Համայնք

Աստւածաշնչից հատւածներ

Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը օրաթերթիս է տրամադրել Աստւածաշնչից հատւածներ, որի համար մեր շնորհակալութիւնը յայտնելով տպագրում ենք ստացւած նիւթը:

Ընտանիքին հոգ տանելը, որ սկսւում է ընտանիքից, հասնում է ցեղ-ժողովուրդ-ազգ, ամէն մէկի եւ յատկապէս իւրաքանչիւր քրիստոնեայի սրբազան պարտքն է:

Ուրեմն ազգասիրութիւնը աստւածաշնչային անառարկելը ուսուցում է: Յիսուսին ընդունած եւ Յիսուսով ապրել ցանկացող որեւէ քրիստոնեայ, հայ թէ օտարազգի, Աստւածաշնչի խօսքերը հացի պէս կերած եւ ջրի պէս խմած պիտի լինի:

Այժմ ցանկանում եմ հարց տալ, թէ այդ ի՞նչ սատանայական մոլորութիւն է, որ տիրել է շատերի սրտերին ու մտքերին, ստիպելով նրանց կարծել, թէ Աստւածաշունչը կարդալ եւ սերտել ցանկացողները բողոքական են, իսկ ոմանք էլ այնքան հեռու են գնում, որ սատանաեավայել համարձակութեամբ Առաքելական եկեղեցու նմանօրինակ զաւակներին դուրս են անում՝ իբրեւ անցանկալի անձեր:

Որքան կուզէի, որ գէթ մէկ օրով Սահակ- Մեսրոպներ, Վարդան-Ղեւոնդներ, Լուսաւորիչ հոգով Շնորհալի-Նարեկացիներ ցած իջնէին՝ իրենց Աստւածաշունչ մատեանը ձեռքներին ու մեր մէջ վերստին արծարծէին հաւատի բոցերը Աստծոյ փառքի եւ մեր Առաքելական եկեղեցու եւ ժողովրդի հոգեւոր լուսաւորութեան համար:

Աստւածաշունչ սերտելով եկեղեցին հարստանում է հետեւեալ կողմերով:

. Հաւատւոր անդամներ է ունենում: Եկեղեցում երբ սկսւում է ժամերգութիւնը, վաղ ներկայացած ծխականները պէտք է տէր հայրի հետ երգեն ու աղօթեն: Եկեղեցու խորհուրդը, դպիրներն ու կիրակնօրեայի ուսուցիչները հաճոյքով պիտի ծառայեն: Տէր հայրը իր շուրջը «շքախումբ» ունենալու փոխարէն, իրենց անելիքը, դիրքը եւ սահմանն իմացող հաւատացեալներ պիտի ունենայ, որոնք հազար անգամ աւելի արդիւնաւէտ կերպով պիտի ծառայեն եկեղեցու պայծառացման համար:

. Աւելի ազգասէր ու հայրենասէր անդամներ է ունենում: Նրանք իրենց հոգեւոր լոյսով տեսնում են ազգի վիճակը եւ վստահելով Աստծուն ու Նրա Սուրբ Հոգու զօրութեանը կատարում են մեծ գործեր իրենք ազգի եւ հայրենիքի համար: Այդ մասին ընդարձակ խօսեցինք, բայց խղճի դէմ մեղանչած կը լինենք, եթէ չխօսենք Նւեմիա մեծ հայրէնասէր իշխանի մասին: Նւեմիայի գիրքը Եզրասի գրքի շարունակութիւնն է կազմում: Սկզբնապէս սրանք մէկ գրքի մէջ էին առնւած: Աշխարհական Նւեմիան, լինելով Եզրաս քահանայի ժամանակակիցը եւ բարձրաստիճան մի պաշտօնեայ, պարսից արքայից արքայ՝ Արտաշէսի արքունիքում, թոյլատրութիւն է ստանում իր տիրոջից, վերադառնալու Երուսաղէմ, որպէսզի զբաղւի իր հայրենիքի քաղաքական, տնտեսական եւ ընկերային կեանքի վերշինութեան գործով: Հասնելով այնտեղ, չնայած որոշ հակառակորդների ընդիմութեանը, նա պաշտպանութիւն է գտնում բազմաթիւ հայրենակիցների կողմից եւ նրանց հետ միասին վերակառուցում է Երուսաղէմի պարիսպները: Յանձնիս նրա՝ ընթերցողը տեսնում է գործարար, նախաձեռնող, համարձակ, մշտապէս աղօթքի զօրութեանն ապաւինող, ազնիւ եւ քաջարի մը հարէնասէրի:

Աստւածաշնչում Նւեմիա գիրքը միակ ինքնակենսագրական գիրքն է, եւ բաղկացած է 13 գլուխներից: Եկէք միասին կարդանք պարբերակներ այդ գրքից. «Եւ եղաւ Քասղեւ ամսումը Արտաշէս թագաւորի քսաներորդ տարին, որ Շուշան (Շուշ) մայրաքաղաքումն էի: Եւ իմ եղբայրնեից մէկը՝ Անանին եւ Յուդայից մի քանի մարդիկ եկան եւ ես նրանց հարցրի այն ազատւած հրեաների մասին, որ մնացել էին գերութիւնից, եւ Երուսաղէմի մասին: Եւ նրանք ինձ ասացին այն մնացորդները, որ մնացին գերութիւնից, այնտեղ գաւառումը մեծ նեղութեան ու անարգութեան մէջ են, Երուսաղէմի պարիսպները քանդւած եւ նրա դռները կրակով այրւած են:

Եւ երբ որ ես այս խօսքերը լսեցի նստեցի եւ լացի ու սուգ արի մի քանի օր. եւ ծոմ պահեցի ու աղօթք էի անում երկնքի Աստծոյ առաջին … (1. 1-4) … Եւ եղաւ Նիսան ամսումը՝ Արտաշէս թագաւորի քսաներորդ տարին, որ գինի կար նրա առաջին. եւ ես առայ գինին եւ տւի թագաւորին. եւ ես նրա առաջին տրտում եղած չէի: Եւ թագաւորն ասեց ինձ. Ի՞նչու համար է երեսդ տրտում, քանի որ դու հիւանդ չես. Սա ուրիշ ոչինչ չէ եթէ ոչ սրտի ցաւ. եւ ես խիստ վախեցայ եւ ասեցի թագաւորին. Արքայ, յաւիտեան կաց. ի՞նչու համար չտրտմի իմ երեսը, որ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը աւերակ է … (2.1-3): Եւ եթէ Նւեմիա գրքի էջերը մէկ առ մէկ թերթենք, կը տեսնենք որ թագաւորը պատրաստ է լինում զրկւել այդպէս բարձրաստիճան եւ ազնիւ նախարարից եւ նրան ուղարկում է Երուսաղէմ: Եւ այդպէս արքունիքում ապրած քաջ մարդը, եւ աշխարհիկ պատիւներով շրջապատւած Նւեմիան գնում է Երուսաղէմի նման աւերակ եւ քարուքանդ քաղաքը եւ 12 տարի ապրում այնտեղ: Բայց Երուսաղէմի եւ Յուդայի երկրի իշխանները միանալով հարեւան երկրների չարաբաստիկ իշխաններին խոչնդոտներ են առաջացնում նրա համար, բայց նա անտեսելով բոլոր այդ դժւարութիւնները շարունակում էր Երուսաղէմի պարիսպները կառուցել եւ քաջալերում էր իր մարդկանց ասելով. «…Մեր Աստւածը պատերազմելու է մեզ համար եւ այսպէս մենք գործը գործում էինք եւ կէսը նիզակներն էին բռնած արշալոյսը ծագելուց մինչեւ աստղերի երեւալը: Այն ժամանակ սա էլ ասեցի ժողովրդին, որ ամէն մարդ իր ծառայի հետ գիշերը Երուսաղէմում մնայ, որ գիշերները մեզ համար պահպանութիւն անեն եւ ցերեկը գործեն: Եւ ես ու իմ եղբայրները եւ իմ ծառաները եւ իմ յետեւից պահապան մարդիկը՝ ամենքս մեր հանդերձները չէինք հանում, բացի ամէն մարդ ջուրը ուղարկելուց» (4.20-23): «… Եւ յիշիր, ով իմ Աստւած, Տոբիային եւ Սանաբաղատին իրենց այս գործերի համար, նաեւ Նովադիա մարգարէուհին եւ միւս մարգարէներին, որ ինձ վախեցնում էին: Եւ պարիսպը լրացաւ Իլուլի քսանհինգին՝ յիսուներկու օրւայ մէջ: Եւ երբ մեր թշնամիները լսեցին, վախեցան մեր շուրջը գտնւող բոլոր ազգերը եւ շատ ցածացան իրենք աչքերի առաջին եւ իմացան որ մեր Աստւածանից եղաւ այս բանը նաեւ այն օրերի Յուդայի ազնւականները շատ նամակներ էին գրում, որ գնում էին Տուբիային եւ Տուբիայիները գալիս էին նրանց մօտ» (6.14-17): Ուրեմն Եհովայի վկաները չարաչար սխալւում են, որ ասում են Աստծուն հաւատացողները զէնք չպիտի վերցնեն, բայց կարդում ենք որ Նւեմիան զինել էր իր ժողովրդին:

Այնուհետեւ մի կրօնական հանդիսաւոր արարողութիւն է տեղի ունենում: Այդ արարողութեան ընթացքում Եզրաս քահանան մի ընթերցանութիւն է կատարում Աստծոյ օրէնքի մասին: Ղեւտացի քահանաները բացատրում են այն եւ հաւանաբար նաեւ թարգմանում նրանց համար, ովքեր չէին հասկանում եբրայերէն, եւ այդպիսով ժողովուրդը վերանորոգում է իր պարտաւորութիւնները Աստծոյ հանդէպ: Որովհետեւ շատ հրեաներ իրենց մայրենի լեզուն մոռացել էին ուստի մի ազգային զարթօնք է տեղի ունեում եւ Նւեմիայի վերջին գլուխներում կարդում ենք, որ այն հրեաների որ ամուսնացել էին օտարազգիների հետ, ձգում են իրենց ամուսինները եւ ամուսնանում հրեաների հետ: Եւ դարձեալ սկսում են շաբաթ օրերը խստութեամբ պահել: Կրօնական զարթօնքի մասին 8-րդ գլխի 8 համարում կարդում ենք. «Եւ կարդում էին Աստծոյ օրենքի գրքումը յստակ, եւ բացատրութիւն տալով հասկացնում էին կարդացածը»:

Ուստի ժամանակն է, որ մենք էլ Աստւածաշնչի պաշտօնեաների նման հասկանալի դարձնենք Աստծոյ խօսքը: Եթէ այդպէս անենք, նմանօրինակ արթնութիւն եւ ուրախութիւն կպատահի մեր ժողովրդի մէջ, որովհետեւ վերոյիշեալ համարը այսպէս է վերջացնում. «… բոլոր ժողովուրդը գնաց ուտելու, խմելու եւ բաժիններ ուղարկելու եւ մեծ ուրախութիւն անելու, որովհետեւ հասկանում էին այն խօսքերը որ նրանց իմացնում էին»: (8.12)

Ես հաւատում եմ, որ մեր օրերում էլ նմանօրինակ դէպքեր տեղի կունենան, երբ մեր եկեղեցու ժամագրքի փոխասացութիւնները, սաղմոսներն ու երգերը հասկանալի, մատչելի ու գեղեցիկ եղանակով, աշխարհաբար ճիշտ ոճով հնչեն մեր եկեղեցական դասերից, այնպէս որ թէ՝ ասողի եւ թէ՝ լսողի ականջներին հաճելի դառնան:

Մտածենք ի՞նչն է պատճառը, որ մեր երիտասարդութիւնը ուղղւում է դէպի այլ եկեղեցիներ: Պատճառներից գլխաւորը եկեղեցու լեզւին անծանօթ լինելն է: Թոյլ տւէք որպէս վկայութիւն մէջբերում անել մեր յայտնի վիպասան Րաֆֆուց: Նա իր մանկութեան շրջանից գրաբարի մասին այսպէս է ասում. «Ինձ երեւում է, որպէս թէ դրանք հայերէն չլինէին» (Րաֆֆի Երեւան 1987):

Պէտք է այս կարեւոր հանգամանքները նկատի ունենալ, որ նոր սերունդը նոր կեանքը, նոր պայմանները մեզ դնում են նոր անհրաժեշտութեան առջեւ: Բայց կրկնելով. անցեալով մխիթարւելով մենք կկորցնենք թէ անցեալը, եւ թէ երիտասարդութիւնը:

Դարեր է եւ դեռ շարունակւում է, մեր եկեղեցու զաւակները, լինեն նրանք տարեց թէ երիտասարդ, պատանի եւ մանուկ, սարկաւագ, թէ դպիր, եկեղեցու դասից փոխ են ասել՝ առանց փոփոխութեան եւ արդիականացման, ինչպէս մեծ հեղաշրջող բանաստեղծ՝ Պարոյր Սեւակն է ասում.

«Արձանացած անշարժ «փոխ»-եր

Ինչպէս տեղաշարժել, տեղից փոխել,

Դիակնացած «քարոզ» ու  «Ճառ»

Ինչպէս գտնել յարութեան Ճար,

Եղիցիներ, աւետիսներ,

Ախ թէ նրանց հնչող տեսներ…»:

Հարկ է շեշտել որ Մեսրոպ Մաշտոցի ժամանակից է, որ մեր ներկայ ժամագիրքը օգտւում ենք մեր եկեղեցիներում, թէեւ դարերի ընթացքում ուրիշ ականաւոր մարդկանց միջոցով նրան աւելացւեց իրենց տրւածի ու վստահւածի վրայ, որովհետեւ Մեսրոպն Աստծոյ շնորհիւ մեր առջեւ բացեց ազգային ու համամարդկային արժէք ունեցող ստեղծագործութիւնների անհատում հոգեւոր գանձարանը:

Ուրեմն այդ ազգասէր եւ հայրենասէր անձերից մէկն էլ Մեսրոպ Մաշտոցն էր, որ Ս. Գիրքը կարդալով, անդրադարձաւ, որ հայի հոգու խաւարը միայն Աստծոյ Խօսքով կարող էր փարատել եւ ինչպէս յաճախ կրկնում էր առաքեալի այս խօսքը. «Որ մի մեծ տրտմութիւն եւ անհատում ցաւ ունեմ իմ սրտում: Կուզէի որ ես ինքս էլ նզովւած լինէի Քրիստոսից իմ արիւնակից եղբայրների համար … »: (Հռոմէացիներին 9.2-3)

Մեսրոպն ասաց այս ձայնին ու հետեւեց նրան: Ի զարմանս ուրիշների, թողեց խոստումնալից պաշտօնը թագաւորական պալատում, Աստծոյ ծառայի կոչումը ընտրեց, եւ իր շուրջն աշակերտներ հաւաքելով սկսեց Աւետարանի բարի լուրը տարածել  Հայաստան աշխարհում:

Նա ունէր յունարէն կամ ասորերէն Աստւածաշունչ, որից կարդալով թարգմանում էր հայերէն: Ահա այս աւետարանչութեան ընթացքում էր, որ Մեսրոպն Աստծոյ շնորհիւ տեսաւ մեծ կարիքը, այն կարիքը, որին գոհացում տալով միայն հնարաւոր պիտի լինէր բաւարարել գալիք բոլոր մեծ ու փոքր կարիքները, եւ ամէն բանից վեր ու առաջ, այն ապագայի Աստւածաշունչ մատեանը, փրկութեան պիտի առաջնորդեր հայ հոգին:

Որքան խանդաւառիչ ու ներշնչող է Մեսրոպ Մաշտոցի այբուբենը սրտին սեղմած, հայրենիքի վերադառնալու նկարագրութիւնը Կորիւն Սքանչելու մօտ: Երասխ գետի ափին, թագաւորն ու իշխանական դասը, եկեղեցականների ու ժողովրդի հետ միասին, դիմաւորում են Մեսրոպին՝ հայ գրերի գիւտարարին, ինչպէս հրեայ ժողովուրդը դիմաւորեց Մովսէսին, երբ տասնաբանեան գրկած ցած էր իջնում Սինա լեռից:

Յոյսով եմ, որ հայորդիք այսքանը կարդալով, խորհեն որպէսզի նոր հորիզոններ բացւեն մեր կեանքում:Աղօթում եմ, որ Ամենակալ Աստւած տայ մեզ իմաստութիւն եւ յայտնութեան հոգի Իր գիտութեամբ, որ մենք ճանաչենք մեզ. Հասկանանք թէ ի՞նչ է մեր կոչումը եւ ի՞նչ է Իր ժառանգութեան փառաւոր մեծութիւնը եւ զգաստանանք ու փոխենք մեր ուղղութիւնը. փոխանակ օտար երկրներ ցրւելու Հայաստան դրախտավայրը հայի ձեռքով ապագայի համար վերակառուցենք Նւեմիայի նման:

Հաւատում ենք, որ Աստւած ամենից առաջ ընտրել եւ առատապէս օրհնել է մեր հայ ժողովրդին: Մեր մեծագոյն փափագն է որ մեր հինաւուրց ժողովուրդը իրեն ճանաչի:

Ինքնաճանաչումը, իբրեւ անհատ եւ հաւաքականութեան անդամ, մարդկային կեանքի ամենամեծ սկզբունքն է:

Պատահական չէ, որ Մեսրոպ Մաշտոցը ընտրել ու թարգմանել է Աստւածաշնչից այս խորիմաստ նախադասութիւնը. «Իմաստութիւն եւ խրատ (խէռադ) գիտենալու համար, հանճարի խօսքերը հասկանալու համար»:(Առակաց 1.2)

Ազգի ուժը իր բարոյական, գիտակցական, մարդկային ու հոգեւոր ըմբռնումի մէջ է, ինքն իրեն ճանաչելու, ըստ Սոկրատեսի «Ծանիր քեզ»-ը իմանալու մէջն է:

Աստծոյ խոստումները իրական են եւ անկորչելի. «Նա բժշկում է սրտով կոտրւածներին եւ փաթաթում նրանց խոցերը»: (Սաղմոս 147.3):

Այո, ինչպէս ասւեց եւ հիմա էլ ասում ենք, Աստւած անցեալում հային պահեց կորստից, ներկայիս ու ապագայում էլ մեզ հետ կը լինի:

Ուրեմն եկէք մեր նախահայրերի նման Աստւածաշունչը որդեգրենք, որպէս ուղեցոյց սերտենք, քարոզենք եւ գործադրենք նրա պատւիրանները: Եթէ ձեր տանն Աստւածաշունչ չկայ, գնացէք եւ մի տեղից գնէք, հենց հիմա, վերցրէք այն օրինակը, որը ձեզ աւելի է դուր գալիս, ունի ձեզ ամենայարմար չափն ու ամենադիւրընթեռնելի շարւացքը, եւ այժմ նստէք ու փորձէք ինքներդ պարզել, թէ ինչո՞ւ այդ միակ գիրքն է, որ ապրել է դարեր: Ձեզ համար պարզէք, թէ ինչպէ՞ս է, որ նա տալիս է մարդկային բոլոր կարիքների պատասխանը եւ պահպանում այն ուժն ու հաւատը, որոնք մարդկութեանն առաջ են շարժում:

Եթէ վաղուց չէք հաղորդակցւել Աստւածաշնչի հետ, ապա ծանօթութիւնը նորոգելու համար օգտակար կը լինի վերընթերցել Յովհաննէսի աւետարանը: Աստւածաշնչի ամենախորիմաստ գրքերից մէկը համարւելով հանդերձ, նա ամենապարզն է եւ առաւել դիւրըմբռնելի: Նա Յիսուսին ներկայացնում է որպէս Աստւած, եւ գրել է այն նպատակով, որպէսզի ցոյց տայ թէ ինչպէս եւ ինչու պէտք է կատարւի մարդու փրկութիւնը եւ այս պատճառով էլ բաւարարում է մտքի բոլոր պահանջներն ու սրտի իղձերը:

Յովհաննէսի աւետարանը կարդալուց յետոյ կարող էք ծանօթանալ Մարկոսի, Ղուկասի, Մատթէոսի Աւետարաններին, դուք կը նկատէք թէ ինչպէս այդ այրերը, լինելով միանգամայն տարբեր անհատականութիւնների ու գրելաոճի տէր անձինք, շարունակում են յայտնի աւետարանումը Քրիստոսի միջոցով փրկելու մասին: Օրինակ Ղուկասը մի յոյն բժիշկ էր որ գրեց Ղուկասի աւետարանը եւ Գործք առաքելոցը, իսկ Ամովսն մի հովիւ էր: Այնժամ դուք կը համոզւէք, որ աւետարանական վարդապետութեան հիմքը հանդիսացող այդ փրկութիւնը հզօր մտքով, ինչ նկատի ունէր Պօղոս առաքեալը ասելով. «Յիսուս Քրիստոս նոյնն է երէկ, այսօր եւ յաւիտեան»: (Եբրայեցիս 13.8)

Երբ կընթերցէք Աւետարաններից իւրաքանչիւրն առանձին առանձին, սկսեցէք Նոր Կտակարանը կարդալ ամենասկզբից եւ հերթով կարդացէք նրա բոլոր գրքերը: Երբ դա անէք, ապա կը նկատէք, որ արդէն հաճոյքով էք կարդում Աստւածաշունչը եւ նրա մէջ ոգեշնչման այնպիսի աղբիւր, այնպիսի խելացի խորհուրդների գանձարան էք գտել, որ Աստւածաշնչի ընթերցումը կը դառնայ ձեր կեանքի մի մասը:

Բազմաբովանդակ եւ իմաստանալի կեանքով ապրելու համար անհրաժեշտ է գիտենալ Աստւածաշունչը: Քանզի այս գրքի խօսքերն ունեն թերին լրացնելու, անդունդները վրայ կամուրջներ գցելու, մեր կեանքի խամրած գոյները շողշողուն, թանկարժէք ակների վերածելու յատկութիւն: Սովորեցէք Աստւածաշնչի դիմել ձեր բոլոր հարցերով: Նրա էջերում կը գտնէք ամէն ինչի ճիշտ պատասխանը:

Բայց Աստւածաշունչն ամենից առաջ ձեզ համար բացայայտում է Աստծոյ էութիւնը: Հարիւրամեակների ընթացքում փիլիսոփաները տքնել են բարձրագոյն գոյի խնդրի վրայ: Ո՞վ է նա: Ի՞նչ է նա: Ո՞րտեղ է նա: Եթէ այդպիսի անձ կայ, ապա հետաքրքրո՞ւմ եմ արդեօք ես նրան: Եթէ այդպէս է, ապա ինչպէ՞ս կարող եմ նրան ճանաչել: Նման եւ Աստծոյ մասին հազարաւոր այլ հարցերին պատասխանը տրւում է Սուրք Գրքում, որն Աստւածաշունչ ենք կոչում:

Related Articles

Back to top button