Ընդհանուր տեղեկութիուններ Սիւնիքի մարզի մասին

Սիւնիքը յայտնի է եղել երկու անունով՝ Սիւնիք եւ Սիսական: «Աշխարհացոյցի» համաձայն այն Մեծ Հայքի 9-րդ նահանգն է, տարածւում է Հայկական լեռնաշխարհի հիւսիս-արեւելեան մասում, սահմանակից էր Այրարատ, Վասպուրական, Արցախ, Գուգարք, Ուտիք նահանգներին:
Սիւնիք նահանգը զբաղեցնում էր աւելի քան 15000 քառ.կմ տարածք եւ միջնադարում ունէր 1008 գիւղ, 43 բերդ, 48 վանք, Լեռնաշխարհը արտաքին աշխարհի հետ կապւած է եղել լեռնանցքներով եւ դժւարանցանելի ճանապարհներով: Ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղ-Աժդանականն է /3906մ/:
Յայտնի են նաեւ Բաղաց, Խուստուփ, Մեծ Իշխանասար, Արամազդ լեռնագագաթները:
Լեռնաշխարհի մարգագետինները, ճոխ արօտավայրերը յարմար են անասնապահութեան, իսկ գետահովիտները՝ երկրագործութեան զարգացման համար:
Զգալի տարածք են ընդգրկում անտառները, որոնցից են Մթնաձորը, Սոսու բնական եզակի անտառը:
Անտառներն հարուստ են եզակի բուսատեսակներով եւ կենդանիներով: Հայաստանի բնական հարստութիւններով աչքի ընկնող երկրամասերից է Սիւնիքը: Հնագոյն ժամանակներից այստեղ արդիւնահանւել են պղինձ եւ այլ գունաւոր մետաղներ:
Երկրամասն ունի ջրառատ գետեր, որոնցից խոշոր են Որոտանն ու Ողջին:
Սիւնիքը հնագոյն ժամանակներում ընդգրկւած է եղել Էրիոնի ցեղային միութեան, այնուհետեւ Ուրարտական պետութեան կազմում: Այս մասին վկայում են Ուրարտական արձանագրութիւնները եւ հնագիտական գտածօները:
Սիւնիքը IV դարից սկսած յիշատակւում է որպէս հզօր նախարարութիւն:
Սիւնեցիները «Զօրանամակի» համաձայն ամենահզօրն էին, ունէին 19400 հեծեալ: Սիւնիքի տէրը Արշակունեաց արքունիքում գրաւում էր I աթոռը:
Մարզպանութեան շրջանում Սիւնեցիները Սասանեան արքունիքում եւս ամենաբարձր գահն էին գրաւում:
Ստ. Օրբէլեան պատմիչը վկայում է, որ հայերից առաջինը քրիստոնեայ են դարձել սիւնեցիները եւ Սիւնիքում քրիստոնէութեան տարածումը կապւած է Բարդուղիմէոս առաքեալի հետ:
987 թ. Սիւնեաց գահերեց իշխան Սմբատը իրեն հռչակեց Սիւնիքի թագաւոր:
Սիւնիքի թագաւորութիւնը յայտնի է նաեւ Բաղաց կամ Կապանի թագաւորութիւն անունով:
Թագաւորութեան մայրաքաղաքը սկզբում Շաղատն էր, իսկ X դարի վերջերից սկսած՝ Կապանը: Սիւնիքի թագաւորութիւնը հայոց հողի վրայ վերջին պետականութիւնն էր: Այն պատմական ասպարէզից վերացաւ 1170 թ., երբ սելջուկները գրաւեցին Բաղաբերդը:
Հետագայում երկրամասում իրենց իշխանութիւնն են հաստատում հայ նախարարական տները՝ Օրբէլեաններն ու Պռոշեանները:
Սիւնիքի պատմութեան ծանր ժամանակներում սկսւում են մոնղոլական տիրապետութեան ժամանակ եւ շարունակւում երկար դարեր:
Երկրամասի քաղաքական եւ տնտեսական կեանքի համար դրական էր Մելիքական տների ձեւաւորումը: Մելիքները դարձան հայ ազգային ազատագրական պայքարի գաղափարախօսներ, շարժման մարտիկներ: Նշանակալից է Սիւնիքի յայտնի մելիքական տան ներկայացուցիչ Իսրայէլ Օրու դերը հայոց ազգային ազատագրական շարժման պատմութեան մէջ:
Հերոսական պայքարի էջեր գրւեցին Դաւիթ բէկի ժամանակ «1720-ական թւականներ», որի արդիւնքում Սիւնիքում ձեւաւորւեց հայկական իշխանութիւն:
1813 թ. Գիւլիստանի պայմանագրով Սիւնիքի մի զգալի մասը, իսկ 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրով երկրամասը ամբողջութեամբ անցաւ Ռուսաստանի տիրապետութեան տակ:
1905-1906 թթ. ինչպէս ամբողջ Անդրկովկասում, Սիւնիքում եւս, տեղի ունեցան հայ թաթարական բախումներ, որոնց ընթացքում երկրամասում ձեւաւորւած ռազմական ուժերը յաղթող դուրս եկան տեղի ունեցած մարտերում:
1918-1921 թթ. Սիւնիք-Զանգեզուրում ժողովրդական զանգւածները եւ ռազմական ուժերը թուրք ուժերի եւ բոլշեւիկեան Ադրբեջանի դէմ անհաւասար կռիւ էին մղում զօրավար Անդրանիկի, Արսէն Մելիք-Շահմազեանի, Սերգէյ Մելիք Եօլչեանի,Գ. Նժդեհի, Պօղոս Տէր Դաւթեանի, Սմբատ Թորոսեանի եւ միւսների գլխաւորութեամբ:
Խորհրդային իշխանութեան հաստատումից յետոյ 1921 թ. օգոստոսին կազմակերպւեց Զանգեզուրի գաւառը Գորիս կենտրոնով:
1930 թ. կազմակերպւեցին վարչական չորս շրջաններ՝ Գորիսի, Սիսիանի, Ղափանի, Մեղրու:
Զգալի է եղել Սիւնիքի եւ սիւնեցիների դերը հայրենական մեծ պատերազմի տարիներին:
1988-1993 թթ. Սիւնիքը յայտնւեց շրջափակման եւ պարտադրւած պատերազմի մէջ Ադրբեջանի հետ:
1995 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ-ում վարչատարածքային նոր բաժանման արդիւնքում ստեղծւեց Սիւնիքի մարզը, Կապան մարզկենտրոնով: