Բլինքէնի զանգն Ալիեւին, ԱՄՆ շտապողականութիւնն ու Հարաւային Կովկասից չհեռանալու ՌԴ որոշումը․ ինչո՞ւ է Բլինքէնը զանգահարել Ալիեւին
ԱՄՆ երկու փոխպետքարտուղարների գրեթէ միաժամանակ Երեւան կատարած այցերից յետոյ յայտնի դարձաւ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնը զանգահարել է Իլհամ Ալիեւին։ Պետդեպարտամենտի փոխանցմամբ, Բլինքէնը շեշտել է խաղաղութեան համաձայնագրի ուղղութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի շարունակական առաջընթացը եւ ընդգծել համաձայնագրի անյապաղ կնքման կարեւորութիւնը՝ վերահաստատելով այդ ուղղութեամբ ԱՄՆ աջակցութիւնը։
Ադրբեջանի նախագահի գրասենեակն իր հերթին հաղորդել է, որ խաղաղութեան օրակարգն առաջ մղելու տեսանկիւնից Ալիեւն ընդգծել է «Հայաստանում Սահմանադրութեան, համապատասխան օրէնքների եւ ներքին նորմատիւ իրաւական ակտերի հիման վրայ Ադրբեջանի դէմ տարածքային պահանջներին վերջ տալու կարեւորութիւնը»։
Ադրբեջանի նախագահը նաեւ ասել է, որ «ժամանակն է պաշտօնապէս դադարեցնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ դրան առնչւող բոլոր կառոյցների գործունէութիւնը, որպէսզի ամբողջութեամբ փակւի անցեալի մնացորդ հակամարտութեան էջը»։
Սրան զուգահեռ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը յայտարարել է․ «Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել ադրբեջանական կողմին, եւ պատրաստ ենք դրանք վերջնական տեսքի բերել եւ պայմանագիրը կնքել առաջիկայ ամսւայ ընթացքում, ինչպէս արդէն առաջարկել ենք։ Ցաւօք, մինչ օրս այդ առաջարկին ադրբեջանական կողմից պատասխան չենք ստացել: Աւելին, Ադրբեջանն առաջ է քաշում նոր խնդիրներ, ինչն առնւազն հարցեր է առաջացնում մեր եւ աւելի լայն տարածաշրջանում խաղաղութեան վերջնական նպատակի հարցում նրանց անկեղծութեան վերաբերեալ»։
Գնահատելով ԱՄՆ ակտիւութիւնը վերջին երկու շաբաթների ընթացքում Հարաւային Կովկասում, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ փոխպետքարտուղարների այցն ու Բլինքէնի զանգն Ալիեւին իսկապէս պէտք է դիտարկել մէկ փաթեթի մէջ, քանի որ ԱՄՆ-ը ցանկանում է ամէն կերպ մասնակիցը դառնալ գործընթացին, ձեռք բերել գերակայ ազդեցութիւն ռեգիոնում՝ այն վերածելով հակառուսական գօտու։
«Կողմերը մօտենում են ստորագրմանը, եւ ԱՄՆ-ը անհանգստանում է, փորձում է իր մասնաբաժինն ունենալ այս գործընթացում, հետագայում ստանալով նաեւ ազդեցութիւն ապաշրջափակւելիք ճանապարհների նկատմամբ, որոնց մասին բաց տեքստով խօսում է ԱՄՆ Պետքարտուղարութիւնը»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Տարասովը։
Նա յիշեցրեց փոխպետքարտուղար Օ՛Բրայէնի այն յայտարարութիւնը ՀՀ-ում, որ ԱՄՆ-ը ոգեւորում է. Միացեալ Նահանգները խրախուսում է Ադրբեջանին եւ Հայաստանին աւարտին հասցնել խաղաղ համաձայնագիրը առաջիկայ շաբաթների ընթացքում եւ անընդունելի է համարում մանեւրները կողմերից համաձայնութեան հասնելու համար:
«Օ՛Բրայէնը կոչ էր արել նոր պահանջներ ներկայացնելու քաղաքականութիւնը, ինչը, կարծում եմ՝ ինչ-որ տեղ ուղղւած էր նաեւ երկու կողմերին, քանի որ նա նաեւ խօսել էր ապաշրջափակման մասին՝ ասելով, որ Կենտրոնական Ասիայից դէպի Միջերկրական ծով առեւտրային ուղի կառուցելու համար պատմական հնարաւորութիւն է ստեղծւել, որը տեղի կունենայ այն դէպքում, եթէ խաղաղութիւն լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
Ի դէպ, այս ճանապարհը, որը ներառում է նաեւ Զանգեզուրի ճանապարհը կամ միջանցքը, դիտարկւում է՝ որպէս Ռուսաստանի ու Իրանի ազդեցութեան դէմ պրոյեկտ։ Հէնց դա էր պատճառը, որ ԱՄՆ-ը, Բրիտանիան ամէն կերպ աշխատեցին, որպէսզի Ադրբեջանը Նախիջեւանին կապող իրանական երթուղին չգործարկւի, նման ուղիղ յայտարարութիւններ էր արել նոյն Օ՛Բրայէնը։ Կարծում եմ՝ դա շատ էական է հասկանալու համար ԱՄՆ շահերն ու դրանցից բխող քայլերը»,- ասաց վերլուծաբանը։
Ըստ Տարասովի՝ ներկայումս ԱՄՆ-ն ուղիղ մասնակցութիւն չունի հայ-ադրբեջանական բանակցութիւններին։
«Թէեւ ես այն համոզմանն եմ, որ ՀՀ բոլոր առանցքային քայլերը, այդ թւում՝ յայտարարութիւնը, որ համաձայնագիրը կարող է ստորագրւել առաջիկայ մէկ ամսւայ եւ առաջիկայ շաբաթների ընթացքում, քննարկւած է ամերիկեան կողմի հետ։ Ըստ էութեան, օրերս Երեւանում նոյնպիսի յայտարարութիւն արեց նաեւ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։ Ուստի Երեւանի միջոցով կայ մասնակցութիւն գործընթացին անուղղակի կերպով, սակայն ԱՄՆ-ին աւելին է հարկաւոր, որի համար, կարծում եմ՝ Բլինքէնը զանգահարեց Ալիեւին եւ փորձեց հաւասարակշռել ԱՄՆ ջանքերը եւ ակտիւութիւնը կողմերի նկատմամբ, քանի որ Հայաստանին խոստացել են ռազմավարական գործընկերութիւն, սա, բնականաբար, խնդիր է դիտարկւում Ադրբեջանից, որի համար հարկաւոր է գործընթաց Ադրբեջանի ուղղութեամբ։ Պէտք է նշել, որ ԱՄՆ-ի քայլերում որոշակի շտապողականութիւն կայ, պայմանաւորւած ԱՄՆ նախագահական ընտրութիւններով»,- տեղի ունեցողն այսպէս բացատրեց վերլուծաբանը։
Տարասովը չի գտնում, թէ կոչն Ադրբեջանին՝ անյապաղ խաղաղութեան համաձայնագիր ստորագրելու մասին, առանցքային է։
«Առանցքայինը խօսակցութիւնը ստորագրման եւ առկայ խնդիրների մասին է։ Առանցքայինը Հայաստանի ուղղութեամբ ակտիւութիւնից յետոյ զանգն է Ադրբեջան՝ փարատելու համար Բաքւի մտահոգութիւնները։ Կընդունւե՞ն արդեօք դրանք՝ չեմ կարող ասել, բայց Ադրբեջանը որոշակի անկախութիւն է պահպանում Արեւմուտքից եւ Արեւմուտքի հետ համագործակցում է, երբ յստակ պատկերացում ունի, որ ակնկալիքները կը բաւարարւեն։ Ուստի հեռախօսազրոյցի վերաբերեալ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրութիւնում շեշտը, որ Ադրբեջանն է կազմել համաձայնագրի տեքստը, Ադրբեջանն է խաղաղութիւն հաստատել, թոյլ է տալիս ենթադրել, որ դրանով Ադրբեջանը հաստատում է իր, կարելի է անգամ ասել, երաշխաւորի դերակատարութիւնը ռեգիոնում։ Ուստի չեմ կարծում, որ համաձայնագիրը կարող է շատ մօտ ապագայում քննարկւել, սակայն ԱՄՆ-ը ցանկանում է դրանց մասնակցել, քանի որ առջեւում ապաշրջափակման բանակցութիւններն են»,- ասաց նա։
Տարասովը նաեւ կարեւոր համարեց ռուսական կողմի այն յայտարարութիւնը, որ ցանկութիւն կայ բացելու գլխաւոր հիւպատոսութիւն Սիւնիքում մինչեւ տարեվերջ։
«Նման հիւպատոսութիւն Սիւնիքում ունի նաեւ Իրանը։ ՌԴ-ն ցանկանում է բացել հիւպատոսարան ինչպէս Սիւնիքում, այնպէս էլ Ղարաբաղում։ Կարծում եմ՝ սրանք ՌԴ-ի կողմից առանցքային որոշումներն են, որոնք արտացոլում են ՌԴ հետաքրքրութիւնները եւ ռեգիոնից չհեռանալու որոշումը»,- նկատեց վերլուծաբանը։