Արման Թաթոյեան. «Ստորացուցիչ է, որ իշխանութիւնը «մեղայ է գալիս» Ադրբեջանի առաջ, թէ Ներքին Հանդում միջադէպ է եղել, պարզում ենք»
Բացարձակ անթոյլատրելի եւ ստորացուցիչ է այն, որ Հայաստանի իշխանութիւնը արդարանում ու «մեղայ է գալիս» Ադրբեջանի առաջ, թէ Սիւնիքում` Ներքին Հանդի հատւածում, իբր միջադէպ է եղել, եւ իրենք դա պարզում, քննութիւն են իրականացնում: Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը:
Նա նաեւ նշել է. «Սա միանշանակ ադրբեջանական օրակարգ է: Այսինքն՝ ի՞նչ է ստացւում. ադրբեջանական զինւած ծառայողները ներխուժել են մեր երկրի տարածք, եւ հիմա դեռ մենք պէտք է քննենք, թէ մեր տարածքում ադրբեջանցիների հանդէպ ի՞նչ մեղք ենք գործել:
Բա ո՞ւր մնաց իրողութիւնը, որ ադրբեջանական զինւած ծառայողների ներկայութիւնն ի սկզբանէ անօրինական, յանցաւոր է:
Նրանք դեռ 2020 թ. 44-օրեայ պատերազմի ընթացքում` հոկտեմբերի 20-ին են ներխուժել Ծաւ գիւղի հարեւանութեամբ տարածքներ, իսկ 2021 թւականին ու դրանից յետոյ ընդլայնել են ներխուժումների աշխարհագրութիւնը:
Ներքին Հանդը շրջափակել են 3 կողմից, կրակում են գիւղերի ուղղութեամբ, մարդկանց զրկել են խմելու ջրից, ապրուստի միջոց վաստակելու, հարազատների շիրիմներին ու եկեղեցի այցելելու հնարաւորութիւնից, անհնարին են դարձրել մարդկանց կեանքը:
Հայաստանի զինծառայողներն ամէն րոպէ պաշտպանում են մեր ժողովրդի կեանքն ու առողջութիւնը:
Սա պէտք է լինի հայկական կողմի օրակարգն ու հաւատամքը, այլ ոչ թէ Ադրբեջանի թելադրածը»: