Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՀՀ իշխանութիւններն այս փուլում մտահոգութիւններ ունեն երկու գլխաւոր ուղղութեամբ, քանի որ պայմանաւորւածութիւններն անկայուն են թւում

2024 թ. մայիսի 10-ին եւ 11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Ջէյհուն Բայրամովի բանակցութիւնները: ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը եւ այդ ուղղութեամբ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները:

«Նախարարները եւ նրանց պատւիրակութիւնները շարունակել են «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման վերաբերեալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանաւորւել են շարունակել բանակցութիւնները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնութիւններ»,- ասւած էր երկօրեայ բանակցութիւնների մասին ՀՀ ԱԳՆ հաղորդագրութիւնում։

Մայիսի 13-ին ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ հանդիպումից յետոյ հրաւիրւած ասուլիսում Միրզոյեանը յայտարարեց, թէ գործընկերոջը ներկայացրել է Հարաւային Կովկասում առկայ իրավիճակը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցութիւնների վերջին փուլում եղած զարգացումները։

«Այս համատեքստում ընդգծել եմ նաեւ ապրիլի 19-ին երկու երկրների սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան յանձնաժողովների կողմից ամրագրւած պայմանաւորւածութիւնն առ այն, որ սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը պէտք է լինի 1991 թ. Ալմա Աթայի հռչակագիրը։ Երկու երկրների փոխվարչապետների այս պայմանաւորւածութիւնը, իհարկէ, ամրագրումն էր Հայաստանի Հանրապետութեան վարչապետի ու Ադրբեջանի նախագահի կողմից բազմաթիւ առիթներով տարբեր հարթակներում, տարբեր ձեւաչափերում, նաեւ առանձին, հրապարակաւ արտայայտած դիրքորոշման վերահաստատումն էր։

Դիրքորոշում այն մասին, որ, կրկին, 1991 թ. Ալմա Աթայի հռչակագիրը եւ 1991 թ. ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանները պէտք է լինեն երկու երկրների փոխադարձաբար տարածքային ամբողջականութեան ճանաչման եւ սահմանի սահմանազատման գործընթացի հիմքերը: Կը յիշէք՝ առաջին անգամ այս մասին ՀՀ վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը պայմանաւորւեցին Պրահայում 2022 թւականին, եւ դրանից յետոյ տարբեր առիթներով տարբեր հարթակներում, ինչպէս համատեղ, անձնապէս էլ առանձին հնարաւորութիւն են ունեցել վերահաստատել այս սկզբունքը, եւ մենք համոզւած ենք, որ հէնց այս նոյն սկզբունքի՝ խաղաղութեան պայմանագրում ամրագրմամբ եւ հէնց խաղաղութեան պայմանագրի կնքմամբ կարող է վերջ տրւել երկարամեայ այս հակամարտութեանը եւ կայուն խաղաղութիւն եւ երկարատեւ խաղաղութիւն հաստատւել տարածաշրջանում:

Իհարկէ, կան խաղաղութեան այլ բաղադրիչներ եւս, եւ դա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցւածքների ապաշրջափակումն է: Մենք հանդէս ենք եկել մեր տեսլականով՝ «Խաղաղութեան խաչմերուկով». մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ նաեւ շահագրգռւած ենք վերահաստատել տրանսպորտային հաղորդակցութիւնը, մասնաւորապէս առաջին փուլում երկաթուղային հաղորդակցութիւնն Ադրբեջանի հետ՝ իհարկէ, հասկանալով, որ բոլոր ենթակառուցւածքները կը մնան այն երկրների ինքնիշխանութեան ներքոյ, որոնց տարածքով անցնում են, կը գործեն այդ երկրի իրաւազօրութեան համաձայն: Իհարկէ, կարգաւորումները կը լինեն փոխադարձ եւ հաւասարութեան սկզբունքին համապատասխան»,- ասաց Միրզոյեանը, ըստ էութեան խօսելով սահմանազատման, ինչպէս նաեւ՝ ապաշրջափակման մասին։

Ի դէպ, ուշագրաւ է նաեւ այն հանգամանքը, որ խօսելով ՀՀ-Ադրբեջան կայուն եւ տեւական խաղաղութեան ձեռքբերման մասին՝ նախագահող Բորջը նշեց, որ այն հնարաւոր է միայն հաւասարը հաւասարի սկզբունքը պահելու դէպքում։

Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եւսէեւը 168.am-ի հետ զրոյցում ասաց, որ, հետեւելով այն ամենին, ինչ կատարւում է Երեւանում, բանակցութիւնների նկատմամբ հետաքրքրութիւնն աւելանում է, քանի որ հայաստանեան ներքաղաքական իրադարձութիւնները եւ բողոքի նոր ալիքը հէնց այդ գործընթացի դէմ է։

Նրա որակմամբ, երկօրեայ բանակցութիւնները կայացան, սակայն դրա արդիւնքների մասին բարդ է դատել։

Առաջին հերթին, վերլուծաբանի խօսքով, այն պատճառով, որ ՀՀ ԱԳ նախարարն իր խօսքում կարծես անդրադառնում է այն թեմաներին, որոնց հարցում համաձայնութիւնը վերջնական չէ եւ կայ կասկած, որ դրանք խախտւելու են։

Փորձագէտն իր հերթին՝ առանձնացրեց Միրզոյեանի՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրայ տեղի ունեցող սահմանազատման վերաբերեալ անդրադարձը, ինչպէս նաեւ ապաշրջափակմանը մասնակից երկրների ինքնիշխանութեան ներքոյ ճանապարհների ձեւաւորումը։

«Կարծում եմ՝ այս երկու բաղադրիչի մասով էլ հայկական կողմում ունեն մտահոգութիւններ եւ վերջնական պայմանաւորւածութիւններ չկան, սա է պատճառը, որ անընդհատ այս նոյն շեշտադրումներն արւում են։ Իսկ ինչո՞ւ չկան, քանի որ Ադրբեջանը գտել է նպատակներին հասնելու տարբերակը եւ այս դէպքում նոյնիսկ պայմանաւորւածութիւնն էական էլ չէ, քանի որ դա խախտւում է ու չի ունենում որեւէ հետեւանք, աւելին՝ հայկական կողմի դիմադրութիւնը նկատելի չէ։ Ուստի, իմ տպաւորութեամբ, գուցէ կան պայմանաւորւածութիւններ, սակայն դրանք կայուն ու վերջնական չեն ոչ սահմանազատման քարտէզների, ոչ ապաշրջափակման դէպքում՝ նոյնիսկ նախարարների բանակցութիւններից յետոյ»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, տպաւորութիւն է, որ որքան շատ հարցերի շուրջ հայկական կողմը համաձայնութիւն է տալիս, այնքան շատ նոր խնդիրներ են ի յայտ գալիս եւ հարցերը կոշտ դրւում, ինչպիսին, այսպէս կոչւած, միջանցքի հարցն է։

«Յետպատերազմեան ընթացքում ՀՀ-ն գրեթէ որեւէ հարցում Ադրբեջանի հետ բանակցութիւններում իր օրակարգը չի կարողացել հաստատել։ Թերեւս, մեծ ոգեւորութեամբ խօսում են Ալմաթիի հռչակագրից, սակայն այդ պայմանաւորւածութեան կայունութիւնը ցոյց կը տայ ժամանակը։ Իսկ գործընթացն իրականում Հայաստանի համար բարդ, ծանր է թւում։ Վստահ եմ, որ սրանում իր դերակատարութիւնն ունի նաեւ ՀՀ արտաքին քաղաքականութիւնը, շրջադարձը, Հայաստանի՝ Ռուսաստան-Արեւմուտք ընտրութիւնից եւ դրա հետեւանքներից փորձում է օգտւել Ադրբեջանը։ Ուստի կողմերի միջեւ խնդիրները պահպանւում են ոչ միայն բովանդակային բնոյթի, այլեւ աշխարհաքաղաքական հարցերում, եւ կրկին մօտ շրջանում լուրջ առաջընթացը բարդ է թւում։ Կարծում եմ, Ալմաթիում նախարարներին յաջողւել է որոշ հարցեր քննարկել, աւարտուն տեսքի բերել, սակայն այս երկու բաղադրիչով անկայունութիւնը նկատելի է հայկական կողմի ձեւակերպումներում»,- ասաց նա։

Related Articles

Back to top button