ՀամայնքՀասարակական

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԻՋՈՎ ԱՆՑԱԾ ՀԱՄԱՅՆՔ ԵՆՔ

Ու ցաւով՝ ցաւը բուժելուն սովոր

Գլխում պահւող յիշողութիւնները յաճախ ժամացոյցի սլաքների պէս են վարւում մարդու հետ: Նոյնիսկ եթէ դրւագ կայ, որի մասին յիշելը սովորաբար առօրեայի մաս չէ, դարձեալ չաշխատող ժամացոյցի պէս օրւայ ընթացքում երկու անգամ կարող է ճիշտ ժամը ցոյց տալ:

Նման ճակատագիր են ունենում, յատկապէս այն իրողութիւնները, որոնց մասին մտահոգւելու պատճառ չունես, քանի որ գիտես այդ մասին մտածողներին, ու գիտես, որ իրենց գործն ու անելիքի մասին լաւ գիտեն:

Պատերազմը հէնց այդպիսին, բռնկւելու դէպքում բոլորի հայեացքներն նոյն կողմ են ուղղւում, որտեղից վերադառնողների թիւը զիջում  է գնացողների թւին: Պաշտպանութիւնը կեանք արժէ…

Մեզանից շատերի յիշողութեան ալբոմը որ թերթում ես, հաստատ բացւելու է 8-ամեայ պատերազմի այդ էջը: Կանգ ես առնելու, յատկապէս, այն լուսանկարների վրայ, որոնք արթնացնում են կռւի տարիների մոխրագոյն յիշողութիւնները: Չար կատակ լինի ոնց որ յաղթանակի հպարտութիւնը, աշխարհագրութիւն չունի… հերոսացած որդիների մայրերին հարցրէք: Հպարտութեան գինը նրանք են, որ գիտեն…յաղթանակների ախորժակը նւիրաբերած կեանքով է փակւում…

Նոյն լուսանկարների այդ էջը յիշեցնում է այն օրերը յաճախ, որ դպրոցում տեսածդ բարձր դասարանների տղանների լուսանկարով գոյժը մէկ էլ յայտնւում էր քաղաքամասի խանութների ապակիներին ու պատերին:  Շշմելու էր: Լռութիւն էր տիրում բոլորի դէմքերին, չասւած բայց հազար անգամ ընկալւած խօսքեր էին փոխանակւում աչք աչքի ընկնելով:

Ու մարդիկ չգիտես բնազդից էր, թէ ինչից, մէկը միւսին հետեւելով շարժւում էին դէպի թաղի եկեղեցին: Ու թաղամասով մէկ  ամէնուր խունկի հոտն էր տարածւած…

Դրւագ՝ խնդրի չերեւացող երեսից

«Բանբերը»: Ինքն իրեն այդպէս կոչեց մի անգամ, երբ սառչող սուրճի շուրջ զրոյցի էինք բռնւել: Սուրճն առաջին անգամ դառնահամ թւաց ինձ, երբ վերջերս կեանքին հրաժեշտ տւած աւագ գործընկերս՝ Վարդան Դաւթեանը յուշերի գիրկն ընկած պատմում էր, թէ ինչպէս է նահատակ հայ տղաների լուրը տարել նրանց հարազատներին: Բանբեր ասելով կարծես ինքն իրենից վրէժ լուծած լինէր: Ամէն անգամ նոյն ապրումները միթէ կարելի է ապրել ու զգալ նոյն ցաւը սրտի վրայ…ասաց Վարդանն ու աչքերը մաքրեց…

«Այդպէս (պետական օրգանների ու մարմինների) մի քանի հանդիպումների արդիւնքում իմ եւ այդ մարմինների հասարակայնութեան հետ կապերի միջեւ գոյացել էր ընկերական-գործնական կապեր: Այդ կապը շարունակում էր գործել նաեւ պատերազմի օրօք մեր զոհւած տղաների նահատութեան լուրը փոխանցելու, կամ սառնարաններում մեր հերոսների մարմիներն ու անձը հաստատելու համար այցերով: Ամէն նման այցից յետոյ այլեւս դու առաջւանը չես: Երբ տեսնում ես այն, ինչի մասին նոյիսկ պատկերացում ունենալ չէիր կարող…»,-շարունակում է պատմել ու դու միայն ձայներ ես լսում ու այլեւս պատմութիւնը չէ, որ դաջւում է մտքումդ:

Պատմեց նաեւ այն լուսաբացի մասին, երբ Մեհրաբադ տեղափոխած դիերի ինքնութիւնը հաստատելու համար էին իրեն կանչել օդանաւակայան: «Մի օր էլ եկան ու ասացին շտապ գործ կայ: Միասին տեղափոխւեցինք Թեհրանի Մեհրաբադ օդակայանին կից զօրանոցներից մէկը: Գորածարանի տարածք յիշեցնող մեծ դահլիճ կար այնտեղ, որտեղ մի գլխից հսկայ օդարակիչներ էին սառը հոսանք փչում, իսկ միւս կողմը հզօր օդափոխիչն էր ահռելի ձայնով բարձրացող հոտը դուրս քշում: Զոհւածների մարմիններն անձնական տւեալներին համապատասխանեցնելու գործընթաց էր գնում: Ոորշ ընտանիքներ ու մայրեր լսելով այս մասին հասցրել էին արդէն հաւաքւել մուտքի մօտ: Նրանց ճիչը կորում էր օդափոխիչի ձայնի մէջ: Մութ կար ու մէկ էլ օդային տագնապի բերումով կիսատ լոյսը հոսանքի հետ անջատւեց: Օդափոխիչի ձայնը լռեց ու մայրերի աղաղակը ամէնուր լսելի էր արդէն: Ես էլ այդ մթութեան մէջ մի պահ ոտքս սահեց պատգարակների արանքն ու գետին գլորւեցի: Թաց էր ամէն բան: Հազիւ ինձ հաւաքեցի ու այդ անորոշութեան ու մթան  մէջ ոտքի ելայ: Ու ինչ լսեմ: Մի քանի մետր այն կողմ, մէկն սկսեց բարձրաձայն աղմկել՝ այստեղ  կենդանացած նահատակ կայ…ու բոլորն սկսեցին վազւզել: Ես հազիւ զսպում էի արտասուքս ու մի կերպ լսելի դարձրեցի ձայնս՝ այդ ես եմ…»,- ու լռում է Վարդանը պլաստիկ ժպիտը դէմքին…

 

Դրւագ երկրորդ՝ գերեզմանատուն

Այնքան հեռու թւացող այդ ճանապարհին կարծես վերջ չկար…հանրակառքերում մարդիկ կանգնած ու մէկը միւսից բռնւած օրօրւում էին ու շարժւում վարորդի  ամէն մի արգելակով: Բազմութիւնը դեռ չգիտէր, որ նահատակ տղաներին յատկացւած այդ բաժինն ու շարքը դեռ ինչքան պիտի երկարի:

Կանայք հարազատ որդի կորցրածի ցաւով էին ողբում, իսկ տղամարդիկ չփորձելով հանգստացնել, կարծես ներքուստ լաց եղած լինէին: Մի խումբն էլ թափօրից առանձնացած Բահման էին ծխում ու ֆիլտրին հասած սիգարէտով սիգարէտ կպցնում…

Այստեղ  նորից ես յիշում Վարդանին, յատկապէս այն պատմութիւնը, որ , երբ ռազմաճակաում զինւոր ունեցող ընտանիքների փողոցով անցնելիս էր լինում,  ընտանիքի մայրը նրան տեսնելիս ոտքերը թուլանում էին…ու ինքն ինչքան ջանք էր գործադրում հաւատացնելու հաւար, որ այդ հանդիպումը պատահական է ստացւել:

 

F-14 Tomcat-ի շարքից դուրս եկած շարժիչը «հաւաքած»  իրանահայ ինժեները

Պատերազմի դէպքում՝ երկրին օդ ու ջրի պէս  պէտք են օդուժն ու ռազմօդանաւերը: Իրանի բանակը ԱՄՆ-ից բացի միակն էր, որն օժտւած էր F-14 Tomcat բազմագործառոյթ եւ ժամանակին մրցակից չունեցող ռազմօդանաւերի քանակութեամբ:

Անհաւասար պատերազմում, երբ շուրջ 75 պետութիւն, այդ թւում Խորհրդային միութիւնն ու ողջ Արեւմուտքը, կանգնած էր Սադդամի թիկունքին, Իրանի օդուժի կարողութիւնը կարող էր ամէն առիթով խոցելի թւար, եթէ խոցւած ինքնաթիռ յայտնւէր շարքից դուրս եկած տեխնիկանների ցուցակում:

Իրանահայ աւիացիոն ինժեներ Գ.Խ-ն (անունը պահւած է «ԱԼԻՔ»-ում, յատուկ նկատառումներով) այն անձն էր, որի անունով շատերը սկսեցին երդւել, երբ մի ամբողջ իրաքեան օդուժի մղձաւանջ դարձած, բայց շարքից դուրս եկած շարժիչով, F-14-ներից մէկի  շարժիչն է համարձակւում բացել եւ խնդիրը լուծելուց յետոյ հետ հաւաքել , ու սա դեռ քիչ է յաջողութեամբ փոխում է անսարք մասնիկները նոր տաշած ու պատրաստածով ու աշխատացնում շարժիչը: 

Նա կէս կատակ՝ կէս լուրջ, եւ լուրջ մարդուն յատուկ հումուրով իհարկէ, սուրճի սեղանի շուրջ լեզւի տակից թրցնելով պատմեց մի անգամ, թէ ինչպէս է յաջողւում անսարք ռազմօդանաւի հիդրոլիկը վերանորոգել մի քանի «պաշկայ» սիգարէտով: Պարզապէս նրան սիգարէտի ծուխն էր պէտք: Նրա պահանջով մի քանի «բոքս»  շիրազ սիգարէտ են բերում, որի մասին կատակով ասում է՝ այն նոյնիսկ  չկպցրած տեղն էր մխում…Սիգարէտների հետ ներկայանում են նաեւ տեղը տեղին  ծխող մի քանի» զինծառայող: Պարզապէս նրանք պէտք էր ծխէին ու ծուխը նշւած խողովակից ներս փչէին…հասկանալիօրէն նա մեզ հասանելի լեզւով ու պատկերների օգնութեամբ էր պատմում, սակայն նշւած օրինակներում եւս ֆիզիկայի հիմնարար օրէնքները կային: Ծուխը անցնում էր շարժիչի մասնիկների միջով ու դուրս փախչում անսարք մասերից, որտեղ մասնիկները կարգին չէին կարւել իրար մէջ կամ աննկատ անցք էր բաց մնացել…

     

Վիետնամ յիշեցնող ֆիլմերի դրւագով հայ օդաչուի սխարագործութիւնը

Գնդապետ Արտեմ Մելիքեանի անունը շատերին է յայտնի: Չնայած այդ «շատերի» թւում հայերը գուցէ այնքան էլ շատ չեն, այնուամենայնիւ 8-ամեայ պատերազմի «Հաւանիրուզ»-ի գնդապետ Մելիքեանի անունը նոյնքան յայտնի է, ինչքան Շիրուդիի կամ միւս հերոսների: «Խէյբար» գործողութեան ինքնաթիռային սկադրանի հրամանատար հայ օդաչուն մեզ հետ զրոյցում պատմեց, որ պատերազմի առաջին օրւանից մինչեւ վերջին օրը եղել է տարբեր ճակատների երկնքում: «Ամբողջ պատերազմը տեսել եմ վերեւից: Որտեղ պէտք էր՝ այնտեղ էի եւ մեր երկրին ունեցած պարտքն էինք կատարում»,- նշում է Նոր Ջուղայում բնակւող Արտեմ Մելիքեանը:

«Գործողութիւններից մէկի ժամանակ  մեր ինքնաթիռներից մէկը խոցւել ու կործանւել էր: Չհաստատւած տեղեկութիւն կար օդաչուների ողջ լինելու մասին։ Գիտէինք, որ նրանց են փնտրում նաև իրաքցիները,  մենք գաղտնալսել էինք նրանց հաղորդագրութիւնները։ Որոնողական տարածքը գտնւում էր հակառակորդի գծի հետեւում։

Հրամանատարական կէտում, որտեղ նահատակ Սայադ Շիրազին ( այն ժամանակ գնդապետի կոչում ունէր) եկաւ մեզ մօտ ու ստուգեցինք քարտէզը։ Մօտեցայ ու ասացի, որ պատրաստ եմ մեկնելու:  Ասացի՝ տղաներին կը վերադարձնենք: Ինքն էլ ասաց՝ ոչ մի դէպքում, այլապէս հնարաւոր է, ձեր հետեւից էլ զօրք ուղարկելու կարիք լինի, յետոյ ի՛նչ։ Ես ասացի. «Ուրեմն դուք երբեւէ չէք տեսել հայերի յամառութիւնը»։ Նահատակ Սայադ Շիրազին աչքը չէր կտրում քարտէզից, բայց քթի տակ ծիծաղում էր,  ասաց. «Ինձ կեանք ես պարտք , եթէ չվերադառնաս»:  

Կես ժամ անց մենք կտրել անցել էինք իրաքցիների գիծը եւ սկսել էինք որոնումները թշնամու թիկունքում։ Ինձ հետ վերցրել էի երկու «Կոբրա»: Ինքս էլ BEL-212-ի վրայ էի, որպէսզի վերցնեմ օդաչուներին: Մենք հասել էինք այն նոյն կէտը, որտեղ վերջին անգամ ռադարի վրայ երեւացել էր ինքնաթիռը։ Դա մի ճահճուտ էր՝ մի քանի մետր  բարձրութեամբ եղէգներով։ Քիչ անց նկատեցի նարնջագոյն շերտով փչովի նաւակը։ Ուղղաթիռի քամին փոթորիկ էր ստեղծել, որով էլ եղեգների պարը քաոս էր ստեղծում մարդու սրտում։ Դա ե՛ւ գեղեցիկ էր, ե՛ւ սարսափելի: Ես վստահ էի, որ տղաները դեռ ողջ են: Վստահ էի նաեւ, որ մօտակայքում քողարկւած են իրաքցիները: Օդաչուները գրեթէ անգիտակից վիճակում ընկած էին նաւակում:

   Երկու կոբրաները ժամացոյցի սլաքների պէս սկսեցին օղակաձեւ պտոյտներ կատարել մեր շուրջը միաժամանակ անդադար «մինիգան» գնդացիներով կոմբայնի պէս հնձում էին ողջ տարածքը:  Մեզ հետ դեսանտային կար: Ջուրը նետւեց ու օդաչուները րոպէ չանցած ինքնաթիռում էին: Թշնամին կրկին ստորացած էր ու մենք սահմանը ճեղքած արդէն Իրանի երկնքում էինք ու օդաչուներին հիւանդանոց տեղափոխելու ճանապարհին էինք»:

Related Articles

Back to top button