ԹեհրանՀամայնք

ՀՈՒՍԿ հաստատութեան նախաձեռնութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակին նւիրւած ծրագիր Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» համերգասրահում

Ապրիլի 24-ի երեկոյեան Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» համերգասրահը բազմամարդ էր եւ մեծ թւով  հայրենակիցներ ներկայ էին գտնւել մասնակիցը դառնալու  Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակին նւիրւած Կենտրոնական բանախօսական-գեղարւեստական յայտագրով յագեցած ծրագրին, որը ամենամեայ կարգով նախաձեռնել էր ՀՈՒՍԿ-հաստատութիւնը:

Օրւայ բանախօս էր հրաւիրւել Պատմական գիտութիւնների թեկնածու Դերենիկ Մելիքեանը։

Միջոցառումը մեկնարկեց Տէրունական աղօթքով, Իրանի, Հայաստանի եւ Արցախի պետական հիմներով։

Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի խօսքը փոխանցեց Սարինէ Թորոսեանը: Իր խօսքի ընթացքում նա ընդգծեց. «Ցեղասպանութեան նպատակը միայն ֆիզիկական բնաջնջումը չէր: Այն ուղղւած էր հայ ժողովրդի ինքնութեան վերացմանը՝ նրա հաւատքի, մշակոյթի եւ պատմական յիշողութեան ոչնչացման միջոցով:

Այդ պայքարում մեր ժողովրդի ամենամեծ յենասիւներից մէկը եղել է Հայ Առաքելական եկեղեցին: Դարեր շարունակ այն պահպանել է մեր ինքնութիւնը, երբ պետականութիւն չկար, երբ վտանգւած էր անգամ մեր գոյութիւնը:

Այսօր, երբ մենք արդէն անկախ պետութիւն ունենք, կանգնած ենք նոր եւ վտանգաւոր իրականութեան առաջ: Արցախի կորուստը ոչ միայն քաղաքական կամ տարածքային ձախողում է, այլ ազգային ողբերութիւն, որը հարւածեց մեր արժանապատւութեանը եւ մեր ինքնութեան հիմքերին:

Եւ այս պայմաններում առաւել վտանգաւոր են այն յանցաւոր գործընթացները, որը նախաձեռնում են ՀՀ իշխանութիւնները, որոնք ներսից են թուլացնում մեզ: Երբ թիրախաւորւում եւ հալածւում է եկեղեցին, երբ փորձ է արւում նւազեցնել նրա դերը եւ խաթարել նրա հեղինակութիւնը, մենք գործ ունենք ոչ թէ պարզապէս տարաձայնութիւնների, այլ ազգային հիմքերի հետեւողական քայքայման հետ: Մենք պարտաւոր ենք յստակ ասել՝ նման ուղին բացարձակ անընդունելի է»:

Խօսքի այլ հատւածում նշւել էր. «Այսօր նաեւ ականատես ենք տարածաշրջանային լարւածութեան վտանգաւոր աճին: Մեր հայրենիք՝ Իրանի շուրջ սրւող հակամարտութիւնները կարող են լրջօրէն վտանգել ոչ միայն Իրանի այլեւ Հայաստանի կայունութիւնն ու անվտանգութիւնը: Հայաստանի համար Իրանի հետ սահմանը միայն աշխարհագրական գիծ չէ, այլ կենսական կապ՝ տնտեսական, ռազմավարական եւ անվտանգային առումներով:

Պատահական չէ, որ Իրանը բազմիցս ընդգծել է, որ դէմ է տարածաշրջանում սահմանների փոփոխութեանը եւ յատկապէս Սիւնիքի շուրջ որեւէ պարտադրւած լուծման: Նրա դիրքորոշումը կարեւոր զսպող գործօն է եղել այն ծրագրերի նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականութեանը»:

Հայ Դատի խօսքի մէջ նշւած էր. «Հայ ժողովրդի ինքնութիւնը չի կարող ձեւափոխւել կարճաժամկէտ քաղաքական հաշւարկներով: Այն չի կարող զոհաբերւել ոչ մի պայմաններում:

Մենք խստօրէն դատապարտում ենք այն քաղաքականութիւնն ու հռետորաբանութիւնը, որոնք բաժանում են մեր հասարակութիւնը եւ հարւածում մեր ազգային արժէքներին»:

Օրւայ բանախօսն էր Պատմական գիտութիւնների թեկնածու Դերենիկ Մելիքեանը, ով իր բանախօսութիւնը սկսեց հետեւեալ տողերով «Հայոց Ցեղասպանութեան հոգեական մեծագոյն արհաւիրքի զոհը դարձած Կոմիտաս Վարդապետի անւամբ կոչւած այս հինաւուրց դահլիճում, նոյն Ցեղասպանութեան ոգեկոչումն, անշուշտ առաւել խորհրդանշական նշանակութիւն է հաղորդում Եղեռնի 111-րդ տարելիցին:

Մէկ դար ու տասնմէկ տարի անց, դեռեւս ողջ հայաշխարհը հոգեբարոյական չսպիացած արհաւիրքին զուգահեռ, ապրում է նաեւ ու մանաւանդ 20-րդ դարի Առաջին Ցեղասպանութեան աշխարհագրա-քաղաքական, ժողովրդագրական եւ այժմ յատկապէս՝ ազգային ու պետական անվտանգութեան անխուսափելի հետեւանքները»:

Իր ելոյթի այլ բաժնում բանախօսը անդրադառնալով ցեղասպանների մտադրութիւններին ընդգծեց, որ նրանք Ցեղասպանութիւնը միայն չեն իրականացրել արեւմտաՀայաստանում եւ վկայակոչելով պատմական աղբիւրներին, մէջբերում կատարեց իրանահայ յայտնի հրապարակախօս եւ Հայ Դատի նւիրեալ գործիչ՝ երջանկայիշատակ Անդրէ Տէր-Օհանեան-Ամուրեանի «Ատրպատականի հայութեան վիճակը թուրքական բանակների ներխուժման օրերին» գրքից, որտեղ ասւում է. «Յայտնի է, որ Ա Աշխարհամարտին (1914-1918 թթ.) Օսմանեան բանակները երկու անգամ մուտք գործեցին չէզոք Պարսկաստան, կատարեցին գրգռութիւններ, խժդժութիւններ եւ ջարդեր Ատրպատականի շրջաններում՝ Ուրմիայի, Սալմաստի, Խոյի, Մակուի, Ղարադաղի շրջանում, Ս. Թադէի վանքում, ապա՝ մուտք գործելով նաեւ Թաւրիզ՝ պատանդներ վերցրին հայ բնակչութիւնից, որին պիտի հետեւէր Թաւրիզի հայութեան եւ քրիստոնեաների կոտորածը…»:

Դերենիկ Մելիքեանը այսպէս շարունակեց. «Վերոգրեալ փաստագրական վկայութիւններն արւեցին, ոչ թէ մեզ՝ որպէս իրանահայութեան հետաքրքրութեան կամ գերագնահատելու համար, այլ փաստելու եւ կարեւորելու նոյն արեւելահայ հատւածի եւ մասնաւորապէս Ատրպատականի աշխարհագրա-քաղաքական ստրատեգիական դիրքը, որն որպէս միջնաբերդ հանդիսացել է նախորդ դարասկզբում՝ հայ ազատագրական 30-ամեայ պայքարի ընթացքում, սկսեալ 1890-ականներից մինչեւ 1918 թւականի հայոց անկախ պետականութեան հռչակումը»: Անդրադառնալով հայաշխարհի ներկայ իրավիճակին բանախօսը նշեց. «Գալով ներկային, պէտք է արձանագրել, որ հայկական իրականութեան վերջին 30 տարիների հոլովոյթում, Արեւելեան Հայաստանի միջնաբերդն հանդիսացողը՝ հերոսական Արցախն է եղել, յատկապէս՝ հայոց նորագոյն պահանջատիրութեան ու արդար դատի առաջմղման համազգային ուժականութեան տեսանկիւնից: Այսպիսով, սիրելի հայրենակիցներ, ակներեւ է անցեալի վերոգրեալ, ինչպէսեւ՝ ներկայի իրողութիւնների միջեւ ինչքան էլ ոչ ցանկալի, բայց տրամաբանական փոխկապակցւածութիւնը:

Եւ փաստը մնում է փաստ, որ հայութեան թէ՛ նախորդ դարի ազատամարտերի, եւ թէ՛ նորագոյն պահանջատիրութեան արգելակող պատւարներն են հանդիսացել մէկ կողմից միջազգային ուժային կենտրոնները, իրենց աշխարհագրաքաղաքական շահերից ելնելով, իսկ միւս կողմից նոյն կենտրոնների շրջանային կամակատարները՝ յանձինս նախկինի օսման-թուրքական, իսկ ներկայի թուրք-ադրբեջանական տանդեմի ու դաշինքի:

Մէկ խօսքով՝ պատմագիտական դարաւոր օրինաչափութեան համաձայն ու յատկապէս հայկական պատմական յիշողութեան տւեալների ճշգրիտ բնութագրմամբ՝ հայութեան վերջին՝ շուրջ հազար տարւայ ազգային թշնամին մնացել է նոյնը, որն կազմակերպել է Հայոց Ցեղասպանութիւնը եւ գրաւել հայոց հայրենիքի տարածքի շուրջ 90 տոկոսը»:

Բանախօսը կարեւորութեամբ անդրադարձաւ Սփիւռքի դերակատարութեանը եւ այսպէս շարունակեց. «Յիշենք նաեւ հայոց պահանջատիրութեան կարեւոր միւս կռւանին: Մեր դարաւոր պայքարի ակունքներում հաստատակամ կանգնած Սփիւռքը, որ ՀՀ-ի վերանկախացումից ի վեր՝ առաւել ուժ ու միասնականութիւն էր հաղորդում համազգային նպատակների իրականացման ճամբին»: Նա խօսքը այսպէս եզրափակեց. «Եկէք միասնական ու հաւաքական հայեացքներով, որն բնականօրէն բխում է մեր պահանջատիրական պայքարի ոգուց ու հրամայական պարտաւորութիւններից, ուրւագծենք մտովի այն հեռանկարը, որտեղ ողջ հայութիւնը, ինչպէս իր հազարամեայ պատմութեան երկայնքում է բազմիցս ապացուցել, ճակատագրորոշ պահերին սթափւելու եւ անսասան ու վճռականօրէն շարունակելու է իր գոյապայքարը՝ յանուն դեռեւս կանգուն մնացած, բայց Հայոց Հայրենիքի մերօրեայ Միջնաբերդ չքնաղ Սիւնիքի անվտանգութեան, յանուն մեր ազգային ու աշխարհաքաղաքական ոտնակոխւած անսակարկելի իրաւունքների վերականգնման, յանուն սեփական ու հարազատ ինքնութեան պահպանման, յանուն անկախ պետականութեան փուլ առ փուլ առողջացման ու ազգային գաղափարախօսութեան արժէքային համակարգի հէնքի վրայ՝ ՀՀ-ի հզօրացման եւ վերջապէս յանուն դեռ գալիք սերունդների յաղթական, արժանապատիւ ու բարօր ապագայի իրականացման»:

Եզրափակիչ խօսքով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի անունից խօսք փոխանցեց Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը:

Իր ելոյթի ընթացքում Հայր Սուրբը ընդգծեց. «Այսօր ողջ հայութիւնը Հայաստանում թէ Սփիւռքում մի բռունցք, մի սիրտ եւ մի հոգի դարձած, ոգեկոչում է Հայոց Ցեղասպանութեան 111-րդ ամեակը, ասելով. «Մենք չենք մոռացել Հայոց Ցեղասպանութիւնը, չենք մոռացել մէկ ու կէս միլիոն նահատակներին, չենք մոռացել մեր բռնագրաււած հողերը….: Ես կարծում եմ, թէ հայ ազգի մեծագոյն վրէժը իր վերապրելն է, մահից յարութիւն առնելն է: Թուրքի նպատակն էր աշխարհի վրայ մէկ հայ թողնել այն էլ թանգարանում, եւ ահա Հայոց Ցեղասպանութիւնց 111 տարիներ յետոյ, ամբողջ աշխարհը մի բաց թանգարանի է վերածւել՝ վկայելով հայ ժողովրդի հրաշափառ յարութեան մասին»:

Իր ելոյթի այլ բաժնում հայր Սուրբը նշեց. «Ապրիլ 24-ի հիմնական պատգամը պահանջատիրութիւնն է, մեր իրաւունքների արդար հատուցման եւ ձեռքբերման համար աշխատելն է, ինչ որ այսօր կատարում են Հայ Եկեղեցին եւ Հայ Դատի գրասենեակները: Սակայն այս ծանր բեռը միայն Հայ Եկեղեցու եւ Հայ Դատի գրասենեակների ուսերին բերցւած չէ, այլ այն բոլորիս պարտականութիւնն է: Մենք դատ ունենք, մենք ստանալիք իրաւունք ունենք, մենք արդար հատւցում ենք ուզում: Դրա համար շարունակ պիտի պայքարենք»:

Հայր Սուրբը խօսքը ուղղելով նոր սերունդի ներկայացուցիչներին նշեց. «Ես միշտ հաւատացել եմ եւ հաւատում եմ նոր սերունդի ուժին: Եւ այսօր խիղճս հանգիստ տուն պիտի վերադառնամ, վստահ լինելով թէ մինչեւ այն ժամանակ, որ մենք ունենք այսպիսի նոր սերունդ, մեր եկեղեցու, հայրենիքի, ու ժողովրդի ապագան փայլուն է, պայծառ եւ ապահով»:

Ծրագրի գեղարւեստական բաժինը յագեցած էր ազգագրական երգերի կատարմամբ եւ ասմունքներով:

 Հնչեցին հայրենասիրական ոգով տոգորւած երկու ասմունքային կատարումներ՝ Արփի Ալավերդեանի եւ Վանէ Մակարեանի միջոցով:

Ծրագրի ընթացքում կենսունակ եւ պահանջատէր հայի ոգին դրսեւորող սկաուտական երդումով ներկայացան՝ Հ.Մ.Ա.Կ.-ի, Հ. Մ. Մ. «Նայիրի», Հ. Մ. «Սիփան» եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր միութիւնների սկաուտները եւ «Ռուստոմ» Երիտասարդական միութեան երիտասարդները: Սկաուտներ, որոնք համերգասրահի բակում, ջահերով պատւի էին կանգնած նախքան ծրագրի մեկնարկը:

111-ամեակի ոգեկոչման միջոցառմանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Գառօ Յովհաննիսեանը, Իրանի հայ Կաթողիկէ համայնքի առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, Իրանի Հայ Աւետարանական Եկեղեցու համայնքապետ-հովիւ Վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Յովսէփ Աւետեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետներ՝ դոկտ. Սեւակ Հաթամեանը եւ Վարուժ Յովհաննիսեանը, քահանայ հայրեր, ազգային իշխանութեան, մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայրենակիցներ:

Միջոցառմանը ազգագրական երգերով հանդէս եկաւ Հ.Մ.Ա.Կ.-ի եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան համատեղ «Արարատ» եւ «Տաւիղ» երգչախումբը՝ դիրիժոր Արփի Սիմրոջեան (Նազարեան), դաշնամուրի կատարող՝ Արեգ Մարգարեան: Միջոցառմանը պատկերասփռւեց փաստագրական տեսաֆիլմեր:

Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button