Ապրիլեան Նահատակաց Սրբատօնը Ատրպատականի հայոց թեմում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Ուրբաթ, 24 Ապրիլ 2026-ին, Ատրպատականի հայոց թեմում, մեր ազգի սրբացեալ Նահատակների տօնը հանդիսաւոր Սուրբ Պատարագով եւ «Բարեխօսական կարգ»-ով նշւեց, միասնաբար ոգեկոչելով Հայոց Ցեղասպանութեան 111-րդ տարեդարձը: Այս առիթով, եկեղեցական արարողութեամբ ե՛ւ Թաւրիզում, ե՛ւ Ուրմիայում կատարւեց «Բարեխօսական կարգ»-ը մեր Սրբազան Նահատակների:
Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ մատուցեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, իսկ Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում՝ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Թաւրիզում եկեղեցական երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի միջոցով, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:
Ս. Պատարագի ընթացքում, «Հայր Մեր»-ից առաջ, առաջնորդ Սրբազանը իր պատգամը յղեց ներկայ հաւատացեալներին: Նա անդրադարձաւ 111 տարիներ առաջ տեղի ունեցած անմարդկային կոտորածին հայ ժողովրդի, որի մասին Աստւածաշունչը իր առաջին գրքից՝ Ծննդոցից սկսել էր պատմել, երկու եղբայրների՝ Կայէնի եւ Աբէլի միջեւ տեղի ունեցած կռւից: Սրբազան Հայրը պատմական ակնարկով ներկայացրեց Օսմանեան կայսրութեան նախածրագրւած ցեղասպանութեան, որը իրագործւել էր մասնաւոր միջոցների գործադրումով. «Արեւմտեան Հայաստանը ամբողջութեամբ հայութիւնից դատարկելու ծրագրով իրականացւած ջարդը, մինչեւ այսօր իր պատիժը չի կրել: Այդ իսկ պատճառով այն կրկնւել է, եւ այսօր իսկ շարունակւում է Պաղեստինում»,- ասաց Սրբազանը, եւ շեշտեց անբաղդատելի Հայոց Ցեղասպանութեան մեծածաւալ ու անգութ իրականացումը 1915 թւին:
Սրբազանը յատկապէս անդրադարձաւ նաեւ մեր ժողովրդի ներկայ օրերի անհրաժեշտ միասնականութեան: Պետական, ազգային, հաւաքական ու հասարակական կեանքում միասնականութեան պակասի հետեւանքով արձանագրւող աններելի սխալները ներկայացնելով, Սրբազան Հայրը դրանք համարեց կործանարար, յաջորդող սերունդների համար ազգային գիտակցութեան համար:
Թաւրիզում մատուցւած հանդիսաւոր Ս. Պատարագի աւարտին եկեղեցականաց թափօրը, գլխաւորութեամբ Նահատակաց ճաճանչաձեւ սուրբ մասունքի, որը կրում էին «Արարատ»-ի սկաւուտներ՝ Էմելիա Աբրահամեանը եւ Իզաբէլ Սարգսեանը, դուրս եկաւ եկեղեցուց եւ ուղղւեց եկեղեցու բակ, դէպի Նահատակաց յուշարձանը, որի ներքեւ կան գերեզմանները հայ ֆեդայիների: Այստեղ կատարւեց «Բարեխօսական կարգ»-ը, եւ ապա նահատակաց մասունքով օրհնութիւն տրւեց հաւատացեալներին: Ծաղկեմատոյցի պահին, Պատգամաւորական ժողովի ատենապետուհի Արմինէ Վահրամեանը եւ Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը այն ընծայեցին նահատակաց յուշարձանին:
Թաւրիզում գործող բոլոր կազմակերպութիւնների ու միութիւնների ներկայացուցիչները՝ ինչպէս Հ.Մ.Ա.Կ.-ի, ՀՕՄ-ի, «Ալիք» հաստատութեան Թաւրիզի մասնաճիւղի, «Կոմիտաս» երգչախմբի, Համալսարանականների միութեան, «Թամարեան-Սահակեան» ազգային դպրոցի, Թաւրիզի եկեղեցիների կանանց Խնամակալ մարմնի ինչպէս նաեւ հաւատաւոր ժողովուրդի զաւակները երկիւղածութեամբ մօտեցան սրբազան մասունքին, համբուրեցին այն եւ ապա իրենց ծաղիկը տեղադրեցին Նահատակաց յուշարձանի առջեւ:
Ուրմիայի Սուրբ Ստեփանոս եկեղեցում տեղի ունեցաւ «Բարեխօսական կարգ»-ը Մարտիրոս քահանայի միջոցով: Հայ եկեղեցու կողմից խմբագրւած աղօթքներն ու մաղթանքները կատարելով, ինչպէս նաեւ օրւայ յատուկ շարականները երգելով, քահանայ հայրը ներկայ հաւատացեալ ուրմիահայութիւնը հաղորդակից դարձրեց Սրբոց Նահատակաց անմեռ յիշատակին խմբագրւած եկեղեցական կարգին:
Տէր Հայրը քարոզի պահին ընթերցեց առաջնորդ Սրբազան Հօր Ապրիլ 24-ի պատգամը, բոլոր ներկաներին հաղորդակից դարձնելով Ապրիլեան խորհրդին:
Ապա, ներկայ հաւատացեալները մօտեցան եկեղեցու բակում կանգնած Ապրիլեան նահատակաց յուշարձանին, ծաղկեմատոյցի համար: Բոլոր միութիւններն ու կազմակերպութիւնները հերթաբար, ապա հաւատացեալ ժողովրդի զաւակները ծաղիկներ մատուցին յուշարձանին, յարգելով մէկուկէս միլիոն նահատակաց յիշատակը: Արարողութիւններին ներկայ էին դպրոցի եւ մանկապարտէզի աշակերտները, որոնք իրենց ուսուցիչների առաջնորդութեամբ ծաղկեմատոյց կատարեցին:
Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցած եկեղեցական արարողութեանց եւ «Բարեխօսական կարգ»-ի աւարտին, «Կոմիտաս» եւ «Նարեկացի» երգչախմբերի գլխաւորութեամբ երգւեց «Կիլիկիա» մաղթերգը: Յայտնենք, որ երկրում տիրող պատերազմական անկանխատեսելի կացութիւնների մէջ իսկ, Թաւրիզում եւ Ուրմիայում մեր ժողովրդի հաւատաւոր ու ազգասէր զաւակները հաւաքւեցին մեր եկեղեցիներում, աղօթեցին մեր ազգի ու հայրենիքի, ինչպէս նաեւ մեր Սրբադասեալ Նահատակների անմահութեան համար:









