Աւետիք Իշխանեան. «Ֆրանսիայի համար առաջնային է ո՛չ թէ Հայաստանի գոյութիւնը որպէս պետութիւն, այլ վարչապետ կոչեցեալի կողմից տարւող հակառուսական քաղաքականութիւնը»
– Պարոն Իշխանեան, Դուք անշուշտ ծանօթ էք վերջին օրերին ֆրանսիական լուրջ եւ հեղինակաւոր օրաթերթերում՝ «Լը Մոնդում» եւ «Լը Ֆիգարոյում» զետեղւած այն վերլուծութիւններին եւ արձագանգներին, որոնք, մեղմ ասած, վարկաբեկում են նորընծայ «Տաւուշը յանուն Հայրենիքի» ազգապաշտպան շարժումը եւ, մասնաւորապէս, այն առաջնորդող Բագրատ Սրբազանի անձնաւորութիւնը։ Ըստ Ձեզ, ինչպէ՞ս է բացատրւում այդպիսի, մեզ համար միգուցէ անսպասելի, վերաբերմունքը։
– Ձեր կողմից նշած թերթերն արտայայտում են Ֆրանսիայի քաղաքական վերնախաւի վերաբերմունքը շարժման նկատմամբ։ Եւ չնայած այն բանին, որ Ֆրանսիան համարւում է Հայաստանի բարեկամ երկիր, այդ հրապարակումները ցոյց են տալիս, որ ֆրանսիական քաղաքականութիւնը չի տարբերւում հաւաքական Արեւմուտքի քաղաքականութիւնից, այդ թւում նաեւ Հայաստանի հարցում։ Վարկաբեկելով Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը, Ֆրանսիան, ինչպէս եւ արեւմտեան այլ երկրներ, պաշտպանում է 2020 թւականին պատերազմ հրահրած, պարտութեան պատասխանատու, Արցախն ուրացած, Հայաստանի տարածքներն աճուրդի հանած վարչապետ կոչեցեալին։ Այսինքն, չպէտք է ունենանք պատրանքներ, թէ Ֆրանսիան Հայաստանի բարեկամ երկիր է։ Բարեկամ պետութիւնը չէր համարի Հայաստանը ժողովրդավարական երկիր եւ աչք չէր փակի, Հայաստանում Մարդու իրաւունքների համատարած խախտումների վրայ։ Ինչպէս ՆԱՏՕ-ի անդամ, իր դաշնակից երկրների, այդ թւում՝ Թուրքիայի, Ֆրանսիայի համար առաջնային է ո՛չ թէ Հայաստանի գոյութիւնը որպէս պետութիւն, այլ` վարչապետ կոչեցեալի կողմից տարւող հակառուսական քաղաքականութիւնը։ Պատկերացնում եմ, թէ ինչպէս են արեւմտեան երկրների ղեկավարները, նաեւ Մակրոնը, արհամարհում եւ միաժամանակ օգտագործում Հայաստանի վարչապետ կոչեցեալին իրենց աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար։ Եւ արդարացիօրէն, այդ արհամարհանքը տարածւում է ողջ հայ ժողովրդի վրայ, քանի որ 2020 թւականից հանդուրժում ենք նման իշխանութիւնը։
– Ինչպէ՞ս կը մեկնաբանեք այն դիրքորոշմանը, որը որ ստանձնում է «Լը Մոնդ» պարբերականը, մէջբերելով մի դիւանագէտի՝ անանուն, հետեւեալ կարծիքը. «Գալստանեանը բարձր ժողովրդականութին է վայելում, քանի որ նա հայերին պատրանք է մատուցում առ այն, որ հայը կարող է ինչ-որ պահի վերջ դնել բռնապետ Ալիեւի կայսերապաշտական նկրտումներին։ Մինչդեռ առանց Արեւմուտքի իրական աջակցութեան, իշխանութեան գալուց յետոյ անհնար է նման դիրքորոշում պահպանել»։
– Նախ, փաստենք, որ Ալիեւի կայսերական նկրտումները ողջունում է Արեւմուտքը։ Արեւմտեան բոլոր պետութիւնները, այդ թւում Ֆրանսիան աչք փակեցին Արցախի ցեղասպանութեան վրայ, քանի որ Ադրբեջանը նրանց համար կարեւոր էներգամատակարար երկիր է։ Երկրորդ, մեր պատմութիւնը ցոյց է տւել, որ երբ մենք մեր յոյսերը չենք կապում այլ երկրների հետ, այլ համախմբւում եւ պայքարում ենք, ապա յաջողութեան ենք հասնում։ Օրինակներ՝ Սարդարապատը, Լեռնահայաստանի հերոսամարտը, արցախեան առաջին պատերազմը։ Այս համատեքստում, յիշենք նաեւ 1921 թւականին թուրք-ֆրանսիական դաւադիր համաձայնութիւնը եւ Կիլիկիայից ֆրանսիական զօրքերի գիշերային դուրսբերումը։ Այնպէս որ, Բագրատ Սրբազանի շարժման յաջողութեան դէպքում, նկատի ունեմ իշխանափոխութիւնը, նոյն Արեւմուտքը աւելի յարգանքով կը վերաբերւի Հայաստանին եւ հայ ժողովրդին, որպէս արժանապատւութիւն ունեցող ժողովրդի։
– Ձեզ համար արդեօ՞ք զարմանալի չի, որ յայտնի ֆրանսահայ վերլուծաբան Տիգրան Եկաւեանը, որին յաճախակի մէջբերում է թէ՛ ֆրանսիական մամուլը, թէ՛ հեռուստատեսութիւնը, «Լը Մոնդում» վարկաբեկում է Սրբազանին, ասելով, որ Կանադայում որպէս թեմի առաջնորդ իր «մանդատը դադարեցւել է ֆինանսական չարաշահումների կասկածանքով», եւ «Զգուշացէք կեղծ մարգարեներից» ենթավերնագրի ներքոյ նշում, «զգուշացնելով» եւ մատնանշելով, որ «Հայ Առաքելական Եկեղեցու եւ պետութեան միջեւ առկայ է լուռ հակամարտութիւն, որը որ կարող է ընկած լինել կովկասեան փոքր հանրապետութիւնում այժմ ծաւալւող իրադարձութիւնների հիմքում», ինչպէս նաեւ Բագրատ արք. Գալստանեանին իր ճերմակ հանդերձանքով նմանեցնում հնդիկ գուրոյի, ֆրանսիացի ընթերցողի աչքում բաւականին նսեմացնելով շարժման իրական բնոյթը։ Նոյնանման գրութիւններ են նաեւ «Լը Մոնդ»-ին հակադիր պահպանողական «Լը Ֆիգարօ»-ում, կրկին մէջբերելով Եկաւեանի կարծիքը։ Ըստ Ձեզ ինչպէ՞ս է պէտք հասկանալ այսպիսի՝ շարժմանը ո՛չ բարենպաստ դիրքորոշումը՝ պատահականութի՞ւն, դիտաւորութի՞ւն։
– Անկախ այն բանից, որ «Լը Մոնդ»-ը եւ «Լը Ֆիգարօ»-ն ֆրանսիական ներքին կեանքում հակադիր դիրքորոշումներ ունեն՝ ազատական եւ պահպանողական, արտաքին քաղաքականութեան մէջ, երկուսն էլ նոյն գծի վրայ են, առաջ տանելով Ֆրանսիայի շահերը։ Եւ բոլորովին պատահական չի, որ երկու պարբերականներն էլ մէջբերում են Տիգրան Եկաւեանի կարծիքը։ Իսկ ֆրանսահայ քաղաքագէտ Տիգրան Եկաւեանը անաչառ վերլուծաբան չի։ Նա շատ լաւ հասկանում է Արեւմուտքի աշխարհաքաղաքական շահերը եւ իր «վերլուծութիւններն» անում է յարմարեցնելով դրանց։ Հակառակ դէպքում, նա չէր լինի Ձեր նշած լրատւամիջոցների ցանկալի հիւրը։ Այդ լրատւամիջոցները մէջբերելով Տիգրան Եկաւեանին ստեղծում են անաչառութեան պատրանք՝ տեսէք, հայ վերլուծաբանի կարծիքը։ Փաստօրէն, Տիգրան Եկաւեանը վարկաբեկելով Բագրատ Սրբազանին, կրկնում է Հայաստանի իշխանութիւնների կողմից տարածւող ստերը։ Տիգրան Եկաւեանին կուզենայի ասել, որ այն անձինք, ովքեր կատարել են ֆինանսական չարաշահումներ, ընդդիմադիր գործունէութիւն չեն ծաւալում, այլ իշխանութեան համախոհներն են։ Այդ նոյն Տիգրան Եկաւեանը 2021թւականի Հայաստանի ընտրութիւններ կոչւող ֆարսը ֆրանսիական հեռուստաընկերութիւններից մէկին տւած հարցազրոյցում այսպէս որակեց. «Հայ ժողովուրդն ընտրեց ժողովրդավարութիւնը»՝ փաստօրէն արդարացնելով 2020 թւականի խայտառակ պարտութիւնը։ Ընդունենք, որ Տիգրան Եկաւեանն անտեղեակ էր, ընտրութիւնների ժամանակ վարչական ահռելի ռեսուրսի կիրառման, քաղաքական հետապնդումների, զինւորների ուղորդւած քւէարկութեան մասին, համարելով, որ ընտրութիւնները եղել են արդար։ Այդ դէպքում, անաչառ վերլուծաբան, յատկապէս ազգութեամբ հայը, այսպէս կարտայայտւէր. «Հայ ժողովուրդն ընտրեց պարտութիւնը»։ Յաճախ զուգահեռներ են անցկացնում հայերի եւ հրեաների միջեւ, նկատի ունենալով ինչպէս ցեղասպանութիւնները, այնպէս էլ երկու ժողովուրդների տարածւածութիւնը աշխարհում։ Երկար կարելի է խօսել երկու ժողովուրդների միջեւ տարբերութիւնների մասին։ Բայց բերենք մէկ օրինակ. հրէական սփիւռքի ցանկացած գործիչ, առաջին հերթին հրեայ է եւ հանդէս է գալիս յօգուտ իր պետութեան՝ Իսրայէլի շահերի, իսկ հայկական սփիւռքի ճանաչւած գործիչներն առաջին հերթին այն երկրի քաղաքացին են, որտեղ բնակւում են եւ հանդէս են գալիս յօգուտ այդ երկրի շահերի, թէկուզ՝ ի վնաս Հայաստանի։ Նման գործիչներից են ԱՄՆ-ում Ժիրայր Լիպարիտեանը, Ֆրանսիայում՝ Տիգրան Եկաւեանը, Ռուսաստանում՝ Կարէն Շահնազարովը։
– Պարոն Իշխանեան, Դուք ծանօթ էք նաեւ ֆրանսահայ հեղինակաւոր «Նուվել դ’Արմենի» պարբերականին, որում «Մտքի պարտութիւն» ենթավերնագրի ներքոյ նոյն վերլուծաբանը, որ ի շարս վերոյիշեալ ձեւակերպումների, աւելացնում է, ասենք, աւելի կոնկրետ եւ սկզբունքային դիտարկում. «Մինչ օրս չկայ յստակ, քննարկւած եւ իրատեսական ճանապարհային քարտէզ, որը որ Բագրատ արքեպիսկոպոսի նախաձեռնութեան նկատմամբ վստահութիւնը կարող է վերականգնել։ Ճանապարհային քարտէզի բացակայութիւնը վկայում է հայկական վերնախաւի կառուցւածքային ճգնաժամի մասին, որի ախտանշանները կարելի է ամփոփել հետեւեալ կերպ՝ ընդհանուր յայտարարի անկարողութիւն, փրկչի պաշտամունք, քննադատական մտածողութեան բացակայութիւն, խորհրդակցութեան բացակայութիւն եւ երկխօսութեան բաց լինելու բացակայութիւն։ Պետականութեան իմաստի զգացողութեան բացակայութիւն»։ Ինչպէ՞ս կը պատասխանէք այս քննադատութեանը։
– Ֆրանսերէնին չեմ տիրապետում, կարդացի յօդւածի թարգմանութիւնը։ Այնպէս որ, դժւարանում եմ ասել, թէ Տիգրան Եկաւեանը ցաւով է արձանագրում հայ ժողովրդին յատուկ որակները, թէ՞՝ չարախնդութեամբ։ Յուսանք, որ «Նուվել դ’Արմենի» պարբերականի վերլուծութիւնում, արդէն ֆրանսահայ ընթերցողի համար, Տիգրան Եկաւեանը անկեղծօրէն նշում է հայ ժողովրդին յատուկ արատները, որոնց հետ կարելի է համաձայնւել։ Սակայն, այդ դէպքում, Տիգրան Եկաւեանը իր քննադատութեան թիրախ պէտք է դարձնէր ո՛չ թէ Բագրատ Սրբազանին, այլ Հայաստանի իր խօսքերով՝ ժողովրդավարական իշխանութեանը, յանձին վարչապետ կոչեցեալի։ Այդ նա է, որ ոչ միայն չի ներկայացնում յստակ ճանապարհային քարտէզ, այլ` ժողովրդին ահաբեկելով, փուլ առ փուլ կատարում է Ադրբեջանի նախագահի պահանջները։ Քաղաքական երկխօսութիւնը նոյնպէս պէտք է նախաձեռնեն իշխանութիւնները։ Հակառակ դրան, վարչապետ կոչեցեալի հրահանգով, մեղադրանքներ են առաջադրւում եւ կալանաւորւում են ընդդիմադիր գործիչները։
– Եւս մէկ հարց, պարոն Իշխանեան։ «Նուվել դ’Արմենի» նոյն յօդւածում Եկաւեանը նշում է, որ մինչդեռ «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժումը ստանում է [հայաստանեան] քաղաքացիական հասարակութեան եւ քաղաքական դասի աճող աջակցութիւնը, Սփիւռքն իր հերթին կասկածի տակ է դնում այս շարժման օրինականութիւնը»։ Պարոն Իշխանեան, ունէք արդեօ՞ք, այդպիսի զգացողութիւն, որ հայկական սփիւռքը կասկածի տակ է դնում այս շարժման օրինականութիւնը։
– Տիգրան Եկաւեանը ճիշտ է նկատել։ Իսկապէս, Հայաստանում օրէցօր աճում է Բագրատ Սրբազանին աջակցողների թիւը։ Ինչ վերաբերւում է հայկական սփիւռքին, ապա պարոն Եկաւեանին հարց ունեմ. «Ո՞ր Սփիւռքը. արդեօ՞ք Սփիւռքը միատարր կառոյց է, ընդհանուր ղեկավարութեամբ»։ Իմ տպաւորութեամբ, Տիգրան Եկաւեանը Բագրատ Սրբազանի շարժման նկատմամբ իր բացասական վերաբերմունքը վերագրում է ողջ Սփիւռքին։
Ինձ հետաքրքրում է նաեւ հետեւեալ հարցը, ի՞նչ նկատի ունի Տիգրան Եկաւեանը շարժման օրինականութիւն ասելով։ Իսկ նրա կարծիքով 2018 թւականի ստի եւ կեղծիքի յեղափոխութիւնը օրինակա՞ն էր։ Իմ համոզմամբ, ցանկացած՝ օրինական, կամ ոչ օրինական ճանապարհով իշխանափոխութիւնը Հայաստանում ո՛չ միայն արդարացւած է, այլեւ՝ ուշացած։ Այս իշխանութեան ամէն օրը նոր տարածքային կորուստներ է բերում։
Իմ կարծիքով, 2020 թւականի խայտառակ պարտութիւնից յետոյ, հայկական սփիւռքը պէտք է մի կողմ դնէր տարբեր կուսակցական, կազմակերպութիւնների միջեւ եղած հակասութիւնները եւ արտասահմանեան ցանկացած ուղեւորութեան դէպքում, յուժկու ցոյցերով «դիմաւորէր» պարտութեան խորհրդանիշ-վարչապետ կոչեցեալին։
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳՌՈՒԶԵԱՆ