Հրանտ Բագրատեան. «Դժւար է ասել՝ որքան կը մնայ Հայաստանից, բայց միջանցքի յանձնման հետեւանքով կորցնողը մենք ենք լինելու»

«ԱԼԻՔ» – «Գոյութիւն ունի պետութեան միջով հաղորդակցութեան երկու ձեւ՝ տրանզիտ, որը հայերէնում տարանցիկն է, եւ միջանցք։ Եթէ ճանապարհը տարանցիկ է, ելքի եւ մուտքի վրայ կայ սահմանապահ եւ մաքսային ծառայութիւն, իսկ եթէ դրանք չկան, միջանցք է։ Չորս-հինգ տարի պայքարելով միջանցքի դէմ՝ անընդհատ ասում էին, թէ իբր միջանցք չի լինելու, չնայած այն որեւէ թղթով նախատեսւած չէր։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կէտով նախատեսւած էր անխոչընդոտ ճանապարհ հայ սահմանապահների եւ մաքսային ծառայութեան առկայութեամբ։ Մենք դրանից հրաժարւեցինք, եւ դա պատճառներից մէկն էր՝ փակելու Բերձորի միջանցքը։ Փաստօրէն, միտումնաւոր այնպէս արեցինք, որ այն փակւի, հայերը դուրս տարւեն, հիմա էլ արդէն Հայաստանի տարածքում կատարենք նոյեմբերի 9-ի յայտարարութեան 9-րդ կէտը՝ խայտառակ ձեւով»։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանը։
«Նոյեմբերի 9-ի համաձայնագրի տակ ստորագրել է նաեւ Ռուսաստանը։ Պարզ է, թէ այդ երկրի վերնախաւում ինչ զզւանք եւ սրտխառնուք կայ Հայաստանի քաղաքականութեան հանդէպ։ Մի նախադասութիւն է ասել ՌԴ ԱԳՆ-ն, այն էլ՝ Մարիա Զախարովայի բերանով։ Նա ասել է, թէ դրական են գնահատում, նոյնն է ասել նաեւ փոխվարչապետ Օվերչուկը, բայց Օվերչուկի խօսքում այդ թեմայով որեւէ դրական բան չկայ։ Պարզ է, թէ ինչ են նշանակում ՌԴ-ի այդ ժլատ խօսքերը։ Նրանք հօ չէի՞ն ասի՝ դէմ ենք։ Նրանց տւած գնահատականը համապատասխանում է իրենց վերաբերմունքին, որովհետեւ Հայաստանի հանդէպ նրանց քաղաքականութեան մէջ կայ հետեւեալը՝ տալի՞ս են, թող տան, մէկ է՝ վաղ թէ ուշ վազելու են այստեղ, մենք դեռ կորոշենք՝ օգնե՞լ նրանց, թէ՞ ոչ։ Ո՞վ է մեզ օգնել մինչեւ հիմա՝ ոչ ոք»,- ասել է քաղաքական գործիչը։
«Կը կրկնւի 105 տարի առաջւայ սցենարը, դժւար է ասել՝ որքան կը մնայ Հայաստանից, բայց հերթական անգամ մենք ինչ-որ բան կը կորցնենք։ Հայաստանի տարածքով անցնելիք բեռներից գանձւող փողի 30 տոկոսը գնալու է Ալիեւին, թէեւ ստորագրւած է՝ Թրամփի անւան խաղաղութեան եւ բարգաւաճման ճանապարհ։ Ասենք, Ղազախստանից մի ցիստեռն է գալիս, 44 կմ-ի վրայ նա կմ-ի հաշւարկով պէտք է վճարի 1-1,5 դոլար՝ ըստ միջազգային գների։ ԱՊՀ-ի գինը 0,5 դոլար է, բայց այստեղ արդէն ԱՊՀ չկայ։ Ստացւում է՝ անցնելու համար պիտի վճարի 40 դոլար, որի 30 տոկոսը՝ մօտ 13 դոլարը, մենք հետ ենք փոխանցելու Ադրբեջանի բիւջէ։ Ասում են՝ 10 տոկոսն էլ Սիւնիքի զարգացմանն է գնալու, բայց բոլորն էլ վտանգը հասկանում են։ Երբ այդ միջանցքն սկսեն կառուցել, Մեղրի, Ագարակ, Լիճք, Լեհւազ, Շւանիձոր բնակավայրերը դատարկւելու են»,- նշել է Բագրատեանը:
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Հայաստանը որեւէ օգուտ չունի այս միջանցքից. «Կոնցեպտը պարզ չէ։ Այնտեղ լինելու է ինչ-որ աւտոէստակադա, որը թանկ է, չեն կառուցի։ Այնտեղ դա հնարաւոր չէ կառուցել։ Միայն Մեղրիի հատւածում՝ գետի ափին, կառուցելու տեղ կայ։ Գետի ձախ ափին Հայաստանն է, ժայռեր են։ ԽՍՀՄ-ն այդ թունելը մի կերպ է փորել։ Երկաթգիծը հիմնականում թունելների միջով էր անցնում։ Թունելներն այսօր էլ կան, պէտք չէ դրանք նորից կառուցել, բայց երկաթգծի պաստառը չկայ։ Աջ կողմում՝ իրանականում, անգամ 10 մետրի տեղ չկայ, որ աւտոճանապարհ կառուցեն»:
«Նռնաձորից նորից հարթավայր է սկսւում, մինչեւ Նռնաձոր՝ Ադրբեջանի կողմից ճանապարհ կայ։ Վահագն Խաչատրեանն անհեթեթ բաներ է դուրս տալիս։ Որտեղի՞ց պիտի միլիարդներ հոսեն, եթէ միջանցքը մերը չէ։ Երկրորդ, եթէ խօսքը վերաբերում է Նախիջեւան-Ադրբեջան բեռնափոխադրումներին, տարեկան ծաւալն առաւելագոյնը 200 հազար տոննա է։ Լոգիստիկայի տեսանկիւնից՝ Հայաստանի ամբողջ ապրանքաշրջանառութիւնն արտաքին աշխարհի հետ տարեկան 4-5 մլն տոննա է։ Հայաստանի տարածքը 30 հազար քառ․ կմ է, բնակչութիւնը՝ 3 մլն։ Իսկ Նախիջեւանը թերզարգացած մի տարածք է»,- ասել է Հրանտ Բագրատեանը: