Հայաստան - Արցախ

Գեղամ Ստեփանեան․ «30 տարւայ ընթացքում հայրենաճանաչութեան շուրջ աշխատանքներ չտարւեցին»

Այս պահին տեղի է ունենում «Մարդու իրաւունքների ոտնահարումը՝ Բաքւից Երեւան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» վերտառութեամբ համաժողովը, որը կազմակերպւել է Հայաստանի քաղաքացիական հասարակութեան միաւորումների համատեղ ջանքերով՝ մարդու իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրւայ, ցեղասպանութեան կանխարգելման միջազգային օրւայ, Արցախի անկախութեան հանրաքւէի օրւայ եւ Արցախի սահմանադրութեան օրւայ կապակցութեամբ։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը, անդրադառնալով արցախցի-հայաստանցի տարանջատմանը, շեշտեց, որ այն կեղծ եւ սուտ կարծրատիպերը, որոնք կան հասարակութեան մէջ, դրանց մասին պէտք է խօսել, բացատրել քննարկել եւ միայն այդ ճանապարհով միգուցէ հնարաւոր կը լինի հասարակութեանը վերակրթել։

«Ցաւօք սրտի, վերջին տարիներին սկսւեց բացայայտ ատելութեան խօսք գեներացւել։ Յանուն արդարութեան պէտք է ասել, որ ներազգային այդ տարանջատումը ինչ-որ առումով առկայ է եղել նաեւ Արցախում եւ իմ դիտարկումներից կարող եմ ասել, որ որոշակի փոփոխութիւն արցախցիների շրջանում հայաստանցիների նկատմամբ արձանագրւել է յատկապէս 2020 թ․ 44-օրեայ պատերազմից յետոյ, երբ 90.000 արցախցիներ յայտնւել են Հայաստանում եւ այդ հիւրընկալութիւնը, որ տեսել են Հայաստանում, շատ բան է փոխել մարդկանց մէջ։ Իմ կարծիքով՝ պատճառը նրանում է, որ 30 տարւայ ընթացքում, ցաւօք սրտի, այդպէս էլ հայրենաճանաչութեան ուղղութեամբ լաւ աշխատանքներ չտարւեցին»,- ասաց Ստեփանեանը։

Արցախի ՄԻՊ-ը անդրադարձաւ արցախցիների հետ կապւած կարծրատիպերին, ինչպէս նաեւ այն խտրականութիւններին, որին յաճախ բախւում են արցախցիները Հայաստանում։

Հարցին, թէ ինչ վիճակագրութիւն կայ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած դէպքերի շուրջ, ինչ է տեղի ունեցել, Ստեփանեանը նկատեց, որ սեպտեմբերի 19-ի իրադարձութիւնները եւ 44-օրեայ պատերազմն իրարից շատ բաներով էին տարբերւում․ 44-օրեայ պատերազմի ժամանակ թէեւ ադրբեջանական զօրքերի առաջխաղացումներ կային, բայց դրանց քաղաքացիական բնակավայրերից բաւականին մեծ հեռաւորութեան վրայ էին։

«Սեպտեմբերի 20-ին, երբ ադրբեջանական ուժերը կանգնած էին Շուշիի տանկի մօտ, ընդամէնը 5-10 րոպէի ընթացքում մտնելու էին Ստեփանակերտ, եւ սկսւելու էր ցեղասպանութիւնը։ Առկայ ուժերով յատուկ նշանակութեան ուժերին դիմակայելը, կարծում եմ՝ բոլորն են հասկանում, հնարաւոր չէր։ Քաղաքացիական բնակչութեան շրջանում արձանագրւել են զոհեր, որոնց մէջ կան նաեւ երեխաներ։ Մեր կողմից արձանագրւել է երեխայի 5 մահ։ Ես վստահօրէն կարող եմ պնդել, որ որեւէ մէկը չէր դիմանայ»։

Oragir.news

Related Articles

Back to top button