Փաշինեանը վաճառում է երազանքներ․ իրական քաղաքականութի՞ւն, թէ՞ մանիպուլացում յոյսով

ԳԱԳԻԿ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Ներկայիս հայկական իշխանութիւնների անարդիւնաւէտ գործունէութիւնը հասցրել է երկիրը այնպիսի վիճակի, երբ նրա փրկութիւնը կախւած է միայն հրաշքից: Եւ այս հրաշքը հայերին խոստացել է հէնց իշխանութիւնները: Ապրիլի 4-ին ստորագրւեց յայտնի «Եւրոպական Միութեանը Հայաստանի Հանրապետութեան անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրէնքը։
Որպէսզի նախաձեռնող խումբը հնարաւորութիւն ունենայ ներկայացնելու օրէնքի նախագիծը խորհրդարանում, 60 օրւայ ընթացքում հաւաքւել են քաղաքացիների ստորագրութիւնները, եւ Հայաստանի Կենտրոնական ընտրական յանձնաժողովը վաւերացրել է 52,351 ստորագրութիւն՝ թիւ, որը լիովին բաւարար է։ Սա արդէն իսկ խօսում է Հայաստանում եւրոպական ուղու նկատելի հասարակական աջակցութեան մասին։
Հետաքրքիր կը լինէր ուսումնասիրել, թէ ինչպիսի առաւելութիւններով է պայմանաւորում ԵՄ-ին անդամակցութիւնը դրա կողմնակիցների մեծամասնութիւնը, յատկապէս՝ ինչ շարժառիթներով են առաջնորդւում այս ընտրութիւնը կատարելիս։
Անշուշտ, նրանցից շատերը պարզապէս ցանկանում են «սուրճ խմել Միլանում», կամ՝ ընդմիշտ մեկնել «քաղաքակիրթ երկրներ» եւ ժամանակ առ ժամանակ լուսանկարւել հայկական տուֆի ֆոնին՝ տարին մի քանի անգամ՝ հայրենասիրական կարճատեւ այցերի ընթացքում։
Ոմանք կողմ են ցանկացած արեւմտամէտ նախաձեռնութեան՝ նպատակ ունենալով, որ Հայաստանը որքան հնարաւոր է կտրուկ խզի իր կապերը նախկին արտաքին քաղաքական հովանաւորի հետ։ Սակայն, հաւանաբար, շատերն ուղղակի փրկութեան յոյս են կապում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչը լիովին հասկանալի է։
Յոյսը մարդկանց ապրելու հնարաւորութիւն է տալիս՝ խուսափելով դեպրեսիայից, աւելի եւս՝ հնարաւորութիւն է տալիս անտեսել աւելի ու աւելի մտահոգիչ նորութիւնները եւ խուսափել անյարմար հարցերից։
Մարդկանց յոյս պարգեւի եւ նրանք կընտրեն քեզ՝ մոռանալով ինչ ես արել կամ չես արել դու իրական քաղաքականութեան մէջ։
Սակայն այսքանով ամէն ինչն էլ աւարտւեց։ Տեխնիկապէս, ընդունւած օրէնքը որեւէ կապ չունի եւրոպական ինտեգրացիայի հետ, քանի որ այն ԵՄ-ին անդամակցելու կարգաւորումներով գործընթացի մաս չի կազմում։ Նոյնիսկ ինքը՝ Փաշինեանը, ասել է, որ այս փաստաթուղթը չպէտք է ընկալւի որպէս ԵՄ անմիջապէս անդամակցելու յայտ, նրա խօսքերով հիմնական նպատակը Եւրամիութեանն մօտենալու պատրաստակամութեան ցուցադրութիւնն է:
Եւ այսպէս, Փաշինեանը հայ ժողովրդին յոյս պարգեւեց։
Փաստօրէն, այս օրէնքը Հայաստանին ոչ մի առաւելութիւն, հնարաւորութիւն կամ արտօնութիւն չի տալիս, եւ ըստ էութեան իրաւական ուժ չունի։ Այն նոյնիսկ չի նշանակում Հայաստանի խզումը արդէն իսկ գոյութիւն ունեցող դաշինքներից, այդ թւում՝ Եւրասիական տնտեսական միութիւնից եւ Ռուսաստանի հետ յարաբերութիւններից, թէեւ դժւարացնում է վերջինիս հետ կապը։
Հայաստանի Եւրոպական միութեանն անդամակցելու յայտի պաշտօնական ներկայացումը եւ դրա հետեւանքով Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) անդամակցութեան կորուստը անխուսափելիօրէն կը յանգեցնեն երկրի տնտեսական եւ աշխարհաքաղաքական դժւարութիւններին։
Այսպիսի քայլը Փաշինեանի համար ցանկալի չէ, քանի որ նա ձգտում է վերընտրւել 2026 թւականին։ Նրա միակ նպատակը՝ հայ ընտրողին յոյս տալն է:
Նրան առաւել հետաքրքրում է հայ ընտրողին եւրոպական ապագայի յոյս տալը, անկախ դրա իրական հնարաւորութիւններից։
Բացի այդ, եթէ յայտը պաշտօնապէս ներկայացւէր, ապա աւելի ակնյայտ կը դառնար այն փաստը, որ Հայաստանին ԵՄ-ում չեն սպասում եւ ոչինչ չեն առաջարկում։ Թերեւս ոչ մի երկիր, որը երբեւէ սկսել է եւրաինտեգրման գործընթաց, այսքան սառը ընդունելութեան չի արժանացել, ինչպէս Հայաստանը։
Հայաստանի վերաբերեալ Եւրամիութեան պաշտօնեաներից հնչած միակ արձագանգը ԵՄ ներկայացուցիչ Աննա Հիպպէրի կարճ նկատառումն էր, որ Բրիւսելը տեղեակ է օրինագծից եւ ուսումնասիրելու է այն։ ԵՄ-ն որեւէ արձագանգ չի տւել օրէնքի ուժի մէջ մտնելու վերաբերեալ, թէեւ Փաշինեանը պարբերաբար լսում է եւրոպացիներից զգուշօրէն ձեւակերպւած աջակցող յայտարարութիւններ, որոնք հիմնականում արտայայտւում են որոշումներ չկայացնող անձանց կողմից։
Այնուամենայնիւ, այս ամէնը թոյլ է տալիս գործող իշխանութիւններին խաղալ փաստերի հետ եւ սնուցել հայ հասարակութեան պատրանքները, մինչդեռ պաշտօնական յայտի ներկայացումը եւ ԵՄ-ի պատասխան արձագանգը հայերին կը ստիպէին բախւել իրականութեանը։
Ոչ մի նախադէպ չի եղել, որ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրւի այն երկրներին, որոնք ոչ ծովային, ոչ ցամաքային սահման չունեն Եւրոպական միութեան հետ (ինչպէս Վրաստանը)։
Պետութեան փոքր չափերը, ԵՄ-ի համար կենսականօրէն կարեւոր ռեսուրսների բացակայութիւնը, թոյլ տնտեսութիւնը եւ հարեւանների հետ տարածքային հակամարտութիւնները որեւէ հնարաւորութիւն չեն թողնում, որ Եւրամիութիւնը դիտարկի Հայաստանին որպէս արժէքաւոր ձեռքբերում։
Հայաստանը ԵՄ-ում կը դառնայ դոտացիոն անդամ, ֆինանսական բեռ, մինչդեռ Եւրոպան այս պահին չունի ազատ ֆինանսական միջոցներ, քանի որ դրանք ուղղւում են Ուկրաինայի աջակցութեան եւ Ռուսաստանի հետ լարւածութեան աճի պայմաններում ռազմական ծախսերի վրայ։
Արդեօ՞ք կան պատճառներ, թէ ինչու Հայաստանը կարող է հետաքրքրել Եւրոպական միութեանը՝ չնայած վերոնշեալ հանգամանքներին։
Պատճառներ կան, եւ Հայաստանը իսկապէս հետաքրքրում է Եւրամիութեանը։
Նախ՝ Եւրոպայի համար կարեւոր է վերջնականապէս դուրս բերել Հայաստանը ռուսական ազդեցութիւնից։ Երկրորդ՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը ունի մի առանձնայատկութիւն, որը գնալով աւելի կարեւոր է դառնում Եւրամիութեան համար։
Բանն այն չէ, որ Հայաստանը գտնւում է ինչ-որ «աշխարհի խաչմերուկում» (փաստացի՝ ոչ), այլ այն, որ Հայաստանի տարածքն է բաժանում Թուրքիան եւ Ադրբեջանի հիմնական մասը, թոյլ չի տալիս նրանց միաւորւել, եւ Եւրոպան շատ կը ցանկանար վերացնել այդ խոչընդոտը։
Ի՞նչ նպատակով։
Եւրոպան ցանկանում է անցկացնել գազատար Ադրբեջանի տարածքով դէպի Թուրքիա, ապա՝ դէպի Եւրոպա, ստանալ էժան գազ՝ ադրբեջանական կամ նոյնիսկ ռուսական, «լւացած» Ադրբեջանի միջոցով։
Ահա Եւրոպայի հիմնական շահերը Հայաստանում՝ անխոչընդոտ հաղորդակցութիւն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ։ Այս մասին բացայայտօրէն յայտարարել են եւրոպացի ղեկավարներ, այդ թւում՝ Ուրսուլա ֆոն դէր Լայէնը։
Բայց արժէ՞ արդեօք այս պատճառով ընդունել Հայաստանը ԵՄ կազմ, եթէ հնարաւոր է պարզապէս աջակցել այն ճնշմանը, որը Թուրքիան եւ Ադրբեջանը արդէն իրականացնում են Հայաստանի վրայ, եւ պահանջել «Զանգեզուրի միջանցքի» բացումը։
Եւրոպան հէնց այս ուղով էլ շարժւում է։ Իսկ Հայաստանի ռուսական ազդեցութիւնից դուրս բերելու հարցը լուծում են թուրքական ուժերը, եւ Եւրոպային բաւական է միայն աջակցել «Հարաւային Կովկասի ժողովուրդների հաշտեցմանը»։
Այսպիսի տրագիկոմիկական պարադոքս՝ Հայաստանը յոյս ունի, որ Եւրոպական միութիւնը կը փրկի իրեն Թուրքիայից եւ Ադրբեջանից, մինչդեռ հէնց ԵՄ-ի ծրագրերը Հայաստանի համար մեծապէս համընկնում են թուրքական եւ ադրբեջանական շահերի հետ։
Հետեւաբար, Հայաստանի անդամակցութեան հեռանկարները ԵՄ-ում ոչ թէ մշուշոտ են, այլ բացարձակապէս պարզ։ Դրանք պարզապէս չկան։
Այնուամենայնիւ, այս հեռանկարները կարելի է ընդգծել որպէս «անորոշ», «անվստահ», այսպիսով թողնելով յոյս, քանի դեռ պաշտօնական անդամակցութեան գործընթացը չի սկսւել։
Փաշինեանը կը փորձի հնարաւորինս երկար պահել այս յոյսը։ Կանցկացւեն ուսումնասիրութիւններ Կոպենհագենի չափանիշներին եւ Մաստրիխտի պայմանագրին համապատասխանութեան վերաբերեալ, կը բարելաււի օրէնսդրական համակարգը, քաղաքի կենտրոնում կը տեղադրւեն աղբի տեսակաւորման տարաներ, որոնք, ի վերջոյ, կը թափւեն նոյն Նուբարաշէնի աղբավայրում։
Ասֆալտի վրայ կը գծւեն հեծանւային ճեմուղիներ, ԵՄ-ը կը սկսի իր «հայաստանեան ներկայութեան» պատրանքային դրսեւորումները՝
– քաղաքացիական դիտորդական առաքելութիւնների ուղարկմամբ,
– փոքր դրամաշնորհների տրամադրմամբ (որոնք, ինչպէս միշտ, կը նստեն մեր պաշտօնեաների գրպաններում),
– այցերի կազմակերպմամբ։
Փաշինեանը կը շարունակի հանդիպումները եւրոպացի ղեկավարների հետ, գործընկերային համաձայնագրերի մշակումը, դէպի ԵՄ «ճանապարհային քարտէզների» ձեւաւորումը, որպէսզի պահի այս պատրանքը մինչեւ ընտրութիւնները, իսկ մենք նրան վերանշանակենք յուսալով, որ նա կաւարտի սկսածը։
Սակայն հարկ է նաեւ նշել, որ Հայաստանում եւրոսկեպտիցիզմը աճում է։
Ըստ Gallup International-ի վերջին հարցման, արդէն աելի քան 36%-ը չի հաւատում Հայաստանի ԵՄ անդամակցութեան հնարաւորութեանը, իսկ 18.5%-ը «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնութիւնը որակել է 2026 թւականի խորհրդարանական ընտրութիւններին նախապատրաստւելու քայլ։ Ի վերջոյ, հայ ժողովրդի ուղեղը մոլորեցնել այնքան էլ հեշտ չէ։ Հայը հնագոյն ազգ է, եւ մինչ օրս չի թողել, որ որեւէ մէկը իրեն ոչնչացնի:
news.am