Հանդիպում՝ Թեհրան նահանգի քաղաքների Նահատակների հիմնարկի կենտրոնում
Դեկտեմբերի 24-ին, Թեհրան նահանգի քաղաքների Նահատակների հիմնարկի (Բոնեադ Շահիդ) տնօրէն՝ Աբասալի Ռեզայիի հրաւէրով, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ ազգ. առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի մասնակցել է յիշեալ հիմնարկի կենտրոնում կազմակերպւած հանդիպմանը, որտեղ նաեւ ներկայ են եղել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները:
Հանդիպումը հիմնականում առնչւած է եղել Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 45-րդ տարեդարձը մեծարելու ծրագրերի շարանում կրօնական փոքրամասնութիւնների նահատակների յիշատակին կազմակերպւող յարգանքի միջոցառմանը, որն այս տարի նախատեսւել է այն կազմակերպել Նոր Բուրաստան գերեզմանատան նահատակների բաժնում:
Հանդիպման ընթացքում, խորհրդակցութիւն է տեղի ունեցել կազմակերպչական աշխատանքների եւ միջոցառումը լաւագոյն կերպով կազմակերպելու վերաբերեալ:
Հարկ է նշել, որ յիշեալ ծրագիրն ամէն տարի կայանում է կրօնական փոքրամասնութիւններից մէկի գերեզմանատան նահատակների բաժնում:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ