Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռուս քաղաքագէտը՝ բանակցութիւններում Բաքւի դիրքորոշման մասին. «Էսկալացիայի միշտ պէտք է սպասել»

«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ Ալեքսէյ Անպիլոգովը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի ստորագրման դժւարութիւնները:

«Դա վկայում է միայն կողմերի դիրքորոշումների անհամատեղելիութեան մասին։ Այսինքն՝ պէտք է հասկանալ, որ քանի դեռ կողմերը ընդհանուր յայտարարի չեն գալիս, անհնար է լուծել այս բարդ կոտորակը։ Եւ կարծում եմ՝ այստեղ պէտք է հասկանալ, որ այժմ Ադրբեջանը՝ որպէս Ղարաբաղեան պատերազմում յաղթող, թէեւ յիշեցնեմ, որ Հայաստանը պաշտօնապէս չի մասնակցել այդ բոլոր գործողութիւններին, եւ այդ ամէնը փաստացի հանգել է միայն բանաւոր ինտերւենցիաների, այժմ իր յաղթանակի արդիւնքները տեղափոխում է Բաքւի եւ Երեւանի երկկողմ փոխյարաբերութիւններին։

Ընդհանուր առմամբ՝ հայկական կողմի համարձակութիւնից է կախւած այն, թէ որտեղ կանգ կառնեն ադրբեջանական կողմի յաւակնութիւնները, եւ որքանով կը խախտւի եւ կը սահմանափակւի Հայաստանի ինքնիշխանութիւնը՝ որպէս անկախ եւ ինքնիշխան պետութիւն»,- կարծում է փորձագէտը։

Անպիլոգովի կարծիքով՝ տարածաշրջանում ռազմական գործողութիւնների առաջացման վտանգը մշտապէս առկայ է։

«Էսկալացիայի միշտ պէտք է սպասել։ Պէտք է հասկանալ, որ քանի դեռ չկայ կայուն խաղաղութիւն, լինելու է ո՛չ խաղաղութեան, ո՛չ պատերազմի իրավիճակ, իսկ սա շատ վտանգաւոր իրավիճակ է, որտեղ իսկապէս սահմանային սադրանքների համար լայն դաշտ կայ»,- եզրափակել է նա։

Related Articles

Back to top button