Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախի Հանրապետութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրւած համաձայնագրի համատեքստում

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ

Քաղաքագէտ

 

2025 թ. օգոստոսի 11-ին հրապարակւել է «Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ խաղաղութեան եւ միջպետական ​​յարաբերութիւնների հաստատման մասին» Վաշինգտոնում նախաստորագրւած համաձայնագիրը (այսուհետեւ՝ Համաձայնագիր):
Համաձայնագրի նախաբանում յիշատակւած միջազգային իրաւական բոլոր ակտերում արձանագրւած է ժողովուրդների ինքնորոշման մասին:

Այսպէս՝

  • համաձայնագրում յիշատակւած 1945 թ. յունիսի 26-ին ընդունւած Միաւորւած Ազգերի Կազմակերպութեան (այսուհետեւ՝ ՄԱԿ) կանոնադրութեան համաձայն՝ ինքնորոշման սկզբունքը սահմանւած է որպէս նպատակ, իսկ տարածքային ամբողջականութիւնը՝ որպէս սկզբունք:

Կանոնադրութեան 1-ին յօդւածի 2-րդ մասով, մասնաւորապէս, սահմանւած է. «Միաւորւած ազգերի կազմակերպութեան նպատակներն են… 2. Զարգացնել ազգերի բարեկամական յարաբերութիւնները՝ հիմնւած ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ինքնորոշման սկզբունքի յարգանքի վրայ…», իսկ կանոնադրութեան 2-րդ յօդւածի 4-րդ մասով, մասնաւորաբար, սահմանւած է. «Կազմակերպութիւնը եւ նրա անդամները, հետամուտ լինելով 1-ին յօդւածում շարադրւած նպատակներին, գործելու են հետեւեալ սկզբունքների համաձայն…. 4. Բոլոր անդամները միջազգային յարաբերութիւններում ձեռնպահ են ցանկացած պետութեան տարածքային ամբողջականութեան կամ քաղաքական անկախութեան նկատմամբ եւ/կամ Միաւորւած ազգերի նպատակներին անյարիր որեւէ այլ ձեւով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից:»:

Մէջբերումներից պարզ է դառնում, որ ՄԱԿ-ի կանոնադրութեան 2-րդ յօդւածում շարադրւած սկզբունքները պէտք է հիմք հանդիսանան կանոնադրութեան 1-ին յօդւածում շարադրւած նպատակներին հասնելու համար: Այսինքն՝ տարածքային ամբողջականութիւնը, որպէս ՄԱԿ-ի սկզբունք, պէտք է հիմք հանդիսանայ՝ հասնելու ժողովուրդների ինքնորոշմանը որպէս ՄԱԿ-ի նպատակի:

Փաստօրէն, ՄԱԿ-ի կանոնադրութեան համաձայն ժողովուրդների ինքնորոշումը տարածքային ամբողջականութեան նկատմամբ ունի գերակայ դիրք:

Տարածքային ամբողջականութեան նկատմամբ ազգերի ինքնորոշման իրաւունքի գերակայ դիրքի մասին է վկայում նաեւ Կոզովոյի անկախութեան վերաբերեալ ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի խորհրդատւական եզրակացութիւնը:

Արդարադատութեան միջազգային դատարանը 2010 թ. յուլիսի 22-ին ընդունել է խորհրդատւական եզրակացութիւն միջազգային իրաւունքի նորմերին Կոզովոյի անկախութեան միակողմանի հռչակման համապատասխանութեան վերաբերեալ:

Դատարանը քննութեան է առել նաեւ «տարածքային ամբողջականութիւն» հասկացութիւնը եւ տւել հետեւեալ մեկնաբանութիւնը. «տարածքային ամբողջականութեան սկզբունքի շրջանակը սահմանափակւում է միջպետական յարաբերութիւնների ոլորտով»:

Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ տարածքային ամբողջականութեան սկզբունքի մասին կարելի է խօսել միայն միջպետական յարաբերութիւնների ոլորտում, այսինքն՝ երկու կամ աւելի պետութիւնների միջեւ յարաբերութիւնների ոլորտում: Այդ ոլորտից դուրս չի կարելի խօսել տարածքային ամբողջականութեան սկզբունքի մասին: Տարածքային ամբողջականութեան սկզբունքը կարելի է կիրառել միայն պետութիւնների միջեւ յարաբերութիւնների մասին խօսելիս:

Քանի որ Ադրբեջան-Արցախ հակամարտութիւնը միջպետական յարաբերութիւնների ոլորտում գտնւող հակամարտութիւն չէ, հետեւաբար այս հակամարտութեան պարագայում չի կարելի խօսել տարածքային ամբողջականութեան սկզբունքի մասին:

Այսպիսով, Կոզովոյի անկախութեան միակողմանի հռչակման հետ կապւած ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատւական եզրակացութեան լոյսի ներքոյ օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանն Ադրբեջան-Արցախ հակամարտութեան կարգաւորման համատեքստում չի կարող խօսել Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան խախտման մասին:

  • Համաձայնագրում նշւած 1970 թ. հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի կողմից ընդունւած «ՄԱԿ-ի կանոնադրութեան համաձայն պետութիւնների միջեւ բարեկամական յարաբերութիւններին եւ համագործակցութեանը վերաբերող միջազգային իրաւունքի սկզբունքների մասին» հռչակագրի մէջ, մասնաւորապէս, արձանագրւած է. «ՄԱԿ-ի կանոնադրութեան մէջ ամրագրւած ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ինքնորոշման սկզբունքի ուժով բոլոր ժողովուրդներն իրաւունք ունեն ազատօրէն, առանց արտաքին միջամտութեան, որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը եւ հետամուտ լինելու իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացմանը, եւ իւրաքանչիւր Պետութիւն պարտաւոր է յարգել այդ իրաւունքը՝ (ՄԱԿ-ի – Ս. Հ.-Ջ.) Կանոնադրութեան դրոյթներին համապատասխան:…

Անկախ եւ ինքնիշխան Պետութեան ստեղծումը, անկախ Պետութեան հետ միացումը կամ միաւորումը, կամ որեւէ այլ քաղաքական կարգավիճակի հաստատումը, որը ազատօրէն որոշւել է ժողովրդի կողմից, հանդիսանում են տւեալ ժողովրդի կողմից ինքնորոշման իրաւունքի իրականացման ձեւեր»:

  • Համաձայնագրում յիշատակւած 1975 թ. օգոստոսի 1-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ստորագրւած Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան խորհրդաժողովի (ԵԱՀԽ) եզրափակիչ ակտում ամրագրւած միջազգային իրաւունքի տասը սկզբունքներից 8-րդ սկզբունքի համաձայն՝ «Ժողովուրդների իրաւահաւասար իրաւունքների եւ ինքնորոշման սկզբունքի հիման վրայ բոլոր ժողովուրդները միշտ իրաւունք ունեն, երբ եւ ինչպէս ցանկանում են, լիակատար ազատութեան մէջ, առանց արտաքին միջամտութեան որոշել իրենց ներքին եւ արտաքին քաղաքական կարգավիճակը եւ հետամուտ լինել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացմանը, ինչպէս իրենք ցանկանում են:»:

Վերը յիշատակւած միջազգային իրաւական ակտերի ուժով, ինչպէս նաեւ հետեւելով «Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի» սկզբունքներին եւ հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի մասին վկայող 1966 թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի կողմից ընդունւած «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրաւունքների մասին» եւ «Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին» միջազգային դաշնագրերն ու ԽՍՀՄ 1977 թ. հոկտեմբերի 7-ի խմբագրութեամբ Սահմանադրութեան 70-րդ յօդւածն ու «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետութեան դուրս գալու հետ կապւած հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990 թ. ապրիլի 3-ի օրէնքը, մասնաւորապէս՝ օրէնքի 3-րդ յօդւածը, որն ինքնավար կազմաւորումների ժողովուրդներին իրաւունք էր վերապահում ինքնուրոյն որոշելու իրենց պետական-իրաւական կարգավիճակի մասին հարցը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետութեան դուրս գալու դեպքում՝ ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամաւորների մասնակցութեամբ համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախութիւնը՝ վերականգնելով 1918-1920 թթ. ընթացքում 23 ամիսների կեանք ունեցած պետական անկախութիւնը, 1991 թ. սեպտեմբերի 2-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին» հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ յարակից Շահումեանի շրջանի սահմաններում:

Հանրապետութեան հռչակման մասին հռչակագրի ընդունումից աւելի քան երեք ամիս անց՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, 8 երկրներից՝ Հայաստանի Հանրապետութիւնից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իսպանիայից եւ Ուկրաինայից Արցախ ժամանած գրեթէ չորս տասնեակ անկախ միջազգային դիտորդների ներկայութեամբ Արցախի Հանրապետութիւնում անցկացւել է հանրաքւէ արդէն հռչակւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան հարցով, որին մասնակցել է քւէարկելու իրաւունք ունեցող քաղաքացիների 82.2%-ը: Արցախի Հանրապետութեան անկախութեանը կողմ է արտայայտւել քւէարկութեան մասնակիցների 99.89%-ը:

Հետեւաբար, Արցախի Հանրապետութեան քաղաքացիների ճնշող մեծամասնութիւնը կազմող ազգութեամբ հայերի՝ տիրոջ իրաւունքով եւ կարգավիճակով իրենց հազարամեակների բնօրրան՝ Արցախ, վերադարձն իրականութիւն դարձնելու եւ Արցախի Հանրապետութիւնում նրանց երաշխաւորւած, անվտանգ եւ ստեղծարար կենսագործունէութիւնն արդիւնաւէտ կերպով ապահովելու համար Արցախի Հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչումը հրամայական անհրաժեշտութիւն է:

Նախաստորագրւած համաձայնագրում յիշատակւած է նաեւ 1991 թ. դեկտեմբերի 21-ին ստորագրւած Ալմա-Աթայի հռչակագիրը, որի ստորագրման արդիւնքում, ինչպէս համաձայնագրում է նշւած «…նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետութիւնների միջեւ սահմանները դարձել են համապատասխան անկախ պետութիւնների միջազգային սահմանները եւ որպէս այդպիսին ճանաչւել են միջազգային հանրութեան կողմից…»:

Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետութեան ժողովրդի, Արցախի վտարանդի վարչակազմի, ինչպէս նաեւ միջազգային հանրութեան կարծիքով Ադրբեջան-Արցախ հակամարտութիւնը չի կարգաւորւել: Չկարգաւորւած հակամարտութեան համատեքստում Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրմամբ Արցախի Հանրապետութիւնը չի ճանաչւել Ադրբեջանի Հանրապետութեան մաս:

Բանն այն է, որ 1991 թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում ԽՍՀՄ 15 միութենական հանրապետութիւններից 11-ի ղեկավարների ստորագրած հռչակագրի մէջ, մասնաւորապէս, արձանագրւած է. «ճանաչելով եւ յարգելով միմեանց տարածքային ամբողջականութիւնը եւ գոյութիւն ունեցող սահմանների անխախտելիութիւնը»:

Մէջբերումից պարզւում է, որ փաստաթղթով նկատի են առնւել այն սահմանները, որոնք Խորհրդային Միութեան անդամ պետութիւններն ունեցել են ԽՍՀՄ-ում գտնւելու տարիներին, այսինքն` խօսքը վերաբերում է նախկին ԽՍՀՄ անդամ պետութիւնների տարածքային ամբողջականութեանը եւ սահմանների անձեռնմխելիութեանը:

Սակայն, սոյն ձեւակերպումը չի կարող վերաբերել Ադրբեջանին: Ինչո՞ւ: Բանն այն է, որ Ադրբեջանի Հանրապետութեան Գերագոյն խորհուրդը 1991 թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի Հանրապետութեան պետական անկախութեան վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նոյն թւականի հոկտեմբերի 18-ին ընդունել է նաեւ «Ադրբեջանի Հանրապետութեան պետական անկախութեան վերականգնման մասին» սահմանադրական ակտը:

Թէ՛ հռչակագրով, եւ թէ՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը յայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետութիւնը հրաժարւում է Խորհրդային Ադրբեջանի իրաւայաջորդութիւնից եւ իրեն յայտարարում է 1918 թ. մայիսի 28-ին հռչակւած եւ մինչեւ 1920 թ. ապրիլի 28-ը գոյութիւն ունեցած Ադրբեջանի Հանրապետութեան իրաւայաջորդը:

Իսկ ունեցե՞լ է արդեօք 1918-1920 թթ. գոյութիւն ունեցած Ադրբեջանի Հանրապետութիւնը հռչակւած եւ միջազգայնօրէն ճանաչւած սահմաններ: Պատասխանն աւելի քան միարժէք է՝ ՈՉ, քանզի 1918-1920 թթ. գոյութիւն ունեցած Ադրբեջանի Հանրապետութիւնը եղել է միջազգայնօրէն չճանաչւած: Ներկայիս ՄԱԿ-ի իրաւանախորդ Ազգերի լիգայի 4-րդ եւ 5-րդ կոմիտէները 1920 թ. դեկտեմբերի 1-ին բացասական եզրակացութիւն են տւել Ազգերի լիգային անդամակցելու մասին Ադրբեջանի Հանրապետութեան 1920թ. նոյեմբերի 1-ի գրաւոր դիմումին: Եւ Ադրբեջանի անդամակցութիւնն Ազգերի լիգային մերժւել է նախկինում երբեք պետութիւն չլինելու, հարեւան պարսկական նահանգի անւանումը իւրացնելու ու սեփական պետութեան անւանում դարձնելու եւ հարեւան երկրների հետ ունեցած սահմանային վէճերի պատճառով Ադրբեջանի ճշգրիտ սահմանները որոշելու անհնարինութեան պատճառներով:

Չունենալով հռչակւած եւ միջազգայնօրէն ճանաչւած սահմաններ՝ Ադրբեջանի Հանրապետութիւնը 1920 թ. ապրիլի 28-ին լքել է աշխարհի քաղաքական քարտէզը որպէս դէ ֆակտօ պետութիւն, որի իրաւայաջորդը հանդիսանում է ներկայիս Ադրբեջանը:

Անհրաժեշտ է նշել նաեւ, որ Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին՝ 1991 թ. դեկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետութիւնը հանդիսացել է, գրեթէ, չորս ամսւայ դէ ֆակտօ անկախ պետութիւն:

Պէտք է նշել նաեւ, որ նախաստորագրւած համաձայնագիրը հակասում է նաեւ Արցախի Հանրապետութեանը վերաբերող ՀՀ ներպետական օրէնսդրութեանը:

Այսպէս, ՀՀ Գերագոյն խորհուրդը, «հիմնւելով միջազգային իրաւունքի հիմնադրոյթների, ազգերի ինքնորոշման իրաւունքի, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան մասին 1991 թւականի դեկտեմբերի 10-ի հանրաքւէի արդիւնքների վրայ, յայտնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը եւ նրա ազգաբնակչութեան իրաւունքները պաշտպանելու վճռականութիւնը,… նշելով, որ կը պաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը,», 1992 թ. յուլիսի 8-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում ստեղծւած իրավիճակի մասին» որոշում, որտեղ, մասնաւորաբար, արձանագրել է. «Հայաստանի Հանրապետութեան համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը նշւած կը լինի Ադրբեջանի կազմում:»:

Կոպտօրէն խախտելով յիշեալ որոշումը, ինչպէս նաեւ Նիկոլ Փաշինեանի պաշտօնավարման օրօք՝ 2020 թ. յուլիսին, հրապարակւած ՀՀ Ազգային Անվտանգութեան ռազմավարութեան մէջ, 2021 թ. յունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրութիւնների առիթով հրապարակւած Նիկոլ Փաշինեանի գլխաւորած քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան նախընտրական ծրագրում եւ ՀՀ Կառավարութեան 2021-2026 թթ. ծրագրում Ադրբեջան-Արցախ չկարգաւորւած հակամարտութեանը վերաբերելի դրոյթները՝ ՀՀ գործող վարչակազմը Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի հետ նախաստորագրել է վերոնշեալ համաձայնագիրը:       

Այսպիսով, հիմնւելով վերոնշեալ փաստերի ու փաստաթղթերի հիման վրայ կատարւած վերլուծութեան վրայ՝ հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինեանին իշխանութիւնից հեռացնելուց, կամ նրա իշխանութիւնից հեռանալուց եւ ազգային, պետական շահերը սպասարկելու հետագիծ, ցանկութիւն ու կարողութիւն ունեցող Հայաստանի Հանրապետութեան նոր վարչակազմի ձեւաւորումից յետոյ Նիկոլ Փաշինեանն անխուսափելիօրէն պէտք է կանգնի Հայաստանի Հանրապետութեան քրէական դատարանի առաջ առնւազն Արցախի վերաբերեալ Հայաստանի Հանրապետութեան ներպետական օրէնսդրութիւնն ու իրաւական ակտերը կոպտօրէն խախտելու միջոցով Արցախի Հանրապետութիւնն Ադրբեջանի մաս ճանաչելու մեղադրանքով:

Related Articles

Back to top button