Ատրպատական

Հայոց «Մասիհա» դպրոցի Ամանորի հանդէսը

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Դեկտեմբերի 23-ին, Ուրմիայի հայոց ազգային «Մասիհա» դպրոցի տեսչութեան կազմակերպութեամբ եւ հայերէնաւանդ ուսուցչական կազմի ղեկավարութեամբ, Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում, Ամանորի հանդէսով ելոյթ ունեցան աշակերտները:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Գործակալական խորհրդի հովանաւորութեամբ տեղի ունեցած սոյն ծրագրի ընթացքում արտայայտւեց դպրոցի տեսչուհի Ադրինէ Մեջլումեանը, ով իր բացման խօսքում նաեւ շնորհաւորական քաղցր մաղթանքները ուղղեց բոլոր ներկաներին՝ աշակերտութեանը եւ ուսուցչակազմին: Նա մաղթեց, որ համայն հայութեան եւ «Մասիհա» դպրոցի մեծ ընտանիքի համար առաջիկայ 2024 տարին լինի բարեբեր եւ դրական անակնկալներով հարուստ:

Հերթով ելոյթ ունեցան առաջինից մինչեւ վեցերորդ դասարանների աշակերտները իրենց ուսուցչուհիների ղեկավարութեամբ, ներկաներին մատուցելով Ամանորի երգեր եւ ասմունքներ: Յարաբերաբար կարճ ժամանակում նրանք իւրացրել էին իրենց սովորելիք բաժինները, եւ այնքան աշխուժութեամբ կատարեցին, Ձմեռ պապի գալստեան լուրով խանդավառ:

Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօներին նւիրւած գեղարւեստական ծրագրի աւարտին սրահ մուտք գործեց տարւայ ամենաշատ սպասւած մարդը՝ Ձմեռ պապը…: Երեխաների ուրախութիւնը կրկնապատկւեց, որոնք նրա հետ երգեցին ու պարեցին, մեծ խանդավառութիւն ստեղծելով սրահում: Ձմեռ պապը չէր մոռացել իւրաքանչիւր աշակերտի համար յատուկ մի նւէր, որը նրանք ուղղակի նրա ձեռքից ստացան:

Ծրագրի աւարտին, Ձմեռ պապին եւ տեսչական կազմը, ուսուցիչների հետ միասին ուղղւեցին դպրոց, բարձր դասարանների աշակերտութեանը եւս մասնակից դարձնելու օրւայ ուրախութեան: Դասաւանդութիւններին մի պահ ընդմիջում տալով, Ձմեռ պապը իր բարի խրատներով նաեւ ուրախացրեց բարձր դասարանների աշակերտութեանը:

Բոլորի աչքերում վառ յոյս էր երեւում առաջիկայ 2024 տարւայ համար, եւ բոլորի աղօթքն ու մաղթանքը հէնց նոյնն էր. խաղաղութի՜ւն համայն աշխարհին եւ արդարութիւն մեր ազգին ու հայրենիքին:

Related Articles

Back to top button