Հայաստան - Արցախ

Երբ ժամանակը հասունանայ

Այն, որ Արցախի հարցը ՀՀ գործող իշխանութիւնների համար փակւած է ոչ մէկի համար անակնկալ չէ: Այն զուգակցւում է Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան՝ Բաքւի բանտում ապօրինաբար պահող անձանց եւ գերիների վերադարձի հարցերի անտեսմամբ, իսկ Արցախի ընդհանրապէս ուրացումը դարձել է այս իշխանութիւնների գոյութեան խորհրդանիշերից մէկը: Զուգահեռաբար ՀՀ իշխանութիւնները արդիւնաւէտ կերպով նախապատւութիւն են տալիս Ադրբեջանի հետ «խաղաղութեան պայմանագրի» ստորագրմանը: ՀՀ քաղաքական օրակարգում շարունակելով առաջ քաշել այնպիսի կեղծ օրակարգեր, որոնց բովանդակութիւնը ինչպէս վերջին տարիներին, այնպէս էլ այսօր անհաղորդ են հայկական շահի տառին ու ոգուն:

Պատահական չէ, որ այդ «խաղաղութեան պայմանագրին» ծանօթ քաղաքական օղակները եւ փորձագիտական շրջանակները շարունակում են ահազանգել դրա վտանգների մասին, որովհետեւ ակնյայտ է, որ Ադրբեջանը առանձնապէս ոչ միայն ջանքեր չի գործադրում հայկական շահի հետ հաշւի նստելու համար, այլ, միջազգային հանրութեան ջանքերին զուգահեռ կատարում է քայլեր, որոնք փաստում են, որ միանշանակօրէն գործելու են յորջորջած խաղաղութեան խոստումներին հակառակ տրամաբանութեամբ, բազմիցս հասկացնելով, որ իրենք շահագրգռւած չեն խաղաղութեամբ, այլ ցանկանում են նոր՝ աւելի մեծ զիջումներ կորզել ՀՀ իշխանութիւններից: Միջազգային տարբեր ձեւաչափերին զուգահեռ, տարբեր տրամաչափի զօրավարժութիւնները, պայմանագրի հարցով անվտանգութեան երաշխիքների անտեսումը, բանակցութիւնների երկարաձգելը այդ փաստարկներից միայն մի քանիսն են:

Միեւնոյն ժամանակ, անհրաժեշտ է չմոռանալ, որ ադրբեջանական ագրեսիայի պայմաններում ամբողջ արցախահայութիւնը զանգւածային տեղահանութեան ենթարկւեց ու լքեց սեփական հայրենիքը, որովհետեւ հակառակ հակաազգային գործող իշխանութիւնների, արցախահայութիւնը այն հաստատուն կարծիքին էր, որ իր դէմ բարբարոսութիւն իրականացնող Բաքւի պետութեան լծի ներքոյ անհնար է շարունակել պահպանել սեփական գոյութիւնը, լինել հայ, ապրել, արարել եւ համակեցութիւն հաստատել թշնամի ազգի հետ: Այսինքն՝ նման պայմաններում, երբ հայ մարդու ինքնութիւնն է դեգերում եւ քայքայւած է, եւ նոյն մթնոլորտը Սփիւռքում եւս տարածում է գտնում, հետեւաբար՝ հայրենիքից հեռու ապրող մարդու էութիւնը, նոյնպէս քայքայւում է, որն առանց այդ էլ ունէր իր բազմաբովանդակ ու իւրովի էութաբանական բարդութիւնները: Ուստի, հայն այլեւս սկսում է չհաւատալ սեփական անցեալին, սեփական ինքնութեան հիմքերին, եւ դրանց պաշտպանելու անհրաժեշտութեանը, եւ ինչքան էլ Սփիւռքում ձգտենք մնալ հայ մեր ջանքերը ստանում է զուտ հոսանքին հակառակ գնալու լարւած պայքարի դրսեւորում, որովհետեւ համայն հայութիւնը գոյաբանական ծանր մարտահրաւէրներով պարփակւած լինելով, ոչ միայն տուժում է հողային կամ տարածքային կորուստների հետեւանքով, այլեւ, առաջին հերթին, մենամարտ է ազդարարում մեր հայրենիքի, եւ ինքնութեան ընկալունակութեանը, քանզի նոյն իշխանութիւններին շարունակ հաւատացող մասսաները, որոնք դեռեւս բթացւածութիւնից ամփոփւած են սեփական գոյութեան մէջ, հայրենիքի նկատմամբ շարունակում են ցուցաբերել անպատկանելիութեան զգացում, եւ նրանք ու իրենց վարակիչ գոյութիւնը, անակնկալի չպէտք է բերեն հայրենատենչ ստւար այն հատւածին, որոնց հոգում յաղթանակների լոյսը դեռեւս առկայծում է: Երբ ոչ հեռու ապագայում անբարտաւանների ձեռագրով հանրոյթի սակարկման առարկայ դարձւի Հայաստանի Հանրապետութեան հողային ամբողջականութիւնը, երբ նրանց ժամանակը կրկին «հասունանայ» եւ կրկին բեւեռւեն այդ «առաքելութեան» իրականացման ճանապարհին, որտեղ եւս մէկ անգամ կը հնչեն մահւան, մթի, չարի, նոյն միապաղաղ ելեւէջները՝ «Միայնակ ամբողջ աշխարհի դէմ պիտի կռիւ չտանք, որովհետեւ չենք կարող տալ»…:

Կանխել է պէտք նման սցենարի հասունացումը:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

Related Articles

Back to top button