Նշւեց Յիսուս Քրիստոսի Ս. Յարութեան տօնը

«ԱԼԻՔ» – Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին եւ քրիստոնեայ աշխարհը ապրիլի 20-ին նշեցին Յիսուս Քրիստոսի Ս. Յարութեան տօնը՝ Զատիկը:
Այդ առիթով իրանահայ երեք թեմերի եկեղեցիներում մատուցւել են Ս. Պատարագ Ս. Յարութեան տօնի առիթով: Յատկանշական է, որ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, որը առողջական խնդիրների բերումով ամիսներ էր, ինչ ներկայ չէր լինում արարողութիւններին, Ս. Յարութեան տօնի պատարագին ներկայ գտնւեց Թեհրանի առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում, որտեղ Ս. Պատարագը մատուցւեց ձեռամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբաններից՝ «Կիլիկիա» մատենադարանի մատենադարանապետ՝ Տ. Շահան արք. Սարգսեանի: Թեհրանի բոլոր եկեղեցիներում նոյնպէս մատուցւել է Ս. Պատարագ:
Սպահանի հայոց թեմում, Ս. Յարութեան տօնի առիթով Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանի մատուցւեց Ս. Պատարագ: Ս. Պատարագ մատուցւեց նաեւ Շահինշահրում:
Ատրպատականի հայոց թեմում Ս. Յարութեան տօնի առիթով Թաւրիզի Ս. Աստւածածին եկեղեցում ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի մատուցւեց Ս. Պատարագ: Ս. Պատարագ մատուցւեց նաեւ Ուրմիայում եւ Գեարդաբադում:
Յատկանշական է նաեւ, որ թեմերում հայկական միութիւններում եւս կազմակերպւել էին Զատիկի տօնին իւրայատուկ հաւկթախաղեր եւ խրախճանքներ:
Մանրամասնութիւնները առաջիկայ համարներից մէկում: