
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Երէկ՝ հոկտեմբերի 17-ին շարունակւեց Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, որի հիմնական օրակարգը Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնն էր: Նիստին, որը նախագահում էր ՊԺ-ի ատենապետ դկտր. Սեւակ Հաթամեանը եւ մեկնարկեց Տէրունական աղօթքով մասնակցել էին աւելի քան 40 պատգամաւորներ, ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը եւ Ներքին գործերի նախարարութեան կուսակցութիւնների եւ արհմիութիւնների 10-րդ յօդւածի յանձնաժողովի ներկայացուցիչ տկն. Աքբարին:
Ժողովի առաջին օրակարգով Բանաձեւային յանձնախմբի կողմից Նորիկ Ղարաբէգեանը ընթերցեց շրջանաւարտ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի բարոյական եւ նիւթական եւ Հաշւեքննիչ մարմնի նախորդ ժողովների արդիւնքում ստացւած բանաձեւերը, որոնք հաստատւեցին: Յաջորդ օրակարգով պատգամաւորները ընտրեցին քւէախոյզ յանձնախմբին: Ապա շրջանաւարտ Թեմական խորհրդի անունից ատենադպիր Հայրիկ Աղանեանը շնորհակալական խօսք ուղղեց ՊԺ-ին եւ դիւանին, անցնող երկամեայ համագործակցութեան համար, որից յետոյ Թեմական խորհուրդը եւ Հաշւեքննիչ մարմինը լքեցին դահլիճը:
Ըստ ժողովի օրակարգի եւ ընթացակարգի, պատգամաւորները նախ առաջարկեցին Թեմական խորհրդի կազմի թեկնածուներին, որից յետոյ փակ գաղտնի քւէարկութեամբ պատգամաւորները ընտրեցին Թեմական խորհրդի 11 հոգանոց կազմին: Ընտրութեան արդիւնքում ընտրւեցին՝ Արմինէ Սէթխանեանը, Հարմիկ Աւետեանը, Մհեր Անդրէասեանը, Վահէ Թարոյեանը, Արին Ալեքսանդրը, Հերոս Էբրահիմին, Մանուէլ Բանդարին, Նարեկ Գալստեանը, Արթին Անտոնը, Ժորժ Հայրապետեանը եւ Արթին Շահբազեանը: Անձնափոխանորդներ՝ Լինդա Ղարախանեանը, Մուշեղ Ծատուրեանը եւ Ալբերտ Յարութիւնեանը:
Ապա ներկայացւեց Հաշւեքննիչ մարմնի թեկնածուների անւանացանկը, եւ փակ քւէարկութեան արդիւնքում ընտրւեցին 9 հոգանոց Հաշւեքննիչ մարմնի անդամները՝ Ռիմա Ղարախանեանը, Առլեթ Իսկանդարեանը, Թինա Անտոնը, Թադէ Ղազարեանը, Գիլդա Իսրայէլեանը, Արինէ Դանիէլեանը, Վարդգէս Եադգարեանը, Լինա Այւազեանը եւ Գայիանէ Շահնազարեանը: Անձնափոխանորդներ՝ Ալենուշ Վահրամեանը, Կարօ Պետրոսեանը եւ Ժոզէֆ Իսաւին:
Յատկանշական է, որ ներկայացւած անւանացանկը արդիւնքն է ՊԺ-ի պատգամաւորների ընտրութեան, եւ պաշտօնական տւեալների հրապարակումը տեղի կունենայ յետայնու երբ Ներքին գործոց նախարարութիւնը պաշտօնապէս հաստատի ընտութեան արդիւնքը:
Արդիւնքերի հրապարակումից յետոյ խօսքը տրւեց դկտր. Արա Շահվերդեանին: Պատգամաւորը ողջունեց եւ յաջողութիւն մաղթեց ՊԺ-ի կողմից ընտրւած Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին եւ Հաշւեքննիչ մարմնին, նշելով, որ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի միջոցով ընտրւելու է Կրօնական խորհուրդը: Պատգամաւորը վստահութիւն յայտնեց, որ նորընտիր Թեմական խորհուրդը ինչպէս միշտ իր օրակարգում է ներառելու ՊԺ-ի հաստատած որոշումները, առաջարկութիւնները եւ արծարծած մտահոգութիւնները, որոնք առնչւում են Թեմի կանոնագրին, համայնքային խնդիրների կարգաւորմանը, դպրոցների օպտիմալացմանը, հայեցի դաստիարակութեանը, եկեղեցիների եւ այլ կառոյցների պահպանման ու առկայ հարցերին եւ կարեւորեց կայուն եկամտաբեր աղբիւրների ստեղծման հարցը, որի մասին խօսւել է նաեւ ժողովի ընթացքում: Պատգամաւորը նաեւ ընդգծեց, որ չի խնայելու իր կարելին եւ ինչպէս միշտ լինելու է ազգային մարմինների կողքին:
Պատգամաւորը նաեւ իր գնահատանքը յայտնեց Ներքին գործոց նախարարութեան ներկայացուցչին եւ յոյս յայտնեց, որ ինչքան շուտ հաստատւի ընտրութեան արդիւնքը նաեւ հաստատւի Ատրպատականի հայոց թեմի ընտրութիւնների գործունէութեան արտօնագիրը, որը նպաստելու է համայնքային աշխատանքների դիւրին ընթացքին:



