Քաղաքական

Փաշինեանը ցանկանում է Հայաստանը վերածել առանց հայերի երկրի

Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչ Թալէաթ փաշան 1915 թւականի իր նամակներում գրում էր հայերի ամբողջական բնաջնջնման հրէշաւոր ծրագրի մասին. «Ուզեցին մէկ հայ թողնել, այն էլ… թանգարանում…»։

Եթէ Հայաստանում ընթացող աղէտալի զարգացումները շարունակւեն, ապա այն, ինչ Թալէաթին չյաջողւեց լիովին իրականացնել, աւարտին կը հասցնի Հայաստանի կառավարութիւնը։

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի կառավարութեան բարձրաստիճան պաշտօնեայ Արսէն Թորոսեանը մայիսին Հայաստանի խորհրդարանում յայտարարեց. «Մենք պէտք է ներգաղթ կազմակերպենք, նոյնիսկ եթէ դա չի տեղաւորւում, այսպէս կոչւած, ազգային գաղափարների մէջ։ Տասնեակ հազարաւոր մարդիկ պէտք է ներգաղթեն այստեղ։ Առանց դրա դա տեղի չի ունենայ։ Մենք նաեւ պէտք է փոխենք մեր մոնոէթնիկ մտածելակերպը մեր գլուխներում, որովհետեւ այս տարածաշրջանում գոյատեւելու այլ ճանապարհ չկայ»։ Թորոսեանը Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է։ Նախկինում նա զբաղեցրել է առողջապահութեան նախարարի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտօնները, եղել է պատգամաւոր, ինչպէս նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչութեան անդամ է։

Սա հակահայկական գաղափար է, ինչպէս վարչապետ Նիկոլ Փաշինեանի գրեթէ բոլոր միւս գործողութիւնները։ Ցանկացած խելամիտ հայ ղեկավար, նախքան տասնեակ հազարաւոր օտարերկրացիների ներհոսքը շտապողաբար կազմակերպելը, կը փորձէր խրախուսել 7 միլիոնանոց հայկական Սփիւռքի ներկայացուցիչների մի մասին՝ հայրենադարձւելու Հայաստան։

Դրա փոխարէնը Փաշինեանը լծւած է Հայաստանի պատմութեան ու մշակոյթի մերժմանը, իսկ հիմա էլ՝ երկրի ժողովրդագրութիւնը նոսրացնելուն։ Սկզբում նա Ադրբեջանին յանձնեց հայկական Արցախը՝ զոհաբերելով հազարաւոր երիտասարդ հայ զինւորների, այնուհետեւ թոյլ տւեց Ադրբեջանին 2021 եւ 2022 թւականներից սկսած բռնազաւթել Հայաստանի Հանրապետութեան տարածքի որոշ հատւածներ։ Այժմ էլ խօսում է Տիգրանաշէնը Ադրբեջանին յանձնելու մասին։

Այնուհետեւ Փաշինեանը սկսեց նսեմացնել հայկական նւիրական ազգային խորհրդանիշները, ինչպիսին Արարատ լեռն է։

Նախքան մտահոգւելը, թէ արդեօք Հայաստանի կառավարութիւնը պատրաստ է ընդունել սփիւռքահայերին, աւելի մտահոգիչ է սեփական քաղաքացիների Հայաստան գալն ու ընտրութեան օրը քւէարկելն արգելափակելը։ Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է նոր օրէնք, ըստ որի՝ քւէարկելու նպատակով հայրենիք վերադարձող քաղաքացիները նախ պէտք է մէկ տարի բնակւած լինեն Հայաստանում։ Սա քաղաքացիների ամենաառաջնային ժողովրդավարական իրաւունքի խախտում է։

Կառավարութիւնը նաեւ շատ աւելի է դժւարացրել սփիւռքահայերի համար Հայաստանի քաղաքացիութիւն ստանալու գործընթացը՝ փոխանակ նրանց հայրենադարձութիւնը խրախուսող պայմաններ առաջարկելու, ինչը կը նպաստէր Հայաստանի բնակչութեան աճին։

Մի քանի տարի առաջ Հայաստանի Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը Լիբանան այցից առաջ մամուլին յայտնեց, որ կը ցանկանար կազմակերպել արաբների վերաբնակեցումը Հայաստանում, կարծես չգիտակցելով, որ իր պաշտօնական պարտականութիւնը սփիւռքահայերի հետ աշխատելն է, այլ ոչ թէ արաբների, չինացիների կամ որեւէ այլ ազգութեան ներգաղթի խրախուսումը Հայաստան։

Հայ պաշտօնեաների յայտարարութիւններում ամենաանհանգստացնողն այն է, որ նրանց՝ օտարերկրացիների Հայաստան վերաբնակեցման մասին քննարկումները ճանապարհ են հարթում 300 հազար ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման համար, ինչը կը նշանակի Հայաստանի Հանրապետութեան վերջը։ Արդէն ամիսներ է, նախագահ Ալիեւը պահանջում է, որ Հայաստանի կառավարութիւնը ընդունի 300 հազար ադրբեջանցիներին Հայաստանում։ Ալիեւն արդէն իսկ վերանւանել է Հայաստանը՝ կոչելով այն «Արեւմտեան Ադրբեջան»։ Արդեօք Թորոսեանն ու Փաշինեանը կընդլայնե՞ն իրենց հակահայկական դիրքորոշումը՝ մինչեւ 300 հազար ադրբեջանցիներին Հայաստանում ընդունելը։ Ցաւօք, կարծում եմ, սա լիովին հաւանական է։ Իսկ եթէ Հայաստանը կործանելու համար դա էլ բաւարար չլինի, ապա Հայաստանի սահմանից այն կողմ ապրում են միլիոնաւոր թուրքեր։ Արդեօք Հայաստանի ղեկավարներն այնքան յանդուգն կը գտնւեն, որ հրաւիրե՞ն մեծ թւով թուրքերի տեղափոխւելու Հայաստան։ Մտավախութիւն ունեմ, որ նրանք ունակ են նման քայլի:

Օտարերկրացի վերլուծաբան Խաւիեր Վիլամորը «The European Conservative» պարբերականում գրել է, որ Թորոսեանի յայտարարութիւնը «ներքին սուր բանավէճ է բացել ազգային ինքնութեան, ժողովրդագրութեան եւ երկրի ռազմավարական ուղղութեան շուրջ …․ Հայաստանը տասնամեակներ շարունակ իրեն բնութագրել է որպէս ժողովրդագրական բացառութիւն՝ էթնիկ բախումներով, պատերազմներով եւ զանգւածային տեղահանութիւններով բնորոշ տարածաշրջանում։ Ընդամէնը երեք միլիոն բնակչութիւն ունեցող փոքր երկիրը, որի 97-98 տոկոսը միատարր հայեր են, քաղաքականապէս ձեւաւորւած է ազգային գոյատեւման գաղափարի շուրջ՝ Օսմանեան ցեղասպանութիւնից, խորհրդային համակարգի փլուզումից եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնից յետոյ։ Այժմ, առաջին անգամ, վարչապետ Նիկոլ Փաշինեանին մօտ կանգնած գործիչներն սկսում են հրապարակայնօրէն խօսել այդ մոդելը կոտրելու մասին»։

Եթէ Հայաստանի կառավարութիւնն իսկապէս հետաքրքրւած լինէր Հայաստանի բնակչութեան աճով, ապա ամէն ինչ կանէր, որպէսզի արդէն իսկ երկրում ապրող քաղաքացիները չլքէին երկիրը։ Այն պէտք է նաեւ ապահովէր բնակարանային անհրաժեշտ պայմաններով եւ աշխատատեղերով, որպէսզի վերջին տարիներին Իրաքից, Սիրիայից, Լիբանանից եւ Արցախից Հայաստան տեղափոխւած հայերը մնային երկրում։ Ցաւօք, նրանցից տասնեակ հազարաւորներն արդէն հեռացել են Հայաստանից։

Հայաստանի կառավարութեան յայտարարած՝ մեծաթիւ օտարերկրացիներ Հայաստան բերելու մտադրութեան մերժումը ռասիզմ չէ։ Այն բխում է այն իրողութիւնից, որ բազմաթիւ զանգւածային կոտորածներ եւ նոյնիսկ Ցեղասպանութիւն վերապրած հայ ժողովուրդը պարտաւոր է պահպանել իր բազմահազարամեայ քաղաքակրթութիւնը՝ պաշտպանելով այն ոչնչացումից։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button