Հայաստան - ԱրցախՄշակութային

Բացւել է Շառլ Ազնաւուրի 100-ամեակին նւիրւած «Քեզ համար, Շառլ» ցուցադրութիւնը

Մայիսի 22-ին Ալեքսանդր Թամանեանի անւան ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցաւ «Քեզ համար, Շառլ» ժամանակաւոր ցուցադրութեան պաշտօնական բացումը:

Աշխարհահռչակ երգիչ ու կինոդերասան Շառլ Ազնաւուրի հարիւրամեայ յոբելեանին նւիրւած այս ցուցադրութիւնը ներկայացնում է շանսոնյէի կեանքին ու գործունէութեանը վերաբերող շուրջ 250 ցուցանմուշներ, որոնք ներառում են հազւագիւտ լուսանկարներ, պարբերականներ, ձայնապնակներ, ինչպէս նաեւ Ազնաւուրի մասնակցութեամբ նկարահանւած կինոնկարների ազդագրերի եզակի նմուշներ:

Ցուցադրութիւնը կազմակերպւել է Ucom ընկերութեան գլխաւոր տնօրէն Ռալֆ Եիրիկեանի եւ պատմական գիտութիւնների դոկտոր Հայկ Դեմոյեանի համատեղ ջանքերով ստեղծւած հաւաքածուի հիման վրայ:

Բազմաթիւ այցելուների մասնակցութեամբ տեղի ունեցած բացման արարողութեան ժամանակ ելոյթ ունեցան Ալ. Թամանեանի անւան ճարտարապետութեան ազգային թանգարանի տնօրէն Զարուհի Հայրապետեանը, Ucom ընկերութեան գլխաւոր տնօրէն Ռալֆ Եիրիկեանը եւ պատմական գիտութիւնների դոկտոր Հայկ Դեմոյեանը:

Իր խօսքում ցուցադրութեան համակազմակերպիչ Ռալֆ Եիրիկեանը նշեց. «Շառլ Ազնաւուրը այն արւեստագէտն է, որը զգալի հետք է թողել համաշխարհային մշակոյթի մէջ ու ստացել է մեծ ճանաչում ու սէր։ Բայց դրա հետ մէկտեղ նաեւ երբեք չի դադարել լինել հայ, հաւատարիմ մնալ իր երկրին, իր ազգին, երբեք անմասն չի մնացել մեր ուրախութիւններին ու դժւարութիւններին։ Այսօր ես ուրախ եմ եւ հպարտ եմ, որ կարողացել ել մասնակից դառնալ այսօրւայ միջոցառմանը, որը եւս նւիրւած է այդ մեծ հային, որը ներկայացնում է մեր հայկական ինքնութիւնը»:

Հայկ Դեմոյեանն իր ամփոփիչ խօսքում արձանագրեց. «Շառլ Ազնաւուրին իրաւամբ կարելի է համարել 20-21-րդ դարերի մարդ-խորհրդանշան: Նրա արւեստը, երաժշտութիւնն ու ձայնը յիշողութիւններ ու ապրումներ ծնող մոգական ուժ ունեն: Միլիոնաւոր մարդիկ հէնց Շառլ Ազնաւուրի ձայնով են վերապրում իրենց անցյալը, վերարժեւորում ներկան… Ազնաւուրի անցած ուղին մաքառումների ճանապարհ է, որի արդիւնքում ձեւաւորւել է նրա անհատականութիւնը` միլիոնաւոր մարդկանց համար թողնելով հսկայական մի ժառանգութիւն: Շառլ Ազնաւուրը Ֆրանսիան ու Հայաստանը կամրջող խորհրդանիշ է, որի իմաստն ու խորութիւնը ապագայ սերունդները դեռ երկար ժամանակ կը գնահատեն ու կը վերաիմաստաւորեն»:

Նախաձեռնողները նպատակադրւած են ցուցադրութեան աւարտից յետոյ ողջ հաւաքածուն նւիրաբերել Երեւանում գործող Շառլ Ազնաւուրի թանգարանին՝ մշտական ու ժամանակաւոր ցուցադրութիւններ կազմակերպելու համար:

Ցուցադրութիւնը գործելու է մինչեւ ս. թ. յուլիսի 22-ը, մուտքն ազատ է:

Related Articles

Back to top button