Հայաստան - Արցախ

Լարիսա Ալավերդեան. «Ես ամբողջովին մերժում եմ բոլոր փորձերը՝ ցոյց տալու, որ Արցախի Հանրապետութիւն այլեւս չկայ»

Ես ամբողջովին մերժում եմ բոլոր փորձերը՝ ցոյց տալու, որ Արցախի Հանրապետութիւն այլեւս չկայ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մարդու իրաւունքների պաշտպանութեանն ու Արցախին նւիրւած համաժողովում ունեցած ելոյթի ժամանակ նշել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդեանը։

Ըստ Լարիսա Ալավերդեանի, Արցախում մարդու իրաւունքները ոչնչացւում են Ադրբեջանի կողմից, իսկ մարդու իրաւունքները դրա անբաժանելի մասն են, այսինքն՝ քանի մարդը կայ, նրա իրաւունքները նոյնպէս կան։

«Ուստի ես ամբողջովին մերժում եմ բոլոր փորձերը՝ ցոյց տալու, որ վերջ, Արցախի Հանրապետութիւն այլեւս գոյութիւն չունի, թող ինտեգրւեն եւ էլի ինչ-որ բան։ Արցախի Հանրապետութիւնը եղել է, կայ եւ պէտք է լինի… Եւ մեզնից է կախւած, կը լինի՞ նա, թէ՞ չէ։ Ուստի, յորդորում եմ բոլորիդ եւ պարտաւորեցնում, եթէ կարելի է այդպէս ասել, պայքարել այդ իրաւունքների համար»,- ասել է Հայաստանի նախկին օմբուդսմենը։

Միեւնոյն ժամանակ, ըստ Հայաստանի մարդու իրաւունքների առաջին պաշտպանի, այսօր յարձակումը հէնց մարդու իրաւունքների հայեցակարգի եւ դրա կիրառման վրայ է երկու ճակատով։

«Դրանցից մէկը միջազգային հանրութիւն է, որը վաղուց մարդու իրաւունքները վերածել է իր աշխարհաքաղաքական շահերի պաշտպանութեան սարսափելի գործիքի, քանի որ անւանումը մարդու իրաւունք է, իսկ օգտագործւող գործիքները՝ հակամարդկային։

Յարձակման միւս ճակատը պետութիւնների ներսում է: Օգտւելով Համընդհանուր հռչակագրում ամրագրւած բոլոր նորմերի նկատմամբ այս բաւականին ցինիկ վերաբերմունքից՝ փորձում են ասել, որ երկրի ներսում դրան հետեւել պէտք չէ, այսինքն՝ երկրի իշխանութիւնները փորձում են թաքնւել սրա յետեւում եւ ասել. «Ի՞նչ էք ասում։ Չէ՞ք տեսնում, թէ ինչ են մարդու իրաւունքները»,- ընդգծել է Լարիսա Ալավերդեանը՝ կոչ անելով մերժել նման մօտեցումը։

Նա յաւելել է, որ մարդու իրաւունքները գոյութիւն ունեն ամենակարեւորը՝ մարդու արժանապատւութիւնը պաշտպանելու համար։

«Մարդու իրաւունքների այս ամբողջ հայեցակարգը, այս ամբողջ մօտեցումը հիմնւած է մարդու արժանապատւութեան յարգման վրայ:

Այնտեղ այլ իմաստ չկայ։ Եւ մենք չպէտք է թոյլ տանք, որ երկրի իշխանութիւններն այնպէս գործեն, որ մեզ փաստացի ստիպեն հրաժարւել նման արժէքներից»,- ընդգծել է Լարիսա Ալավերդեանը։

News.am

Related Articles

Back to top button