ԹեհրանՀամայնք

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ Իսլամական Ազատ համալսարանի Էլեկտրոնային միաւորի միջեւ համագործակցութեան յուշագրի ստորագրում

Երկուշաբթի, մայիսի 6-ին, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի եւ Ազատ համալսարանի Էլեկտրոնային միաւորի տնօրէն, կիբերտարածութեան խորհրդի քարտուղար եւ Իսլամական Ազատ համալսարանի տնօրէնի խորհրդական՝ դոկտ. Ազիզ Նաջաֆփուր Աղաբէգլուի ներկայութեամբ համատեղ հանդիպում կայացաւ Ազատ համալսարանի Էլեկտրոնային միաւորի կենտրոնում:

Հանդիպմանը նաեւ ներկայ էին Թեմական խորհրդի անդամ՝ Անի Միրզախանեանը, Ուսանողական ֆոնդի մարմնի ատենապետ Ալբերտ Լազարեանը, Ֆակուլտետների հարցերով Էլեկտրոնային բաժնի տնօրէնի տեղակալ՝ դոկտ. Ալի Աքբար Ջաբերի Մողադամը, Զարգացման եւ Էլեկտրոնային միաւորի ռեսուրսների կառավարման փոխտնօրէն՝ Նիքնամէ Էսմաիլ Զադէն, Էլեկտրոնային միաւորի հասարակայնութեան հետ կապերի տնօրէն՝ Միլադ Արջամանդին:

Սոյն հանդիպմանը ստորագրւեց համագործակցութեան յուշագիր կողմերի միջեւ համագործակցութիւնը գործունակ եւ արդիւնաւէտ դարձնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում դոկտ. Ազիզ Նաջաֆփուր Աղաբէգլուն անդրադառնալով համագործակցութեան ձեւաչափերին եւ տարողութիւններին նշեց, որ էլեկտրոնային միաւորն ունի ամենաորակեալ առցանց կրթական համակարգերը եւ հարթակը երկրում, նաեւ յաւելեց, որ էլեկտրոնային միաւորի գիտահետազօտական ​​եւ տեխնոլոգիական բաժնի ակտիւ կենտրոններից է արդիւնաբերութեան հետ կապի բաժինը, որը աշխատանքի ապահովման նպատակով, աչալուրջ փորձում է փոխգործակցութիւն եւ համագործակցութիւն ստեղծել Էլեկտրոնային միաւորի շրջանաւարտների եւ աշխատաշուկայի միջեւ։ Այս առումով միաւորում ստեղծւել է գիտելիքների եւ հմտութիւնների տարբեր ոլորտներում կարճաժամկէտ մասնագիտացւած վերապատրաստման դասընթացներ, որը ապահովում է համալսարանի շրջանաւարտների համար անհրաժեշտ եւ լրացուցիչ ուսուցումը՝ աշխատաշուկայ մուտք գործելու համար: Նա նաեւ ընգծեց, որ Էլեկտրոնային միաւորի կարեւորագոյն նպատակներից է՝ երկրի բոլոր մարդկանց որակեալ կրթութեան հասանելիութիւնը։

Այնուհետեւ, Էլեկտրոնային միաւորի ռեսուրսների կառավարման փոխտնօրէն՝ Նիքնամէ Էսմաիլ Զադէն առցանց ուսուցման դրական կէտերին եւ առաւելութիւններին անդրադառնալով յայտնեց, որ յուշագրում նշւած համագործակցութեան իւրաքանչիւր առանցքն ապահովում է փոխգործակցութեան լայն շրջանակ՝ ուսանողների հաւաքագրման, կարճաժամկէտ վերապատրաստման, ինչպէս նաեւ ենթակառուցւածքների եւ տեխնիկական հնարաւորութիւնների ապահովման ոլորտում:

Հանդիպմանը Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, անդրադառնալով կառոյցի դրւածքին, ընդհանուր բացատրութիւն ներկայացրեց տարբեր ոլորտների, մասնաւորապէս Ուսանողական ֆոնդի մարմնի գործունէութեան մասին, որը անմիջական առնչութիւն ունի համալսարանին եւ ուսանողներին եւ հնարաւորութիւն կունենայ համագործակցել Էլեկտրոնային միաւորի հետ: Նա յոյս յայտնեց, որ յարմարագոյն հնարաւորութիւնները ընձեռնւի ստեղծւած դրական պայմանները լաւագոյնս օգտագործելու համագործակցութեան եւ բարձրագոյն ուսման ձգտող աշակերտութեան, Ազատ համալսարանի Էլեկտրոնային միաւոր ուղղորդելու համար:

Հանդիպման աւարտին յուշանւէր յանձնւեց Թեմական խորհրդին եւ յոյս յայտնւեց, որ յուշագիրը հիմք կը հանդիսանայ համատեղ համագործակցութեան ընդլայնման համար։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ

Related Articles

Back to top button