«ԱԼԻՔ» – Երկուշաբթի, սեպտեմբերի 18-ին, Իսլամական խորհրդարանը վստահութեան քւէ տւեց սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարարի պաշտօնի համար առաջադրւած Քիւմարս Հաշեմիին:
Նորընտիր նախարարին շնորհաւորական ուղերձ են յղել Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը:
Յատկանշական է, որ Իսլամական խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորների անխոնջ ջանքերով, նորընտիր նախարարը, ով ժամանակին փոխնախարար էր եւ նախարարի ժամանակաւոր պաշտօնակատար, չխնայեց իր կարելին, որպէսզի Հայաստանի Համահայկական խաղերին մասնակցող իրանահայ մարզական պատւիրակութիւններին գումար յատկացւի: Իրանահայ պատգամաւորները, նորանշանակ նախարարին յղած իրենց շնորհաւորական խօսքում, նրան մաղթել են բեղուն աշխատանքային շրջան, որը կը նպաստի երկրում սպորտի առաւել զարգացմանը: