
Սիրելի՛ աշակերտ–ուհիներ,
Մեծարգոյ՛ ուսուցիչներ եւ կրթութեան նւիրեալներ,
Սիրելի՛ ծնողներ,
Հայրական սիրով եւ օրհնութեան ջերմութեամբ ողջունում եմ ձեզ նոր՝ 2026–2027 ուսումնական տարւայ մեկնարկի առիթով։
Նոր ուսումնական տարւայ սկիզբը միշտ նոր յոյսերի, նպատակների եւ սպասումների սկիզբ է։ Դպրոցի դռները կրկին բացւում են, լսւում են երեխաների ձայները, եւ կրթական այս ճանապարհը մեզ բոլորիս հրաւիրում է նորոգւած նւիրումով ծառայելու գիտելիքին, մարդուն եւ հայրենիքին։
Սիրելի՛ աշակերտներ,
Դպրոցը միայն գիտելիք ձեռք բերելու վայր չէ։ Այն նաեւ մարդ ձեւաւորելու, ընկերութիւն կառուցելու, պատասխանատւութիւն սովորելու եւ սեփական կոչումը բացայայտելու ճանապարհ է։ Ձեր իւրաքանչիւր դասը, իւրաքանչիւր գիրքը, իւրաքանչիւր հարցն ու որոնումը կարող է դառնալ մի փոքրիկ քայլ դէպի այն մարդը, որ դուք պիտի դառնաք վաղը։
Այս ուսումնական տարին առանձնայատուկ կերպով հրաւիրում է մեզ կարդալու, մտածելու եւ ճանաչելու։ Գիրքը մարդու ներաշխարհը հարստացնող լաւագոյն ընկերներից է։ Կարդալով՝ մենք ճանաչում ենք մեր ժողովրդի պատմութիւնը, լեզուն ու մշակոյթը, բացայայտում աշխարհի մեծագոյն մտքերը եւ սովորում տարբերել ճշմարիտը՝ պատահականից, արժէքաւորը՝ անցողիկից։
Թող հայ գիրքը եւ հայոց գրականութիւնը առանձնայատուկ տեղ ունենան ձեր կեանքում։ Թող «Սասնայ ծռեր»-ի հերոսական ոգին, մեր մեծ գրողների խօսքը եւ մեր ժողովրդի դարաւոր հոգեւոր ժառանգութիւնը ձեզ փոխանցեն հաւատ, արժանապատւութիւն եւ հայրենասիրութիւն։
Սակայն յիշենք նաեւ, որ ամենամեծ Գիրքը մարդու համար Աստծու Խօսքն է։ Այն մեզ սովորեցնում է սիրել Աստծուն եւ մերձաւորին, լինել ազնիւ, ներողամիտ, արդար եւ խաղաղարար։ Գիտելիքը մեծ ուժ է, իսկ երբ գիտելիքը միանում է բարութեանը եւ իմաստութեանը, այն դառնում է օրհնութիւն մարդու եւ հասարակութեան համար։
Սիրելի՛ ուսուցիչներ,
Ձեր առաքելութիւնը պարզապէս դասաւանդելը չէ։ Դուք ձեր աշակերտների հոգիներում սերմանում էք գիտելիքի, գեղեցիկի եւ բարու սերմերը։ Ձեր խօսքով, վարքով եւ նւիրումով դուք ձեւաւորում էք սերունդ, որն իր հերթին պիտի կերտի մեր ժողովրդի վաղւայ օրը։ Թող Աստւած ձեզ պարգեւի առողջութիւն, համբերութիւն, իմաստութիւն եւ նոր ուժ՝ ձեր նւիրական առաքելութիւնը շարունակելու համար։
Սիրելի՛ ծնողներ,
Երեխայի կրթութիւնը դպրոցի եւ ընտանիքի համատեղ ճանապարհն է։ Ձեր սէրն ու աջակցութիւնը, ձեր վստահութիւնն ու օրինակը մեծագոյն ազդեցութիւն ունեն երեխայի ձեւաւորման վրայ։ Եկէք միասին օգնենք մեր զաւակներին ոչ միայն շատ բան իմանալ, այլեւ լաւ մարդ լինել։
Սիրելի՛ աշակերտներ,
Մի՛ վախեցէք երազելուց։ Մի՛ վախեցէք հարցեր տալուց, սխալւելուց եւ նորից փորձելուց։ Փնտրէ՛ք գիտելիքը, սիրէ՛ք ձեր մայրենին, պահպանէ՛ք ձեր հաւատը, յարգէ՛ք ձեր ուսուցիչներին եւ ընկերներին։
Յիշէ՛ք՝ ձեր ձեռքերում է ոչ միայն ձեր անձնական ապագան, այլեւ մեր ժողովրդի վաղւայ օրը։ Հայաստանի ուժը միայն նրա հողն ու սահմանները չեն. Հայաստանի ուժը նրա կրթւած, հաւատաւոր, արժանապատիւ եւ հայրենասէր զաւակներն են։
Այս նոր ուսումնական տարում մաղթում եմ, որ իւրաքանչիւր դպրոց դառնայ լոյսի, գիտելիքի, բարեկամութեան եւ ստեղծագործութեան տուն։ Թող դասարաններում հնչող իւրաքանչիւր հարց իր պատասխանին հասնի, իւրաքանչիւր երազանք ունենայ իր ճանապարհը, եւ իւրաքանչիւր երեխայ զգայ, որ ինքը սիրւած է, արժէորւած եւ կարեւոր։
Աղօթում եմ, որ Տէրը Իր Սուրբ Աջի հովանու ներքոյ պահի մեր երեխաներին, ուսուցիչներին եւ ընտանիքներին, պարգեւի նրանց առողջութիւն, խաղաղութիւն, իմաստութիւն եւ յաջողութիւն։
Թող նոր ուսումնական տարին լինի նոր ձեռքբերումների, նոր գիտելիքների, հոգեւոր աճի եւ լուսաւոր սպասումների տարի։
Աստւած օրհնի մեր զաւակներին։
Աստւած օրհնի մեր ուսուցիչներին ու ծնողներին։
Աստւած օրհնի մեր կրթական օջախները։
Աստւած օրհնի մեր Հայրենիքը եւ հայ ժողովրդին։
Շնորհաւո՛ր նոր ուսումնական տարի։
Յաջողութիւն եւ օրհնութիւն բոլորիդ:
ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
23 Սեպտեմբեր 2026, Թեհրան



