Սերժ Աւագեանի հաւաքածոյից 125 կտաւ՝ «Շամայէլանկարներ» ցուցահանդէսում

Թեհրանի «Իրանի արւեստի» բացօթեայ թանգարանում իր աշխատանքն է սկսում իրանահայ նշանաւոր արւեստագէտ եւ հաւաքորդ Սերժ Աւագեանի եզակի հաւաքածոյին նւիրւած «Շամայէլանկարներ» (սրբապատկեր) ցուցահանդէսը։ Ցուցահանդէսում, Աւագեանի հարազատների համագործակցութեամբ, առաջին անգամ հանրութեան են ներկայացւում 125 աշխատանքներ՝ Ղաջարների եւ Փահլաւիների ժամանակաշրջաններին պատկանող կրօնական կտաւների եւ շամայէլանկարչութեան նմուշներ։
Իրանահայ նշանաւոր գրաֆիստ, նկարիչ եւ հաւաքորդ Սերժ Աւագեանի այս աշխատանքներն առաջին անգամ են ցուցադրւում հանրութեանը։
Սերժ Աւագեանը (1317–1399 թթ. / 1938–2020) ժամանակակից Իրանի արւեստի ամենանշանաւոր դէմքերից մէկն էր։ Գրաֆիկական դիզայնի, պաստառի, փաթեթաւորման, ինչպէս նաեւ պարսկերէն եւ հայերէն գրի ու տառատեսակների ուսումնասիրութեան ոլորտներում իր վարպետութեամբ՝ նա նոր ուղղութիւնների ձեւաւորման գործում նշանակալի դեր ունեցաւ։

Աւագեանը դասախօսել եւ ղեկավարել է աւելի քան յիսուն աւարտաճառների աշխատանքները։ Նա նախագծել է տասնեակ թատերական պաստառներ՝ սիլքսքրին տեխնիկայով, ինչպէս նաեւ տարբեր արդիւնաբերական ոլորտների համար ստեղծել է նշաններ եւ պատկերանշաններ։ Նրա աշխատանքները պահւում են Թեհրանի Ժամանակակից արւեստի, Թեհրանի Գրաֆիկայի, Երեւանի Ժամանակակից արւեստի եւ Թեհրանի «Արտակ Մանուկեան» թանգարաններում։
Սերժ Աւագեանը նաեւ իր անձնական հաւաքածոյի մէջ տարիների ընթացքում հաւաքել է կրօնական շամայէլանկարների եւ սրճարանային նկարչութեան հարուստ նմուշներ, կարեւոր ներդրում ունենալով այս ժողովրդական ժառանգութեան պահպանման եւ վերարժեւորման գործում։
1950-ական թւականներին Սերժ Աւագեանը, իրանահայ մէկ այլ ազդեցիկ արւեստագէտի՝ Մարկօ Գրիգորեանի (1304–1386 թթ. / 1925–2007) հետ միասին, կարեւոր դեր են ստանձնել ժողովրդական արւեստի եւ «թաշայո շամայէլագրութեան» ժառանգութիւնը մոռացութեան մատնւելու վտանգից փրկելու գործում։
Երկու արւեստագէտները, փաստագրելով եւ հաւաքելով կրօնական շամայէլների ու սրճարանային նկարների մեծաքանակ նմուշներ, ինչպէս նաեւ աջակցելով Հոսէյն Ղոլեր Աղասիի, Հոսէյն Համադանիի եւ Մոհամմադ Մոդաբերի նման արւեստագէտներին, նպաստեցին իրանական արւեստի պատկերային յիշողութեան այս կարեւոր բաժնի եւ ժողովրդական ժառանգութեան պահպանմանը։
«Շամայէլանկարներ» ցուցահանդէսը կենդանի վկայութիւն է Իրանում արւեստի «սուրբ» կոչւող տեսակի եւ շամայէլագրութեան կենսունակութեան ու ստեղծագործական ներուժի։ Սերժ Աւագեանի կողմից այս աշխատանքների փրկումը, պահպանումը եւ հանրութեան ներկայացումը հնարաւորութիւն է ընձեռել հարուստ այս ժառանգութեանը, որը նախկինում մեծ մասամբ գոյութիւն ունէր ժողովրդական կեանքի եւ փորձառութեան շրջանակում, շարունակել իր տեղն ունենալ ժամանակակից Իրանի մշակութային ժառանգութեան մէջ։
Ցուցահանդէսը նաեւ նոր դիտանկիւն է առաջարկում հասկանալու, թէ ինչպէ՛ս են սրբազան արւեստի միջոցով ձեւաւորւել իրանցիների ինքնութիւնը, հաւատամքն ու հաւաքական յիշողութիւնը՝ ժողովրդական արւեստի պատմութեան մէջ տեղի ունեցած պատկերային փոփոխութիւնների համատեքստում։ Այս ժառանգութիւնը քրիստոնեայ արւեստագէտ Սերժ Աւագեանի ճաշակի, հետաքրքրութեան եւ հետեւողական աշխատանքի շնորհիւ հաւաքւել, փաստագրւել ու պահպանւել է եւ այսօր փոխանցւում է յաջորդ սերունդներին։
Քիանուշ Մոթաղեդիի համակարգմամբ եւ հետազօտութեամբ՝ ցուցահանդէսն իր աշխատանաքն է սկսելու սեպտեմբերի 17-ին, որը կը շարունակւի մինչեւ հոկտեմբերի 14-ը: Ցուցահանդէսը հանրութեանը հասնալի է լինելու «Իրանի արւեստի բացօթեայ թանգարան»-ում։



