
«ԱԼԻՔ» – Համալսարանի միջազգային իրաւունքի դասախօս դոկտ. Ահմադ Քազեմին «Ուրմիան եւ Խոռամշահրի ազատագրման էպոսը» կոնֆերանսում նշել է, որ Խոռամշահրի ազատագրման էպոսը պարտական է իրանական հողի բոլոր նահատակների արեանը, այդ թւում՝ Արեւմտեան Ատրպատական նահանգի տասներկու հազարից աւելի ազերի, քուրդ, սուննի, քրիստոնեայ հայ ու ասորի եղբայրների, ինչպէս նաեւ բոլոր իրանցիների, ովքեր դեր են խաղացել իրանական ազգի սրբութիւն համարւող պաշտպանութեան գործում, յատկապէս, 107 հերոս նահատակների, ովքեր Արեւմտեան Ատրպատական նահանգից էին եւ օր առաջ մեկնել էին Խոռամշահրի ազատագրման գործողութեանը։
Համաժողովը նախաձեռնւել էր Փոքրամասնութիւնների իրաւունքների հետազօտութիւնների կենտրոնի կողմից, ոչ կառավարական եւ կառավարական կազմակերպութիւնների մասնակցութեամբ, որին մասնակցել են երկրի տարբեր շրջաններից հարիւրաւոր մարդիկ, 8-ամեայ պաշտպանութեան վետերաններ, Արեւմտեան Ատրպատական եւ Խուզեստան նահանգներից քաղաքական ու մշակութային գործիչներ, ինչպէս նաեւ կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչներ:
Համաժողովը տեղի է ունեցել Ուրմիայի «Միասնութեան» դահլիճում, որտեղ դոկտ. Քազեմին ներկայացնելով «Իրանի տարածքային ամբողջականութեան պաշտպանութիւնը՝ երէկ, այսօր եւ վաղը» թեման, ընդգծել է դաւանանքի, անձնուրացութեան եւ հայրենասիրութեան դերը պշտպանութեան հարցում եւ յաւելել. « Իրանցիների միասնութիւնը հազարամեկաների պատմութիւն ունի: Սա ինքնութեանը բնորոշ վարքագիծ է, որն օժտւած է նշածս այդ երեք առանձնայատկութիւններով: Այս առանձնայատկութիւններից՝ իրանական հայրենասիրութիւնն ունի հազարամեակների պատմութիւն եւ յատուկ հետաքրքրութիւն է ներկայացնում աշխարհի համար՝ պայմանաւորւած իրանական ազգի կողմից իր հողի եւ ինքնութեան պաշտպանութեան պատմական առաքելութեան կատարման դերով՝ նախորդ դարաշրջաններից մինչեւ Խոռամշահրի ազատագրումը եւ դրանից յետոն»։
Նա յաւելել է. «Իրանցիների այս առանձնայատկութիւնները դրսեւորւել են պատմութեան ընթացքում՝ Հառանի (Հռոմէացիների արշաւանքի դէմ) պատերազմից մինչեւ Չալդրան, Թուրքմենչայից ու Գոլեստանից մինչեւ Խոռամշահր, եւ Խոռամշահրից մինչեւ շիաների սրբավայրերի պաշտպանութիւնը, «Դիմադրութեան առանցք»-ում ։ Այս բոլոր պատերազմներում մենք ունենք մէկ ընդհանուր առանձնայատկութիւն. մենք եղել եւ մնում ենք խաղաղասէր ազգ, որը երբէք չի ձգտել ագրեսիայի կամ տարածքային ընդլայնմանը»։
Միջազգային իրաւունքի աւագ փորձագէտը յաւելել է. «Հին պարթեւական ժամանակաշրջանում, Հարանի պատերազմի ժամանակ, մ.թ.ա. 53 թւականին, պատմութեան մէջ ամենամեծ ռազմական արշաւը՝ Հռոմէական կայսրութիւնն է իրականացրել քառասուներկու հազար զօրք ուղարկելով Իրան: Այդ ժամանակ իրանական բանակը, տասը հազար զօրքով այն տարածքում, որն այսօր գտնւում է Թուրքիա կոչւող Շանլիուրֆա նահանգում, խաղաղութիւն առաջարկեց թշնամուն, բայց թշնամին իրականում յայտարարել էր ներխուժելու իր որոշման մասին: Արդիւնքում քաջարի իրանցի զինւորները պաշտպանեցին երկրի տարածքը յետ մղելով թշնամուն: Նոյնը մենք տեսնում ենք 1514 թւականին Չալդրանի ճակատամարտում՝ նոյն փառայեղ Արեւմտեան Ատրպատական նահանգում, որտեղ երեսուն հազար իրանցիներ, այդ թւում՝ քաջարի ատրպատականցիները, քուրդ եղբայրների եւ այլ իրանցիների հետ թեւթիկունքի, քաջաբար կռւեցին օսմանեան թուրքերի դէմ ՝ Շահ Էսմայիլ Սաֆաւիի առաջնորդութեամբ: Այս պատերազմում իրանցիների ցուցաբերած անձնազոհ քաջութիւնը յայտնի է բազմաթիւ եւրոպացի եւ համաշխարհային ճանապարհորդների արձանագրութիւններում»։
Փոքրամասնութիւնների իրաւունքների հետազօտութիւնների կենտրոնի նախագահը յաւելել է. «Չալդրանի պատերազմի հայրենասիրական, ազգային, կրօնական եւ պատմական դերը իրանցիների ազգային համերաշխութեան հարցում, այսօր, այնքան մեծ է, որ նոյնիսկ Չալդրանում ռազմական յաղթանակ տարածների ժառանգները, յիշելով այդ պատերազմն ու իրենց սեփական յաղթանակը, իհարկէ, անտեղի յոխորտանքով, փորձում են մխիթարել խորքային պարտութիւնը, թէ ինչու Իրանը չկոտրւեց ու չմասնատւեց եւ պահպանեց իր ինքնութիւնը Չալդրանում կրած պարտութեան արդիւնքում։ Նոյն իրավիճակն ունենք նաեւ Գոլեստանի եւ Թուրքմենչայի ամօթալի պայմանագրերին հանգեցրած պատերազմներում: Մարտեր, որոնցում նահատակւեցին շուրջ երկու հարիւր հազար իրանցիներ, եւ Կովկասը բաժանւեց Իրանից արիւնահեղ պատերազմի արդիւնքում: Իրականում, պարտադրւած պատերազմի ու «սրբազան պաշտպանութեան» նոյն փորձն է իրականացրել Իրանի զօրքը Աբբաս Միրզայի հրամանատարութեամբ ։ Այդ ժամանակ մենք կանոնաւոր բանակ չունէինք, բայց մարդիկ կամաւորագրւեցին հայրենիքի պաշտպանութեան համար եւ ինքնուրոյն զօրահաւաք արեցին։ Աբբաս Միրզան իր բանակը հաւաքեց Իրանի այս նոյն քաղաքներից՝ Թաւրիզից, Ուրմիայից եւ Արդաբիլից, եւ Կովկասի բազմաթիւ այլ քաղաքներից: Երեւանից մինչեւ Գեանջա վերածւել էր Իրանի եւ ցարական Ռուսաստանի միջեւ մարտադաշտի: Այդ մարտերից շատերում կամաւորական բանակը յաջողութիւններ էր գրանցում հաւատքի, գիտակից տարրի ներկայութեան եւ ժողովրդի աջակցութիւնն ունենալու համար: Սակայն, ի վերջոյ, Հրամատարների անարդիւնաւէտութեան եւ որոշ արտաքին ու գործօնների պատճառով, Իրանին պարտութիւն պարտադրւեց: Չնայած դրան, իրանցիների պատմական դիմադրութիւնը եւ Կովկասի կորցրած շրջանների պատմական կարօտը շարունակւում էր, եւ իրանական ազգի փառահեղ Իսլամական յեղափոխութիւնից յետոյ իրանցիների այս դիմադրութեան եւ համերաշխութեան ոգին դրսեւորւեց պարտադրւած պատերազմում ու Խոռամշահրի հերոսամարտում: Տիրոջ փառաբանմանը թող արժանանայ նահատակ Մոհամմադ Ջահանարան, ով Խոռամշահրը պաշտպանելու համար իր քառասունհինգօրեայ դիմադրութեամբ պատմական մեծագոյն պատիւը բերեց բոլոր իրանցիներին»:
Փոքրամասնութիւնների իրաւունքների հետազօտութիւնների կենտրոնի ղեկավարը յաւելել է. «1823 թւականին Իրանի եւ օսմանցիների միջեւ Արզնէ ալ-Ռումի պայմանագրից յետոյ Խոռամշահրը չորս անգամ բռնազաւթւել է: Մէկ անգամ օսմանցիների, երկու անգամ՝ բրիտանացիների եւ վերջապէս՝ Սադդամի ռեժիմի կողմից Իրանին պարտադրւած պատերազմի ժամանակ։ Սակայն Խոռամշահրի չորրորդ օկուպացիայից ազատագրումը հիմնարար կերպով տարբերւում է նրա նախորդ հերոսամարտերից։ Արզնէ ալ-Ռումի պայմանագրից առաջ, երբ օսմանեան սուլթանները, հետեւելով իրենց հայրերի ոճին, ձգտում էին ռազմական ագրեսիա իրականացնել Իրանի դէմ, Խոռամշահրի վրայ օսմանեան ներխուժումը հանդիպել է իրանական դիմադրութեանն ու ագրեսորների պարտութեանը: Այդպէս օսմանցիները ընդունեցին Արզնէ ալ-Ռումի պայմանագիրը։ Սակայն որոշ ժամանակ անց մենք կրկին ականատես ենք լինում Խոռամշահրի օկուպացիային, եւ ժամանակի ընթացքում Խոռամշահրը ազատագրելու համար Իրանը ստիպւած եղաւ հրաժարւել Սուլէյմանիէից։ Հետագայում, երբ բրիտանացիները գրաւեցին Խոռամշահրը, մենք կրկին ստիպւած եղանք ներկայիս Աֆղանստանի Հերաթը զիջել բրիտանացիներին՝ Խոռամշահրը եւ այս կողմում գտնւող Բուշեհրը ազատագրելու համար։ Իսկ «սրբազան պաշտպանութեան» մեր քաջարի զինւորների պատւաբեր հերոսութեան շնորհիւ ազատագրւեց Խոռամշահրը՝ առանց թշնամուն երկրի որեւէ ծայրում հող ու տարածք զիջելու»:
Դոկտ. Քազեմին ընդգծել է. «Գերագոյն առաջնորդը 1989 թւականի յուլիսի 13-ի իր ուրբաթօրեայ աղօթքի ելոյթի ժամանակ յայտարարել է, որ մեր ուժն ու զօրութիւնը կը բացայայտւի, յատկապէս, երբ ազգային միասնութիւն դրսեւորենք»: Դոկտ. Քազեմին նշել է, որ գերագոյն առաջնորդը կարեւորելով ազգային միասնութիւնը նշել է, որ այն գալիս է ազատամիտ կրօնից ու դաւանանքին հաւատարիմ մնալուց, ինչպէս նաեւ հին պարսկերէն լեզւից մինչեւ հին Նորուզի աւանդոյթն ու իրանական ազգի ընդհանուր պատմական փորձից: «Սրանք են, որ կարող են ստեղծել մեր ազգային իշխանութեան եւ զօրութեան հիմքերը: Քանի շարունակում ենք պահպանել այն, թշնամին չի կարող ունենալ որեւէ տեսլական կամ ագահութիւն մեր հողի ու մեր քաղաքակրթական ինքնութեան նկատմամբ»,- մէջբերելով այաթ. Խամէնէիի ելոյթից նշել է դոկտ. Քազեմին:
Համալսարանի միջազգային իրաւունքի դասախօսը յաւելել է. «Վերջերս տեղի ունեցած պատմութեան եւ Պարսից ծոցի յաւերժական անւանումը փոխելու Թրամփի որոշման քննարկման ժամանակ մենք տեսանք, որ իրանցի ժողովրդի միասնական արձագանքը՝ թէ՛ երկրի ներսում, թէ՛ դրսում, լռեցրեց թշնամիներին, նրանց նահանջ պարտադրելով: Թշնամին ձգտում է թուլացնել մեզ, եւ հէնց զգաց այդ թուլութիւնը մեր մէջ, բացայայտում է իր նկրտումներն ու ներքին մտադրութիւնները: Իհարկէ, այս գործընթացում Արեւմուտքը կամ միւս կողմը բացառութիւն չեն: Մենք ականատես եղանք 1403 թւականին երեք կղզիների վերաբերեալ քննարկմանը՝ Եւրամիութեան քաղաքական չհիմնաւորւած յայտարարութիւնը Պարսից ծոցի հարաւային եզրի շէյխերին ձայնակցելով, որով իրանական կղզիները անւանել էին օկուպացւած տարածք եւ պահանջել Իրանի դուրսբերումը: Մինչդեռ, ըստ էութեան, միջազգային իրաւունքը, ՄԱԿ-ի կանոնադրութիւնը եւ Իրանի ու Շարջէի միջեւ կնքւած համաձայնագրերը 1992 թւականին ճշգրտել են այս կղզիների հետ կապւած իրավիճակը: Մենք նաեւ ականատեսն ենք եղել Չինաստանի ու Ռուսաստանի զարմանք պատճառող քայլերի, որոնք Իրանին հրաւիրել էին այս կապակցութեամբ համաձայնւել բանակցութիւնների՝ միջազգային իրաւունքի հիման վրայ, ինչը լիովին անտրամաբանական ու անօրինական քայլ էր: Նրանք այս անտրամաբանական խնդրանքն արեցին, մինչդեռ այդ երկրները պատրաստ չեն բանակցել այն տարածքների շուրջ, որոնք իրենց չեն պատկանում եւ իրականում օկուպացրել են, բայց արի ու տես, որ հրաւիրում են բանակցել այն տարածքի համար, որն Իրանի անվիճարկելի տարածքն ու մասն է կազմում: Բնական կը լինի ասել, որ Իրանը նոյնպէս հրաւիրում է նրանց բանակցել բազմաթիւ հարցերի շուրջ՝ Ղրիմի թերակղզուց մինչեւ Մակաօ, Տիբեթ եւ Թայւան»:
Դոկտ. Քազեմին յաւելել է. «Այսօր թշնամու հիմնական նպատակը Իրանի ազգային մտածելակերպով իշխանութեանը ոչնչացնելն է: Մենք ականատեսն ենք թշնամու կողմից ծրագրւած տարածաշրջանային մեծ նախագծերի՝ անգլօսաքսոնական ձեռագրով, այդ էլ այս ժամանակահատւածում, որն անւանել են նոր աշխարհակարգի անցումային շրջան: Դա տարածաշրջանը էթնիսիզմի հիման վրայ պառակտելու եւ մասնատելու մեխանիզմներով է առաջնորդւում: Այս ծրագրի իրականացումը սկսւել է Սիրիայից, եւ հէնց որ Սիրիան անցաւ Գոլանի խմբի ձեռքը, մենք ականատեսը եղանք Սիրիայի բաժանմանը առնւազն հինգ մասերի: Վերջերս Թրամփը յայտարարեց, որ Սիրիայի նկատմամբ սահմանւած պատժամիջոցները յետ կը վերցնի՝ պայմանով, որ փոքրամասնութիւնների կենսապայմանները բարելաււեն: Արդեօ՞ք ԱՄՆ-ն ձգտում է աջակցել փոքրամասնութիւններին Սիրիայում: Ամերիկայի մարդու իրաւունքների եւ փոքրամասնութիւնների վերաբերեալ մօտեցումը յստակ է: ԱՄՆ-ն ձգտում է բաժանել Սիրիան: Ամերիկայի կարծիքով, այս տարածաշրջանում չպէտք է լինի ուժեղ եւ միասնական երկիր, որպէսզի սիոնիստական ռեժիմի համար սպառնալիք չլինի։ Նրանք փորձում են իրականացնել այս ծրագիրը, որն սկսել են Սիրիայից: Այն գործելու է նաեւ Իրաքի ու Թուրքիայի դէմ, որն այսօր կարծում է, որ Սիրիայում իր համար պատմական հնարաւորութիւն է ստեղծւել։ Թուրքերը նոյնպէս յայտնւել են բաժանման ծրագրի այդ հերթում»:
Փոքրամասնութիւնների իրաւունքների հետազօտական կենտրոնի ղեկավարը եզրակացրել է. «Թշնամիների այս ծրագրին՝ տարաձայնութիւններ սերմանելու եւ տարածաշրջանի երկրները բաժանելու համար, պարզ է, որ մենք պէտք է ամրապնդենք Իրանի ազգային միասնութիւնը եւ դիմակայենք այն գործօններին, որոնք խաթարում են ազգային միասնութիւնը ժողովրդի հետ: Պէտք է դա բացատրենք լրատւամիջոցներին, եւ պէտք է օգտագործենք համաշխարհային փորձը եւ, իհարկէ, մեր իսլամական մօտեցումը եւ քաղաքակրթական ժառանգութիւնը՝ ձգտելու պաշտպանել մեր սեփական կրօնական, մշակութային հարստութիւնը։ Այս գործընթացում, բնականաբար, անհրաժեշտութիւն է երկրի բոլոր նահանգներում զարգացման վրայ կենտրոնանալը, այդ թւում՝ Արեւմտեան Ատրպատականում՝ որտեղ այս հանդիպումն է գնում: Արեւմտեան Ատրպատական նահանգն իսկապէս ունի եզակի դիրք, ոչ միայն մշակութային ու կրօնական բազմազանութեան, այլեւ տնտեսական կարողութիւնների եւ աշխարհաքաղաքական դիրքի առումով։ Նահանգ, որը կազմում է երկրի տարածքի շուրջ երեք տոկոսը, բայց երկրի ցամաքային սահմանների աւելի քան տասնվեց տոկոսն է պատկանում այս նահանգին եւ այն հարեւան է երեք երկրների հետ: Եթէ մենք տասնհինգ կիլոմետր հեռանանք նահանգից, հասնելու ենք չորրորդ երկրի՝ Հայաստանին: Արեւմտեան Ատրպատականը գտնւում է դէպի Եւրոպա էներգետիկ եւ տարանցիկ միջանցքի կենտրոնում եւ իր հին պատմութեան շնորհիւ մեծ ներուժ ունի զբօսաշրջութեան ոլորտում։ Այս ամէնը պէտք է գործի դրւի, եւ նրանք, ովքեր այսօր մտահոգւած են այս նահանգի զարգացմամբ ու առաջընթացով, բնականաբար պէտք է հետապնդեն այն, ինչը բխում է այս նահանգի ժողովրդի շահերից, այն է՝ կայունութիւն ու զարգացում: Իսկ եթէ կայ մէկը, ում դիրքորոշումն իրականում հակասում է ազգային միասնութեանը, ապա այդ անձը, կամայ թէ ակամայ, ծառայում է նոյն անգլօսաքսոնական կարգերի հաստատմնաը»: