Ինչո՞ւ հէ՛նց դեռահասութիւն

ԺՈՒԼԻԵՏ ԴԱՒԹԵԱՆ
Եթէ մանկութիւնը կարեւոր նշանակութիւն ունի մարդու զարգացման համար, քանի որ այն ուղեղի արագ աճի եւ զարգացման շրջան է, որտեղ հիմնական հմտութիւնները՝ ճանաչողական, ընկերային (սոցիալական), զգացմունքային եւ ֆիզիկական կարողութիւնները կազմւում են էապէս ձեւաւորելով անձի ապագայ ուսումնառութիւնը, վարքը եւ որպէս մեծահասակի ընդհանուր բարեկեցութիւնը՝ դեռհասութիւնն անկասկած արագ փոփոխութիւնների եւ անձի զարգացման համար ճգնաժամային շրջան է, որը կարող է տեւական ազդեցութիւն ունենալ անհատի կեանքի վրայ։ Այս ժամանակահատւածում արագ ճանաչողական աճ ապահովելու համար, ուղեղի կառուցւածքի եւ ուղեղի միացման կենսաբանական փոփոխութիւնները փոխազդում են փորձի, գիտելիքի եւ ընկերային (սոցիալական) փոփոխութիւնների եւ պահանջների վրայ: Կեանքի այս շրջանում զարգացած մտքերը, գաղափարները եւ հասկացութիւնները մեծապէս ազդում են անհատի ապագայ կեանքի վրայ եւ մեծ դեր են խաղում բնաւորութեան եւ անհատականութեան ձեւաւորման մէջ:
Դեռահասութեան տարիքային սահմանները հեշտ չէ սահմանել՝ հաշւի առնելով այն բարդ կենսաբանական եւ հոգեընկերային (հոգեսոցիալական) զարգացման գործընթացները, ինչպէս նաեւ տարբեր մշակոյթներում մանկութիւնից հասունութիւն տեղափոխւելու երկարատեւ անցումը: Նոյնիսկ դեռահասութեան սկզբի սահմանումները շատ տարբեր են հաստատութիւնների եւ հոգեբանական դպրոցների միջեւ: «Առողջապահութեան Համաշխարհային Կազմակերպութիւն»-ը (WHO) դեռահասութիւնը համարում է կեանքի փուլ մանկութեան եւ հասունութեան միջեւ՝ 10-ից մինչեւ 19 տարեկան: Հոգեբանութեան տարբեր տեսութիւններ եւ դպրոցներ դեռահասութեանը տարբեր սահմանումներ են տւել, այսուհանդերձ «Ամերիկեան Հոգեբանական Ընկերակցութիւն»ը (APA) դեռահասութիւնը սահմանում է 10-ից 18 տարեկանի միջեւ: Աւելին, «Ամերիկեան Մանկաբուժութեան Ակադեմիա»-ն (AAP) գտնում է դեռահասութեան երեք փուլ հիմնւած ֆիզիկական եւ մտաւոր/յուզական փոփոխութիւնների վրայ՝ 10-ից 13 տարեկան՝ վաղ պատանեկութիւն, 14-ից 17 տարեկան՝ միջին պատանեկութիւն, 18-ից 21 տարեկան՝ վերջնագոյն պատանեկութիւն։
Դեռահասութեան ընթացքում հոգեընկերային (հոգեսոցիալական) փոփոխութիւնների ֆիզիկական հիմքերը պարզելու եւ տարիքի հետ կապւած սահմաններ գծելու համար այստեղ կը փորձենք ամենամատչելի եւ դիւրըմբռնելի ձեւով ուսումնասիրել ուղեղի փոխակերպումները եւ դրանց խոր ազդեցութիւնը անձի զարգացման վրայ:
Երեխաների ուղեղը ամենագլխաւոր աճն է արձանագրում, երբ նրանք դեռ շատ փոքր են: Դեռ 6 տարեկանում, նրանց ուղեղն արդէն չափահասների ուղեղի չափի մօտ 90-95%-ն է կազմում: Վաղ տարիները ուղեղի զարգացման համար ճգնաժամային ժամանակաշրջան է, բայց ուղեղը դեռ շատ փոխակերպումների միջով է անցնում, որպէսզի կարողանայ որպէս չափահասի ուղեղ աշխատել: Հէնց դեռահասութեան շրջանում է, որ ուղեղի այս փոխակերպումը սաստկօրէն տեղի է ունենում ՝ շարունակելով մինչեւ 25 տարեկան:
Ուղեղի փոփոխութիւնը կախւած է դեռահասների տարիքից, փորձառութիւնից եւ հորմոնների փոփոխութիւններից: Հիմնական փոփոխութիւնն այն է, որ անհատի ուղեղի մտածողութեան եւ մշակման մասում չօգտագործւած կապերը (connections) անհետանում են: Միեւնոյն ժամանակ, ուղեղի այլ կապերն ամրապնդւում են, ինչը օգնում է բացատրել, թէ ինչու դեռահասները աւելի արագ են տեղեկատւութիւնը մշակում, քան երեխաները: Սա ուղեղի աւելի արդիւնաւէտ դառնալու ձեւն է:
Միւս հիմնական փոփոխութիւններից մէկը, որը տեղի է ունենում դեռահասութեան շրջանում, ուղեղի առջեւի հատւածի զարգացումն է՝ նախաճակատային կեղեւը, որը պատասխանատու է այն բանի համար, ինչ գիտնականներն անւանում են «բարձրակարգ ճանաչողութիւն»: Նախաճակատային կեղեւը պատասխանատու է գործողութիւնների հետեւանքները մշակելու եւ երեխայի մտածելու ունակութեան, խնդիրներ լուծելու եւ զգացմունքները վերահսկելու համար: Ուղեղի այս հատւածում փոփոխութիւնները շարունակւում են մինչեւ 20-ականների սկիզբը: Մէկ այլ ոլորտ, որը շարունակում է զարգանալ դեռահասութեան շրջանում, լիմպիկ համակարգն է: Լիմպիկ համակարգում ընդգրկւած կառուցւածքներից մէկը «ամիգդալա»-ն է՝ ուղեղի մէկ համկարգային հատւածը, որը պատասխանատու է յոյզերի եւ յուզական արձագանքների համար:
Լիմպիկ համակարգը ներառում է նաեւ «հիպոթալամուս»-ը, որը, ի թիւս այլ բաների, կարգաւորում է մարմնի հորմոնային (կամ էնդոկրին) համակարգը: Նախաճակատային կեղեւի հետ միասին, որն օգնում է կարգաւորել մեր զգացմունքները, այն փաստը, որ «ամիգդալա»-ն եւ «հիպոթալամուս»-ը դեռեւս զարգանում են դեռահասութեան տարիներին, օգնում են բացատրել, դեռահասների դիւրազգացութիւնը կամ յուզական պոռթկումները։ Ուղեղը զգալի փոփոխութիւններ է կրում դեռահասութեան շրջանում՝ մօտաւորապէս 11-ից 25 տարեկան հասակում, սակայն ամենաուշագրաւ փոփոխութիւնները տեղի են ունենում 13-ից 15 տարեկանում:
Յատկանշական է նաեւ նշել, որ ուղեղի նախաճակատային կեղեւի հասունացման ընթացքի եւ յոյզերի համար պատասխանատու լիմպիկ համակարգի աւելի աշխուժանալու հետեւանքով անձի մօտ հոգեկան/մտայյին առողջութեան հետ կապւած խնդիրները յաճախ առաջանում/աճում են հէնց դեռահասութեան շրջանում։
Դեռահասութիւնը կարեւոր ժամանակաշրջան է անձի արժէհամակարգը ձեւաւորելու համար, քանի որ այդ ժամանկաշրջանը ինքնաբացայայտման բուռն շրջան է, որտեղ անձը աշխուժութեամբ, ձեւաւորում է իր ինքնութիւնը, իր արժէքները՝ դարձնելով այն մեծահասակ դառնալու հիմնարար տարր: Այս ընթացքում նրանք աւելի ընկալունակ են ուսումնասիրելու եւ ամրապնդելու իրենց համոզմունքները ճիշտի եւ սխալի վերաբերեալ, ինչը կարող է էականօրէն ազդել նրանց ապագայ որոշումների եւ կեանքի գործողութիւնների վրայ:
Դեռահասութեան շրջանում արժէքային համակարգի եւ բարոյական զարգացման գործընթացը ոչ միայն օգնում է դեռահասներին ներգրաւել հասարակութեան մէջ, այլ նաեւ նպաստում է ազնիւ մարդ եւ ամենալաւ առողջութիւնն ապահովելուն:
* Ժուլիետ Դաւթեանը ներկայիս պաշտօնավարում է ԱՄՆ Արդարադատութեան-ներգաղթեալների վերանայման գործադիր գրասենեակում, անցկացնելով իր թեկնածուական (PhD) հետազօտութիւնը ընկերային/մշակութային հոգեբանութեան ոլորտում Հայաստանի Խաչատուր Աբովեանի անւան մանկավարժական համալսարանում:
Ըստ նրա՝ «ԱԼԻՔ»-ը եղել է իր դեռահասութեան շրջանի հայ գրի եւ գրականութեան հանդէպ մեծ արժէք սերմանող շատ կարեւոր դերակատարը, երբ նրա պատանեկան բանաստեղծութիւնները տպագրւել են «ԱԼԻՔ»-ի «Պատանեկան էջ»-ում։