիան այժմ ժամանակ չունի Հայաստանի համար։
«Հիմա, ճիշտն ասած, Հայաստանի համար ժամանակ չկայ, քանի որ, նախ, Գերմանիան այլեւս չունի այնքան ազդեցութիւն, որքան նախկինում։ Երկրորդ՝ Հայաստանը դուրս է Գերմանիայի արտաքին քաղաքականութեան շահերի գօտուց»,- եզրափակել է Գերդտը։