Տիգրան Աբրահամեան. «Հայաստանի իշխանութիւնը հերթական զիջումներն է նախապատրաստում»
«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովում «Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական յանձնաժողովի համատեղ գործունէութեան մասին» կանոնակարգի քննարկմանը եւ քւէարկութեանը, ահազանգել է, որ ՀՀ գործող իշխանութիւնները հերթական զիջումներն են նախապատրաստում:
«Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման պետական յանձնաժողովի համատեղ գործունէութեան կանոնակարգը ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովում հաստատելուն ի պատասխան, այսօր Ադրբեջանի խորհրդարանում, այսպէս կոչւած, «Վերադարձ Արեւմտեան Ադրբեջան» նախաձեռնող խումբ է ձեւաւորւել:
Այսօր խորհրդարանում տխրահռչակ կանոնակարգի զեկուցող ՀՀ փոխվարչապետը վստահութիւն էր յայտնում, որ Ադրբեջանում եւս, սինքրոն ձեւով, կանոնակարգի ընդունման գործընթաց է ընթանում, սակայն Ադրբեջանի Միլի Մեջլիսը, ոչ պատահականօրէն հէնց այսօր, խորհրդանշական քայլի է գնացել:
Մինչեւ Ադրբեջանը զարգացնում եւ ամրապնդում է ՀՀ-ի դէմ իր ագրեսիւ քաղաքականութեան հիմքերը, Հայաստանի իշխանութիւնը հերթական զիջումներն է նախապատրաստում »,- ֆէյսբուքեան իր էջում գրել է Աբրահամեանը։