Ռահւա գիւղի եկեղեցու Ամանորի բազմամարդ տօնավաճառը
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Դեկտեմբերի 22-ի առաւօտից սկսեալ մինչեւ երեկոյ, Ատրպատականի Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցու տօնավաճառն էր, հարուստ գիւղական պատրաստութեամբ քաղցրեղէններով, չիրով ու չամիչով, տնական խմորեղէններով եւ ամանորի ձեռարւեստ զարդեղէնների ճոխ տեսականիով:
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի հովանաւորութեամբ եւ Ուրմիայի Գործակալական խորհրդի նախագահութեամբ, եւ կազմակերպութեամբ Ռահւա գիւղի Հոգաբարձութեան եւ Կանանց խնամակալ մարմնին, գիւղի նախկին դպրոցի վերանորոգեալ սրահում բացումը կատարւեց Ամանորի տօնավաճառի:
Տօնավաճառի համար ցուցադրասեղաններ էին ապահովել գիւղում եւ Ուրմիա քաղաքում գործող բոլոր միութիւններն ու կազմակերպութիւնները, ինչպէս նաեւ անհատ անձինք, որոնք ձեռարւեստից սկսած մինչեւ տարբեր տեսակի թխւածքներ եւ այլ համադամ տորթեր էին դրել վաճառքի:
Տօնավաճառին ներկայ էին Ուրմիայի շրջանի ազգային պատգամաւորները, գլխաւորութեամբ Բ ատենապետ Սաքօ Մեջլումեանի: Ներկայ էր նաեւ Գործակալական խորհրդի ատենապետ Վանիկ Յակոբեանսը, խորհրդի անդամների հետ միասին: Գիւղի Հոգաբարձութեան ատենապետ Համօ Մկրտչեանը բարի գալուստ մաղթեց բոլոր ներկաներին, որոնք տօնական օրերի խնդութեամբ եւ բարձր տրամադրութեամբ էին ժամանել գիւղի հայոց կենտրոնը, վայելելու ամբողջ օրւայ ընթացքում մատուցւելիք հաճելի ժամանակը: Նա Սրբազան Հօր անունից եւս ողջունեց բոլորին, բարի Ամանոր եւ Սուրբ Ծնունդ մաղթելով:
Ուրմիայից, Գեարդաբադ գիւղից եւ շրջակայից ժամանած այցելուներից բացի, հիւրեր էին եկել նաեւ Թաւրիզից, իրենց տօնական օրերի գնումները կատարելու, գիւղի մաքրամաքուր պատրաստութեամբ արտադրութիւնների մատուցումից օգտւելով:
Մեծերի ու փոքրերի՝ տարեցների եւ երեխաների զրոյցն ու խաղը միախառնւել էին իրար, մինչեւ երկար ժամանակ իրար չհանդիպած անձինք սոյն առիթով մէկ յարկի տակ հանդիպում էին, վայելելով գիւղի եկեղեցու Խնամակալ մարմնի հիւրասիրութիւնը:
Ռահւա գիւղի հայկական մթնոլորտի եւ ներկաների հոգեկան բարձր տրամադրութեան ամրապնդմանը ծառայեց սոյն տօնավաճառը, նիւթական շահ եւս ապահովելով գիւղի Հոգաբարձութեանը, որոնք միշտ հետամուտ են իրենց դարաւոր եկեղեցու մշտական վերանորոգման աշխատանքներով: