Կիրակի, մայիսի 12-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպան՝ դոկտ. Շաֆիղ Տայուպին եւ նրան ընկերակցող Թեհրանում Սիրիայի դեսպանատան լիազօր նախարար՝ դոկտ. Մոհամմադ Թաուֆիք Աբու Գալունին եւ դեսպանատան երրորդ քարտուղար՝ Ղադիր Սալմանին:
Հանդիպմանը ներկայ էր Սրբազան Հօր հրաւէրով քաղաքում գտնւող՝ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը:
Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ իր ուրախութիւնը յայտնեց քաղաքավարական այցի առիթով:
Դեսպանը, իր բարեմաղթանքները փոխանցեց Քրիստոսի Յարութեան տօների առիթով նաեւ զօրակցութիւն յայտնեց հայ ժողովրդին Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի կապակցութեամբ եւ շեշտեց, որ Սիրիայի հայ համայնքը ամենահաւատարիմ քաղաքացիներն են սիրիական հայրենիքի։
Սրբազան Հայրն իր կարգին շեշտեց, որ հայ ժողովուրդը միշտ երախտապարտ է սիրիական հայրենիքին եւ արաբ ժողովրդին, որ Հայոց Ցեղասպանութեան տարիներին տէր կանգնեց մեր ժողովրդին։
Հանդիպման ընթացքում խօսւեց հայ-սիրիական պատմական-մշակութային յարաբերութիւնների եւ սիրիական տնտեսութեանը եւ ճարտարարւեստին բերած հայ ժողովրդի ներդրման մասին։
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ