Դենիս Դենիսով. «ԵՄ-ին անդամակցելու դիմաց կազմակերպութիւնը Հայաստանից կը պահանջի մի շարք պայմաններ»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ, ՌԴ կառավարութեանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագէտ Դենիս Դենիսովը Alpha News-ի հետ զրոյցում անդրադարձել է Հայաստանի եւրաինտեգրման հաւանականութեանն ու դրան Ռուսաստանի արձագանգին։
Փորձագէտի կարծիքով՝ անհրաժեշտ է հաշւի առնել, որ ԵՄ-ին անդամակցելու դիմաց կազմակերպութիւնը կը պահանջի կատարել արժէքային կողմնորոշումների հետ կապւած մի շարք պայմաններ:
«Հայաստանի եւրաինտեգրման գործընթացն աստիճանաբար իրականացւում է։ Չասեմ, որ ինտենսիւ տեմպերով, բայց միեւնոյն ժամանակ մենք գիտենք Հայաստանի ներկայիս քաղաքական էլիտայի առանցքային դէմքերի, Հայաստանի ղեկավարութեան դիրքորոշումը, որոնք բազմիցս յայտարարել են, որ ՀՀ-ի միակ այլընտրանքային ապագան ինտեգրումն է եւրոպական կառոյցներին:
Սակայն, դրա հետ մէկտեղ, հարկ կը լինի կենտրոնանալ նաեւ Հայաստանի բնակչութեան կարծիքի վրայ, որը լիովին ճիշտ չի համարում Հայաստանի՝ ԵՄ կառոյցին ինտեգրւելու որոշումը։ Կարելի է օրինակ բերել Եւրոմիութեանն ինտեգրման նմանատիպ գործընթացները, որոնք շարունակւում են աւելի քան 30 տարի։
Եւ այնտեղ ոչ թէ առաջընթաց չկայ, այլ նոյնիսկ երբեմն յետընթաց է նկատւում։ Դա նոյնիսկ կախւած չէ պետութեան եւ բնակչութեան ղեկավարների դիրքորոշումից, այլ աւելի շուտ Եւրոպական Եւրոմիութեան իրավիճակից:
Հարկ է նշել, որ ԵՄ-ին անդամակցելու դիմաց կազմակերպութիւնը կը պահանջի արժէքային կողմնորոշումների հետ կապւած մի շարք պայմանների կատարում։ Փորձից կարելի է ասել, որ նման գործընթացներում բնակչութեան հետ ղեկավարութիւնը հիմնականում պարզապէս չի խորհրդակցում եւ հաշւի չի նստում նրանց հետ։ Ուստի քաղաքական վերնախաւը կարող է դա անել նման պահանջների դէմ բողոքի ակցիաներին զուգահեռ։
Բնականաբար, այս գործողութիւններին կը յաջորդի ռուսական արձագանգը։ Կախւած ԵՄ-ին Հայաստանի այդ ինտեգրման կոնկրետ քայլերից, անպայման կը լինեն սիմետրիկ քայլեր ՌԴ-ի կողմից, որոնք բխելու են Ռուսաստանի ազգային շահերի եւ ազգային անվտանգութեան հարցերից։ Ենթադրել, որ նման գործընթացները ոչ մի կերպ չեն ազդի յարաբերութիւնների վրայ, միամտութիւն է։ Իհարկէ, պետութիւնների մակարդակով յարաբերութիւնները կը վատթարանան»,- ասել է Դենիսովը։
Միաժամանակ, ըստ նրա, բնական է, որ Մոսկւայում կը ցանկանային՝ Հայաստանը լիարժէք մասնակից լինէր ՀԱՊԿ-ին։ «Վերջին շրջանում ինձ մօտ յստակ զգացւում է հայկական քաղաքականութեան երկակիութիւնը, յատկապէս արտաքին ուրւագծում։ Ըստ երեւոյթին, Հայաստանի ներկայիս քաղաքական էլիտան այլ կերպ պարզապէս չի կարող։ Եւ ահա դրա հետ դեռ պէտք է համակերպւել, այդ թւում՝ Ռուսաստանի»,- ընդգծել է Դենիսովը։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Հայաստանը Ֆրանսիայի հետ պայմանագիր է կնքել «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման համար, փորձագէտը նշել է, որ իրականում դա Հայաստանին ոչ մի կերպ չի օգնի։
«Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ վերջերս կնքւած գործարքը, ըստ էութեան, չի կարող փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում եւ լրջօրէն ազդել որեւէ բանի վրայ։ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների շատ լուրջ սառեցման ներկայ կոնիւնկտուրայում սա զուտ խորհրդանշական ժեստ է, որը ցոյց է տալիս տարածաշրջանում եւ, մասնաւորապէս Հայաստանում ամրապնդւելու Ֆրանսիայի ցանկութիւնը: Իսկ պաշտօնական Երեւանի մտադրութիւնը՝ շարունակելու եւրատլանտեան ինտեգրմանն ուղղւած ջանքերը»,- ասել է Դենիսովը։