Նոր վարչապետի թեկնածուի անւան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ
Ակնյայտ է, որ վարչապետի փոփոխութիւնը շարժման հիմնական պահանջն է, պրոցեսի առաջին տրամաբանական հանգրւանը։ Եւ միանգամայն հասկանալի է լայն շրջանակների ու տարբեր խմբերի բնական հաւաքական պահանջը՝ լսել (ձեւակերպել, ընտրել, որոշել) նոր վարչապետի թեկնածուի անունը։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանը.
«Մենք գնում ենք դրան։ Սա է տրամաբանութիւնը, եւ սա է ուզում հասարակութիւնը։
Նոր վարչապետի թեկնածուի անւան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ՝ անկախ նրանից, թէ գործող իշխանութիւնն ինչ տեխնիկական խնդիրներ կը ստեղծի գրանցման շուրջ։ Գուցէ մենք սա հիմա լաւ չենք պատկերացնում, բայց դա լինելու է, եւ նոր իրավիճակը մեզ համար նոր խնդիրներ է ձեւակերպելու ու նաեւ աշխատանքի նոր հնարաւորութիւններ տալու։ Այն է՝ իշխանութիւնը միայն վարչապետը չէ, եւ խորքային փոփոխութիւնները, որոնց մասին է հէնց այս շարժումը, հնարաւոր չէ իրականացնել մէկ հոգու փոփոխութեամբ։ Իսկ հարցի միւս, նոյնքան կարեւոր կողմը պետական ներքին կայունութեան ապահովումն է, պետութեան ներքին հոմեոստազի ապահովումը։
Փոփոխութիւններ եւ կայունութիւն
Առաջին փուլի փոփոխութիւնները չեն կարող սահմանափակւել միայն վարչապետի փոփոխութեամբ։ Դա չի տայ բաւարար արդիւնք։ Ոչ ոք չի չեղարկել արտաքին ռիսկերը, եւ մենք դա 24 ժամ պէտք է յիշենք։ Արագ փոփոխութիւնների ծաւալը պէտք է ներառի.
1. Վարչապետի փոփոխութիւն
2. Անվտանգութեան խորհրդի կազմի փոփոխութիւն (որպէս կոլեկտիւ պատասխանատւութեան մարմին պէտք է ներառի գիտելիք ու փորձ ունեցող գործիչների՝ կարեւորագոյն հարցերը քննարկելու համար, ու որպէս հակակշիռ «նորերի» իշխանութեան)
3. Նախագահի փոփոխութիւն (չափազանց կարեւոր է պետական կարեւորագոյն ինստիտուտի վերակենդանացման ու ներքին հաշտութեան ու այլ կարեւոր պրոցեսների երաշխաւորը լինելու համար)
4. ԱԺ նախագահի փոփոխութիւն
Կայունութեան ապահովում
Վերը նշւած կետերի իրականացման պարագայում.
ա. ԱԺ-ն պէտք է շարունակի իր բնականոն աշխատանքը, եւ ՔՊ խմբակցութիւնը պէտք է շարունակի իր բնականոն աշխատանքը։
բ. Փոխնախարարների մակարդակով՝ ցանկութեան եւ ունակութիւնների դէպքում, պէտք է շարունակւի բնականոն աշխատանքը։ Այսինքն պէտք է ոչ թէ խնդիր չդնել, այլ առաւելագոյնս բացառել փոխնախարարների կադրային ջարդը։
գ. Պետական համակարգը, քաղծառայողների համակարգը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը։ Դա պետութեան համակարգն է, եւ ոչ՝ փոփոխւող իշխանութիւնների։
դ. Բացառւում է ուժային եւ իրաւապահ համակարգերում պատահական, անգամ՝ վաստակած «շարժման տղէրքի» նշանակումը։ Մենք 1991-ից դա գիտենք՝ ինչ է դա եւ ինչի է բերում։ Միայն մասնագետներ, պրոֆեսիոնալներ՝ համակարգի ներսից կամ համակարգերում աշխատած։
Նոր խաղի կանոններ
Ա/ Պետական համակարգ պէտք է վերադառնան փորձառու մասնագէտները, ովքեր անարդարացիօրէն հեռացւել են կամ չեն ցանկացել աշխատել այս կառավարութեան հետ (դիւանագէտներ, սպաներ եւ այլն)։
Բ/ Բացառել «արհեստական քւոտաւորւած մասնակցութեան» սկզբունքը՝ էսքան մարդ այսինչի կողմից, այսքան՝ այնինչի։ Եթէ փոփոխութիւնները կատարւում են համաժողովրդական ճնշման տակ, ապա «ֆորմալ ազդեցիկների» ինստիտուտը կորցնում է իր գինը։ Պետութիւնը կարիք ունի գրագէտ, ունակ մարդկանց, այլ ոչ թէ՝ սրա կամ նրա ներկայացուցիչների։
Գ/ Կոշտ ձեւով պէտք է կասեցւի ֆէյքերի ֆաբրիկայի գործունէութիւնը եւ սկսւի լուրջ բաց հետաքննութիւն՝ պարզելու համար, թէ ինչ մեխանիզմներով, ինչ փողերով, ինչ կազմերով է իրականացւել մեդիա տեռորը հայ հասարակութեան հանդէպ։ Սա շատ կարեւոր է՝ հասարակութեան սթափ բանականութիւնը վերականգնելու, ներքին հաշտութեան մթնոլորտի եւ առողջանալու պրոցեսի համար։
Դ/ Պէտք է բացառել որեւէ անհատական կամ ինստիտուցիոնալ վրէժ, անձնական քինախնդութիւն, անձնական հողի վրայ վատութիւն՝ նոր «նախկինների» դէմ։ Սա պէտք է լինի գերիշխող մթնոլորտը ու նաեւ՝ ուժայինների յստակ պարտականութիւնը»։