Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ մեծարւեց հայ ուսուցիչը
Հայ մշակոյթի, Սրբոց Թարգնաչած տօնը եւ նւիրեալ հայ ուսուցչին նւիրւած տօնը, որոնք զուգորդւած են միմեանց, տարիներ է ինչ Թեհրանի հայոց թեմում տօնակատարւում է Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ խորհրդին կից Մշակութային յանձնախմբի համագործակցութեամբ:
Այս տարի տօնը նշւեց ուրբաթ՝ նոյեմբերի 15-ին երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, հէնց աշակերտութեան միջոցով իրականացւող գեղարւեստական յայտագրով ու ելոյթներով, որի ընթացքում գնահատագրեր յանձնւեցին ուսումնական անցեալ երկու տարիներին հանգստի կոչւած հայ տեսուչներին եւ ուսուցիչներին:
Դիրիժոր Արփի Սիմրոջեանի խմբավարութեամբ, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախմբի տեսագրւած կատարմամբ, հանդիսատեսները ոտնկայս հետեւեցին Տէրունական աղօթքին, որից յետոյ ճարտար աշակերտ հաղորդավարներ՝ Մանէ Խոդաբախշեանը եւ Արթին Մովսիսեանը, իրենց ողջոյնի խօսքերով դիմաւորեցին ներկաներին:
Բացման խօսքի մէջ նշւած էր. «Վերջին 25 տարիներին, առաջին անգամն է, որ Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդների կողմից կազմակերպւող Մշակոյթի օրւայ տօնակատարութեանը բացակայում է թեմի սիրւած եւ յարգւած առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Մշակոյթի օրւայ տօնակատարութեան թւականը միշտ նախապէս համադրւում էր Սրբազան Հօր հետ, քանի որ նրա համար կարեւոր են մեր ազգային տօների մատնանշումն ու տօնակատարութիւնները, ի մասնաւորի Սրբոց Թարգմանչաց տօնը եւ հայ ուսուցիչների մեծարման հանդիսութիւնները: Այս տարի առողջական պատճառներով Սրբազան Հայրը ցաւօք չկարողացաւ ներկայ գտնւել հանգստի կոչւած մեր ուսուցիչների մեծարման ծրագրին»: Խօսքի այլ բաժնում նշւած էր. «Այսօր փոթորկալից վիճակում է տարածաշրջանը, հայաթափւած է մեր միջնաբերդ Արցախը եւ թշնամիների կողմից յօշոտւել ու սպառնալիքի տակ է Հայաստան աշխարհը: Հայ ժողովրդի համար փոթորկալից ու օրհասական վիճակում էր նաեւ 5-րդ դարը եւ այդ ժամանակւայ խառնաշփոթ հարցերի կարգաւորման ելքը գտնելու համար պէտք է ծնւէր մի այնպիսի հանճար, որը կարողանար մարմնաւորել ժողովրդի, հայրենիքի, պետութեան եւ եկեղեցու բոլոր հոգեւոր ուժերը՝ նրանց միաւորելով նպատակասլաց անսայթաք հունի մէջ: Եւ ծնւեց ժամանակի մեծագոյն մարդը, հայ հանճարի անկրկնելի դրսեւորումը՝ Տարօնցի Մեսրոպ Մաշտոցը»: Հաղորդավարները ընդգծեցին. «Յոյսով ենք, որ այսօր եւս հայ ազգի ընդերքից կը յառնեն ուժեր, որոնք հայ ժողովրդին կը պատեն դիմադրողականութեան շերտով եւ դուրս կը բերեն նրան այս անելանելի վիճակից»: Հաղորդավարները նաեւ կազմակերպիչ յանձնախմբի անունից երախտիքի խօսք ուղղեցին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեանը, միջոցառման գծով դրսեւորած իր անվերապահ համագործակցութեան համար:
Հաղորդավարները ընթացքում մերթընդմերթ ներկայացնում էին հայ գրերի գիւտին հանգեցրած ժամանակի պայմանները եւ ազգաշունչ կտորներ:
Գեղարւեստական յայտագրում հանդիսատեսը տարբեր բաժիններում ունկնդրում էր «Նոր ձայներ» երգչախմբի միջոցով իրականացած տեսագրւած կատարումները: Միջոցառմանը Պ. Սեւակի՝ «Եւ այր մի Մաշտոց անուն» բանաստեղծութիւնը ասմունքեցին՝ Անի Թահմազեանը եւ Անդրէ Պօղոսեանը: Ապա ներկաների դատին յանձնւեց Ռեբեկա Վարդանեանի պատրաստած ժապաւէնը սոյն ուսումնական տարեշրջանի դպրոցական վերամուտից, որից յետոյ դաշնամուրային կատարումներով ելոյթ ունեցաւ Ռենէ Ոսկանեանը:
Ընթացքում հաղորդավարները փոխանցեցին, որ ձեռնարկին ելոյթ ունեցող բոլոր աշակերտները ընտրւել են 2023-2024 ուսումնական տարեշրջանում Կրթական խորհրդի կողմից կազմակերպւած Մշակութային փառատօնի ասմունքի եւ երաժշտական գործիքների մրցութեան արդիւնքում լաւագոյն ճանաչւած մասնակիցներից:
Միջոցառմանը ամբիոնի մօտ հրաւիրւեց Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի փոխատենապետ Կարինէ Բալըքչեանը, փոխանցելու խորհրդի խօսքը: Իր ելոյթի ընթացքում նա նշեց. «Հայ ժողովուրդը թէ՛ այն ժամանակ (5-րդ դարում), թէ՛ յետագայ դարերի խաւարին եւ կործանմանը դիմադրեց իր Թարգմանչաց լոյսով: Եւ այդ իմաստով, իբրեւ ազգային երախտագիտութեան խորագոյն արտայայտութիւն, հայ ժողովուրդը արժանաւորապէս սրբացրեց իր թարգմանիչներին:
Հաւատարիմ իրենց կոչմանը, Սուրբ Թարգմանիչների աւանդած խորհրդին, կրթադաստիարակչական հարուստ աւանդներին, այսօր էլ նւիրեալ մեր մանկավարժները երիտասարդ սերնդին կրթում են ազգային ոգով, սերմանում նրանց հոգում ազնւութեան, աշխատասիրութեան եւ հայրենասիրութեան բարի սերմերը: Ուսուցչի տօնը չի սահմանափակւում միայն այս տօնով, այն սկսւում է իւրաքանչիւր առաւօտ՝ դասասենեակից եւ աշակերտական նստարանից: Ձեր գործը վարձայատոյց է լինում ապագայով, կայուն համայնքի եւ անվտանգ պետութեան տեսլականի իրագործմամբ եւ հայրենիքի բարգաւաճմամբ»:
Կրթական խորհրդի փոխատենապետը ապա համապարփակ զեկոյց ներկայացնելով Կրթական խորհրդի հիմնական գործառոյթերի մասին թւարկեց դրանք. «Հետամուտ լինել ազգային դպրոցների կրթադաստիարակչական ընդհանուր գործունէութեանը, հանդիպումներ կազմակերպել կրթական ոլորտի պատկան մարմինների եւ պատասխանատուների հետ, հետամուտ լինել Կրթական խորհրդի յանձնախմբերի աշխատանքներին, հետեւել դպրոցներում եւ մանկապարտէզներում նիւթական եւ շինարարական հիմնահարցերին եւ համագործակցել համայնքի միութիւնների եւ կենտրոնների հետ»: Իր զեկոյցի այլ բաժնում նա նշեց. «Կրթական խորհուրդը հանդէս գալով, որպէս ազգային իշխանութեան կրթադաստիարակչական օղակ՝ եռամեայ գործունէութեան ընթացքում կրթական ոլորտում կատարել է մի շարք խորքային հետազօտութիւններ, որոնց արդիւնքում ի յայտ եկած տւեալները զարգացնելով խորհրդի կողմից գրանցւել են, որպէս ձեռքբերումներ: Իր խօսքը եզրափակելով նա ընդգծեց. «Վերջում հարկ ենք համարում բարձրաձայնել այս խորհրդի կարեւորագոյն հիմնախնդիրներից մէկը՝ հայոց դպրոցների վերադասաւորման հարցը: Նախկին ուսումնասիրութիւնների հիման վրայ կատարւել է նոր ուսումնասիրութիւններ եւ խորհրդակցաբար առաջարկւել է տարատեսակ նոր լուծումներ: Բոլորս համակարծիք ենք՝ որ աշակերտութեան թւի տարեց տարի նւազումը, երկրի եւ համայնքի նիւթական, տնտեսական եւ մարդուժի սուղ պայմաները աւելի քան բաւարար պատճառներ են, որպէսզի դպրոցների միատեղման ցաւօտ բայց եւ անհրժեշտ աշխատանքը ի կատար ածւի, որը պահանջում է նախ համոզմուք, համայքային կամք եւ թաղային զգայութիւնները զսպելու ունակութիւն: Հաւատացէ՛ք, որ դրա արդիւնքում միմայն շահելու են մեր աշակերտութիւնը եւ հետեւաբար հայ ընտանիքը, որն էլ համայքի բոլոր կառոյցների հիմնական նպատակն է»:
Ապա շարունակւեց գեղարւեստական յայտագիրը, ասմունքներով հանդէս եկան Ադոնիս Տէր Առաքելեանը արտասանելով Համօ Սահեանի «Ախր ես ինչպէս վեր կենամ գնամ», եւ Մինէլի Հորմոզեանը արտասանելով Պարոյր Սեւակի «Ապրել» բանաստեղծութիւնը: Քնարի եւ քլարիներտի կատարումներով հանդէս եկան Սամարիա Շահմիրեանը եւ Նատալի Բաղումնեանը, մեներգով հանդէս եկաւ Լիաննա Աղասեանը՝ «Նոր ձայներ» երգչախմբից, կատարելով «Մախմուր աղջիկ» երգը:
Միջոցառմանը պատկերասփռւեց ազգային «Արաքս» եւ «Թունեան-Թովմասեան» դպրոցների աշակերտների միջոցով պատրաստւած ժապաւէնները՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրեանի եւ անւանի ռեժիսոր Սերգէյ Փարաջանովի մասին:
Միջոցառմանը, Կրթական խորհրդի կողմից ինչպէս ընկալեալ սովորութեան գնահատւեցին ուսումնական անցեալ երկու տարեշրջաններում հանգստի կոչւած մէկ տեսչուհի եւ չորս ուսուցչուհիներ: Այդ առիթով ամբիոնի մօտ հրաւիրւեցին հանգստի կոչւած տեսչուհի՝ Անահիտ Մարգարեանը, եւ ուսուցիչների կողմից Քաթրին Նազարեանը, որոնք իրենց երախտիքի խօսքը փոխանցելով անդրադարձան հայ ուսուցչի անխոնջ աշխատանքի կարեւորութեանը, յատկապէս սփիւռքեան պայմաններում, քանզի հայ ուսուցիչն է ով փոխանցում է հայոց ոսկեղնիկը, հայկական ոգին եւ ազգային դաստիարակութիւնը մատաղ սերնդին:
Նրանց ելոյթներից յետոյ հանգստի կոչւած ուսուցիչների մասին պատկրասփռւեց Ռեբեկա Վարդանեանի պատրաստած ֆիլմը, որի ընթացքում ներկայի գործող եւ հանգստի կոչւած ուսուցչուհիները անդրադառնում էին իրենց գործընկերների մասին:
Գնահատագրերի յանձնումից առաջ, որպէս եզրափակիչ խօսք, Տ. Արիստակես քհնյ. Շահմիրեանը ընթերցեց Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի յղած պատգամը: Սրբազան Հայրը իր պատգամի ընթացքում խօսքը ուղղելով ուսուցիչներին ընդգծել էր. «Գնահատում եմ ձեզ սիրելիներ ձեր մասնակցութեան համար եւ յորդորում, որ ձեր ունեցած ձիրքերը ծառայեցնէք մեր ժողովրդի, ազգի, եկեղեցու ու մեր բոլորի պահանջատիրական պայքարի ճանապարհին: Մենք այսօր որեւէ ժամանակից աւելի կարիք ունենք ձեր ներկայութեանը մեր եկեղեցիներում ու միութիւններում, որ ձեր մասնագիտութեան շնորհիւ պայծառացնէք եւ զարկ տաք մեր հոգեւոր եւ ազգային մշակոյթին: Սիրելի ուսուցիչներ՝ Մշակոյթի տօնը նաեւ ձեր տօնն է, ձեր սուրբ աշխատանքի գնահատման տօնը: Ձեր ուխտի վերանորոգութեան տօնը, ուխտի վերանորոգութիւն՝ ազգի, հայրենիքի, եկեղեցու եւ ժողովրդի նկատմամբ»:
Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահյութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդ վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը, ազգային իշխանութեան ու մարմինների ներկայացուցիչներ, անցեալ շրջանների Կրթական խորհրդի ատենապետեր, քահանայ հայրեր եւ ուսուցիչներ:
Ապա Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահյութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Կրթական խորհրդի եւ քահանայ հօր ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին հանգստի կոչւած կրթական ոլորտի գործիչներին: Հանգստի էին կոչւել տեսչուհի՝ Անահիտ Մարգարեանը, իսկ ուսուցչուհիներ՝ Քաթրին Նազարեանը, Ովսաննա Նազարեանը, Ալենուշ Վարդանեանը, Անժէլ Մինասեանը, եւ Հելէն Այւազեանը: Նաեւ գնահատագրեր յանձնւեցին Կրթական խորհրդին կից աշխատող՝ Մշակութային յանձնախմբի, Ուսումնադաստիարակչական յանձնախմբի, Կրթադաստիարակչական յանձնախմբի, Դպրոցական էջի յանձնախմբի, Աշակերտական խորհուրդները համակարգող յանձնախմբի, Մարզական յանձնախմբի եւ Դասագրքերի յանձնախմբի անդամներին, որոնց գնահատագրերը ստանում էին յանձնախմբերի պատասխանատուները:
Վերջում կազմակերպւել էր ընդունելութիւն:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ