Վարդանանքը բարոյական յաղթանակ էր

Մարդկութեան պատմութիւնը ազգասիրութեան եւ հայրենասիրութեան վսեմ օրինակներ շատ է տեսել: համաշխարհային գրականութիւնը մեծ ազգասէրերի բազում կերպարներ է կերտել, բայց սրանցից ոչ մէկը Պօղոսի առաքեալի օրինակին չի հասնի, քանզի շատերն են ազգի համար տւել իրենց կեանքը, հարստութիւնը, փառքը, ընտանիքը, բայց սա ազգի զոհասեղանին դրւեց իր յաւիտենական կեանքը, որը համեմատելի չէ այս կեանքի հետ, հրաժարւեց Քրիստոսի սիրուց՝ յանուն ազգի: Ահա մէջբերում եմ հռոմայեցիներին գրած իր նամակում «ճշմարիտ եմ ասում Քրիստոսով եւ չեմ ստում, իմ խղճմտանքն էլ ինձ Սուրբ Հոգով վկայում է, թէ ես մեծ տրտմութեան մէջ եմ եւ ցաւն անպակաս է իմ սրտից: Եւ պիտի ուզէի ինքս նզովւած լինել Քրիստոսից իմ եղբայրների ըստ մարմնի իմ ազգակիցների համար»: (9.1-3)
«Նզովւած լինել Քրիստոսից», ով՝ ով, բայց Պօղոս Առաքեալը, լաւ գիտէր այս խօսքերի գինը, Քրիստոսից նզովւած լինել, այսինքն յաւիտենական տառապանքներ, այսինքն յաւիտենական խաւար, յաւիտենական բաժանում Քրիստոսի սիրուց, որի մասին քիչ առաջ ասել էր, նոյն նամակի 8-րդ գլխի 38-39 համարներում: «Որովհետեւ համոզւած եմ, որ ոչ կեանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանութիւնները, ոչ զօրութիւնները ոչ ներկայ եւ ոչ էլ գալիք բաները, ոչ բարձրութիւնը, ոչ խորութիւնը, ոչ էլ մի ուրիշ արարած չեն կարող մեզ բաժանել Աստծոյ սիրուց, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի մէջ է»:
Արդեօք չէք կարծում, որ Վարդանանց խիզախ պատասխանը Յազկերտ 2-րդ թագաւորին, որ որոշել էր քրիստոնէութիւնը ջնջել Հայաստանից, նրանք վերցրել էին Հռոմէացիներին գրած նամակի 8.31-39 համարներից «…Ոչ հուր, ոչ սուր… կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց». կարդացէ՛ք Եղիշէի պատմութիւնը եւ այնտեղ կը տեսնէք, որ հայոց հոգեւորականները գլխաւորաբար, ջանք էին թափում Աստւածաշունչ Մատեանը ժողովրդին սովորեցնելու: Քաղաքական մեծերը, ինչպէս Վարդանը եւ միւս նախարարները, Աստծոյ երկիւղով ու աղօթքով էին իրենց որոշումներն առնում: Տիրոջ զօրութիւնը եւ Իր կամքը մուտք էր գործում նրանց առօրեայ կեանքի մէջ: Ժողովուրդը, իր ազգային ինքնագիտակցութիւնը յայտնում էր իր աստւածապաշտութեամբ: Յիսուս Քրիստոսն էր մեր նախահայրերի Տէրը:
Աւարայրի մարտը գուցէ հայոց պատմութեան ամենամեծ դէպքն է, քանի որ այն ցոյց է տալիս մեր ազգի յատկանիշները իրենց բովանդակ հարազատութեամբ՝ կրօնի եւ հայրենիքի սէր, քաջութիւն, աննւաճելի կամք, պայքարելու կորով եւ շինարար ոգի:
Վարդանանց պատերազմը զինւորական տեսակետից մի պարտութիւն էր բայց բարոյապէս նրանք յաղթանակ տարան, որովհետեւ թշնամին չկարողացաւ արմատախիլ անել նրանց հաւատքը, Աստւածապաշտութիւնը եւ աղօթասիրութիւնը: Այո, Վարդանը նահատակւեց ու մեռաւ, բայց նա չկորաւ, որովհետեւ աւարայրի ճակատամարտից յետոյ վարդանանց նոյն հոգին, Աստւածահաճոյ Սուրբ Հոգին եկաւ իր եղբօրորդի Վահան Մամիկոնեանի վրայ եւ թէպէտ Վարդանը յաղթւեց, բայց Վահանը ֆիդայական պատերազմներով շարունակեց նրա ճանապարհը մինչեւ որ 33 տարի Աւարայրից հետոյ, նոյն Պարսկական կայսրութեանը ծունկի բերելով նւարսակի դաշնագիրը ստորագրւեց, որ հային տւեց կրօնի ազատութիւն եւ պաշտօնապէս խոստացաւ չմիջամտել Հայոց կրօնական հարցերին: Քրիստոնէութիւն, ազգ եւ հայրենիք – ահա Վարդանանքի հերոսներից մեզ փոխանցւած աւանդը:
Կարդանք Աւետարանը, որ միայն անունով քրիստոնեայ չլինենք: Վահան Թէքէյեանը ինչ դիպուկ է արտայայտւել. «Վասն Յիսուսի, Վասն հայրենեայց, Վարդանի ձէնը հօն գոռաց»:
Վարդանանց պատերազմը, որ հազիւ մէկ օր տեւեց, մէկ օրւայ մէջ չսկսւեց, ոչ էլ մէկ կամ երկու տարիներ առաջ, այլ աւելի քան մի դար առաջւանից այն սկիզբ առաւ: Իրականութեան մէջ, քրիստոնէութիւնը իբրեւ ազգային կրօն հռչակւելուց յետոյ, հայ ժողովրդի կեանքը պիտի դառնար, ակամայ եւ պարտադիր, պատերազմների մի անհատում շարան՝ ներքին թէ արտաքին ճակատներում, մի տեսակ անխուսափելի ճակատագիր:
Բայց ինչպէս ասւեց, մեր ազգը Աստծոյ կողմից ընտրւած մի ազգ է: Եբրայեցիներին գրւած նամակի 11-րդ գլուխը խօսում է հաւատքի հերոսների մասին, եւ ես խորապէս հաւատացած եմ, որ եթէ Վարդանն էլ հրեայ ժողովրդին պատկանէր, իր անունն էլ կը յիշատակւէր այդ գլխի հերոսների շարանում:
Ուստի մենք եւս, որպէս Աստծոյ ազգ պէտք է զգոյշ լինենք, որ մեր մեղքերով Նրան վիշտ եւ անհանգստութիւն չպատճառենք: Նոյն «Եբրայեցիների» 12-րդ գլուխում այսպէս է շարունակում. «Ուրեմն մենք էլ, որ այսքան բազմաթիւ վկաներով ենք շրջապատւած, դէն գցենք ամէն խոչնդոտ եւ մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտութեամբ է պաշարում մեզ եւ համբերութեամբ պայքարենք մեզ ներկայացող փորձութիւնների դէմ: … եւ որպէսզի երբեք չյուսալքւենք ու չտկարանանք, մտաբերէք թէ Յիսոսն ինչպիսի համբերութեամբ կրեց մեղաւորների հակառակութիւնները: Դուք դեռ ձեր արիւնը թափելու չափ դիմադրութիւն ցոյց չտւեցիք մեղքի դէմ պայքարում»:
Գուցէ հարց առաջանայ թէ ինչպէս կարելի է Աստծոյ ազգը այսքան տառապանք կրել:
Նոյն տեղում, առաքեալը մէջ բերելով Առակաց գրքից շարունակում է. «Դուք նաեւ մոռացել էք այն յորդորը, որ ուղղւած է ձեզ իբրեւ որդիների. «Որդե՜ակ մի արհամարիր Տիրոջ խրատը եւ մի վհատւիր, երբ Նա յանդիմանի քեզ, որովհետեւ երբ Տէրը խրատում է նշանակում է թէ քեզ ընդունում է իբրեւ որդի»: (Առակաց 3.11-12): Ոստի համբերութեամբ ընդունենք Աստծու խրատը՝ իմանալով, որ Նա ձեզ հետ վարւում է հօր նման: Կա՞յ մի որդի, որ իր հօրից յանդիմանութիւն ստացած չլինի: Ընդհակառակը, եթէ Աստւած ձեզ չյանդիմանի, ինչպէս անում է Իր բոլոր որդիներին, նշանակում է, թէ դուք նրա որդիները չէք եւ խորթ էք Նրան. (ինչպէս թուրքերը): (Եբրայեցիներին 12.1–9): Իսկ Պօղոս առաքեալի Կորնթացիներին գրած առաջին նամակում (10.13) այսպէս է ասում. «Բայց վստահեցէք Աստծուն, Նա թոյլ չի տայ, որ ձեր կարողութիւնից աւելի փորձութեան ենթարկւեք, այլ փորձութեան մէջ անգամ ցոյց կը տայ ձեզ յաղթահարելու միջոցը, որպէսզի կարողանաք տոկալ»: Եւ հարիւրաւոր այսպիսի քաջալերանքի խօսքեր կան Աստւածաշնչում: Ո՞վ պիտի դրանք սովորեցնի մեր ժողովրդի անտեղեակ զաւակներին:
Այս առաջնահերթ պարտականութիւնը հայ եկեղեցու, մամուլի, դպրոցի, ուսուցչի եւ ի մասնաւորի հոգեւորականների եւ հայ մայրերի ուսերի վրայ է, որ տոհմային դաստիարակութիւն եւ հաւատք սերմանեն մեր զաւակներին: Եթէ նոր սերունդը հայերէն գրերի հետ միասին Աստծոյ գիտութիւնը սերտի, կը սիրի իր գիրն ու գրականութիւնը եւ պատմութիւնը եւ երբ մեծանայ, բանաստեղծի պէս պիտի ասի. «Ուր էլ լինեմ, չեմ մոռանայ աղօթք դարձած երկաթագիր գրերը մեր»:
Աստւած անցեալում հային պահեց կորստից, ներկայիս եւ ապագայում էլ մեզ հետ պիտի լինի: Պատմութիւնից գիտենք, թէ սատանան անընդհատ ջանացել է բնաջնջել մեր ազգը: Վարդանանց պատերազմի դէպքը, Մեծ Եղեռնի աղէտը, Արցախի դառն իրադարձութիւնը եւ մեր ազգին եկած այլ արհաւիրքներ, այդ փորձութիւններից են: Ուստի աւելի քան երբեք, ժամն է վերապրենք Վարդանանց խորհուրդը եւ փրկարար պատգամը: Եթէ Վարդանի նման միմեանց խոստովանենք մեր անհաւատարմութիւնը եւ ուխտենք Քրիստոսին նւիրել մեր կեանքը եւ Աստծոյ Խօսքը սերտենք ու գործադրենք այն եւ իրար սիրենք, այն ժամանակ Աստծոյ Սուրբ Խօսքի լոյսը կօգնի մեզ, որ մեր Փրկչի կամքը ընտրենք ու կատարենք, եւ Աստծոյ սպառազինութիւնը զօրութիւն կը տայ հաւատացողին, որպէսզի չնկնի նիւթապաշտութեան, անբարոյականութեան, յուսայատութեան, այլասիրութեան, ծուլութեան, թմրամոլութեան եւ տեսակ-տեսակ մեղքերի մէջ:
Անկասկած պիտի ասել, որ Վարդանը Սուրբ Գրքի եւ Մեսրոպ Մաշտոցի լաւագոյն աշակերտներից է եղել, եւ եթէ չսերէր Մամիկոնեան սպարապետական տոհմին՝ անտարակոյս Ղազար Փարպեցու, Եզնիկ Կողբացու, Մովսէս Խորենացու, Դաւիթ անյաղթի եւ… դասին կը պատկանար: Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից Կորիւն Սքանչելին իր «Վարք Մաշտոցի» գրքում անդրադառնում է, որ Հռովմեացիներին գրած նամակի 9.1-3 ի խօսքերը շատ խորը ազդեցութիւն է թողել Մեսրոպ Մաշտոցի վրայ, այնպէս որ նրա վրայ էլ. «Մեծ տրտմութիւն եւ անհատում ցաւ իր ազգի համար կար»:
Մեսրոպի համար Աւետարանի սերտելը եւ նրա ուսմունքը չիմացողներին բացատրելը պատիւ ու պարծանք էր, ինչպէս Հռովմեացիների նամակի 1.16-ում կարդում ենք. «Որովհետեւ ես Քրիստոսի Աւետարանն ամօթ չեմ համարում, քանի որ այն Աստծոյ զօրութիւնն է ամէն հաւատացողի փրկութեան համար, նախ՝ հրեայի եւ նոյնպէս յոյնի»:
Հարկ է այս կարեւոր կէտն էլ նկատի ունենալ, որ Յիսուսն էլ մեծ հայրենասէրնրի շարքին է պատկանում. օրինակ, երբ Նա Իր աշակերտներին ուղարկեց աւետարանելու, նրանց այսպիսի պատւէր տւեց եւ ասաց. «Հեթանոսների ճանապարհով չգնաք եւ սամարացիների քաղաքը չմտնէք, այլ գնացէք Իսրայէլի տան կորած ոչխարների յետեւից»: (Մատթէոսի Աւետարան 10.5,6)
Հաւատք դաստիարակելու մի ցայտուն օրինակ է Քանանացի (ոչ-հրեայ) աղջկայ բժշկումը (Մատ. 15.21-28): Քանանացի մի կին աղաղակում էր Յիսուսին, որպէսզի տանը սաստիկ տառապող իր աղջկան ողորմի: Յիսուսը նոյնիսկ չպատասխանեց, մինչեւ որ Իր աշակերտները խղճահարւած չմիջամտեցին: Յիսուսը պատասխանեց. «Ես չեկայ ուրիշների համար, այլ միայն Իսրայէլի տան կորած ոչխարների համար»: Կինն այս անգամ աւելի մօտեցաւ Յիսուսին եւ Նրան երկրպագելով ասաց. «Տէր օգնիր ինձ»: Յիսուսը դարձեալ պատասխանեց. «Լաւ չէ երեխաների հացը շների առաջ թափել»: Կինը պատասխանեց. «Ճիշտ է, Տէր, սակայն շներն էլ հենց Տիրոջ սեղանից թափւած փշրանքներով են սնւում»: Այդ ժամանակ Յիսուսն ասաց. «Ով կին մեծ է քո հաւատքը, թող քո ուզածի պէս լինի»: Եւ նոյն պահին աղջիկը բժշկւեց:
Այո, թէեւ Քրիստոսի փրկագործական առաքելութիւնը կրում էր տիեզերական բնոյթ, սակայն Նա յատուկ սիրով եւ նախանձախնդրութեամբ էր դիտում ի՛ր ազգի փրկութեանը:
Իսկ Պօղոս Առաքեալը այս սիրոյ եւ հոգատարութեան սկսզբունքի նախապատւութիւնը տալով իւրայիններին այսպէս է ասում. «Իսկ եթէ մէկը իւրաքանչիւրի եւ մանաւանդ իր ընտանիքի անդամների մասին հոգ չի տանում, նա իր հաւատն ուրացած մարդ է շատ աւելի վատ, քան անհաւատը» (Ա Տիմոթէոսին 5.8)
Ընտանիքին հոգ տանելը, որ սկսւում է ընտանիքից, հասնում է ցեղ-ժողովուրդ-ազգ, ամէն մէկի եւ յատկապէս իւրաքանչիւր քրիստոնեայի սրբազան պարտքն է:
Ուրեմն ազգասիրութիւնը աստւածաշնչային անառարկելի ուսուցում է: Յիսուսին ընդունած եւ Յիսուսով ապրել ցանկացող որեւէ քրիստոնեայ, հայ թէ օտարազգի, Աստւածաշնչի Խօսքերը հացի պէս կերած եւ ջրի պէս խմած պիտի լինի:
Այժմ ցանկանում եմ հարց տալ, թէ այդ ի՞նչ սատանայական մոլորութիւն է, որ տիրել է շատերի սրտերին ու մտքերին, ստիպելով նրանց կարծել, թէ Աստւածաշունչը կարդալ եւ սերտել ցանկացողները բողոքական են, իսկ ոմանք էլ այնքան հեռու են գնում, որ սատանայավայել համարձակութեամբ Առաքելական եկեղեցու նմանօրինակ զաւակներին դուրս են անում՝ իբրեւ անցանկալի անձեր:
Որքան կուզէի, որ գէթ մէկ օրով Սահակ – Մեսրոպներ, Վարդան – Ղեւոնդներ, Լուսաւորչի հոգով Շնորհալի – Նարեկացիներ ցած իջնէին՝ իրենց Աստւածաշունչ մատեանը ձեռքներին ու մեր մէջ վերստին արծարծէին հաւատի բոցերը Աստծոյ փառքի եւ մեր Առաքելական Եկեղեցու եւ ժողովրդի հոգեւոր լուսաւորութեան համար:
Նիւթը տրամադրել է Տ. ՄԵՍՐՈՊ ՔՀՆՅ. ՌԱԹԷՈՍԵԱՆ