ԹեհրանՀամայնք

Դպրոցական վերամուտը Թեհրանի հայկական դպրոցներում

Պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը վերամուտի զանգը հնչեցրեց «Թովմասեան» դպրոցում

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Իրանում 2026-2027 ուսումնական վերամուտը մեկնարկեց այսօր՝ սեպտեմբերի 23-ին, եւ այս օրը տօնական էր նաեւ իրանահայ համայնքի դպրոցներում:

Թեհրանում դպրոցական վերամուտի առիթով Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչներ՝ Դաւիթ Աբուլեանը եւ Սաքօ Ազիզեանը եւ Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը, դպրոցական առաջին զանգը հնչեցրին «Թովմասեան» աղջկանց դպրոցում: Յատկանշական է, որ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հաստատումով այս տարեշրջանում «Նայիրի» տարրական դպրոցի, առաջինից վեցերորդ դասարանցիները եւ «Սողոմոնեան» դպրոցի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ դասարանցիները փոխադրւել են «Թովմասեան» դպրոցի աջակողմեան մասնաշէնք, իսկ «Սողոմոնեան» դպրոցի 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանցիները փոխադրւել են «Մարիամեան» դպրոց։

«Թովմասեան» դպրոցում դպրոցական վերամուտը՝ մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ Իրանի պետական հիմնով:

Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի վերամուտի ուղերձը ընթերցեց Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը, ողջոյնի խօսքերով հանդէս եկան դպրոցի տեսչուհի Արսինէ Խաչատրեանը, փոխտեսչուհի Արսինէ Բոնիադեանը, Կրթական խորհրդի անդամ Սաքօ Ազիզեանը եւ պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը իր քաջալերանքի խօսքերը ներկայացրեց: Կազմակերպւել էր նաեւ աշակերտական ծրագիր:

Ապա դոկտ. Արա Շահվերդեանը այցելեց «Թովմասեան» դպրոցի աջակողմեան մասնաշէնք փոխադրւած «Նայիրի» եւ «Սողոմոնեան» տղայոց դպրոցները:

«Նայիրի» եւ «Սողոմոնեան» տղայոց դպրոցներ էին այցելել Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի՝ ատենադպիր Հայրիկ Աղանեանը եւ Կրթական խորհրդի փոխատենապետ Քլարա Աղախանեանը:

Երկու դպրոցի տեսուչն է Աքբար Ալիզադէ Սիամին, իսկ փոխտեսուչներն են՝ Ալենուշ Յովսէփեանը եւ Նորվան Միքայէլեանը:

Related Articles

Back to top button