Հայաստան - Արցախ

Սէյրան Օհանեան. «Պէտք է կանխարգելիչ միջոցների դիմենք, համարժէք եւ անհամարժէք պատասխանների»

Հայաստանի ՊՆ ղեկավարութիւնը պէտք է հետեւութիւններ անի: Այս մասին փետրւարի 13-ին, լրագրողների հետ զրոյցում յայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը՝ խօսելով Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին։

Օհանեանը յիշեցրեց, որ Ադրբեջանը մի քանի օր է, ինչ տեղեկատւական քարոզչութիւն է իրականացնում, որը սովորաբար նախորդում է ուժային գործողութիւններին. «Ուստի զօրքերին պէտք է յանձնարարւէր իրականացնել համապատասխան միջոցառումներ, քողարկում, անհրաժեշտ էր խստացնել մարտական ​​հերթապահութեան առաջադրանքների եւ ինժեներական աշխատանքներ կատարելու պահանջները»:

«Անընդունելի է իրավիճակը, երբ հակառակորդը նախապէս յայտնում է իր մտադրութիւնները, բայց դու չես պատրաստւում։ Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն: Այս դէպքում պէտք է կիրառւի «ուժն է ծնում իրաւունք» սկզբունքը։ Պէտք է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, կիրառել համարժէք եւ նոյնիսկ անհամարժէք պատասխաններ, անցկացնել ծառայողական քննութիւն եւ հասկանալ, թէ ով է պատասխանատու մարտավարական իրավիճակի համար»,- նշեց նա։

Օհանեանը յիշեցրեց, որ ադրբեջանցիները կրակել են այն տարածքներից, որտեղ ներթափանցել են 2022 թւականի ագրեսիայի արդիւնքում. «Ռազմարդիւնաբերական համալիրի ձեռքբերումների մասին Հայաստանում իշխող ռեժիմի խօսքերին կը հաւատամ միայն այն ժամանակ, երբ հակառակորդը մռութին հարւած ստանայ այսօրւայ նման դէպքերից յետոյ»,- ընդգծեց պատգամաւորը։

Նրա գնահատմամբ՝ այն ամէնը, ինչ տեղի է ունենում, բխում է քաղաքական ղեկավարութեան գործողութիւններից, որը փորձում է հասարակութեանը ապացուցել, որ Ադրբեջանն իբր գնում է խաղաղ օրակարգի ճանապարհով։

«Ես մէկ անգամ չէ, որ ասել եմ, որ սա պատրանք է։ Ադրբեջանը Սիւնիքում քայլեր է ձեռնարկում, քանի որ այսպէս կոչւած միջանցքի հարցը շարունակում է մնալ օրակարգում։ Այս ֆոնին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը պատշաճ ուշադրութիւն չի դարձնում առաջնագծում ինժեներական աշխատանքներ իրականացնելու, բանակի պատրաստման հարցերին։ Նրանք ապրում են առօրեայ, խաղաղ կեանքով եւ պարգեւավճարներ են ստանում իրենց անգործութեան համար։

Միաժամանակ, զինւորականների բազային աշխատավարձը բարձրացնելու համար ինչ-որ ատեստաւորման միջոցներ են յօրինում, մինչդեռ երկրի ողջ դատական ​​եւ իրաւական համակարգը առանց որեւէ ատեստաւորման աշխատավարձերի բարձրացում է ստացել»,- եզրափակեց Օհանեանը։

Yerkir.am

Related Articles

Back to top button