Կայսրութիւնների մեծամտութիւնը

ԱՐԱ ԱՅՒԱԶԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Պատմական օրինաչափութիւն
Պատմութեան ընթացքում աշխարհը բազմիցս ականատես է եղել հզօր կայսրութիւնների վերելքին, որոնք ժամանակի ընթացքում իշխել են հսկայածաւալ տարածքների վրայ, ձեւաւորել են համաշխարհային քաղաքականութիւնը եւ ուղղորդել քաղաքակրթութիւնների ընթացքը։ Հռոմէական կայսրութիւնից մինչեւ Չինաստանի տարբեր դինաստիաներ, Բրիտանական կայսրութիւնից մինչեւ Խորհրդային Միութիւն՝ այս տէրութիւնները կուտակել են աննախադէպ ազդեցութիւն եւ հարստութիւն։ Սակայն, որքան հզօր էլ որ դրանք թւացել են իրենց ծաղկման շրջանում, ոչ մէկը զերծ չի մնացել անկումից։ Նրանք չեն կործանւել յանկարծակի եւ գրեթէ երբեք առանց նախազգուշացնող նշանների։ Իւրաքանչիւր կայսրութեան անկումը ունեցել է իր պատճառահետեւանքային առանձնայատկութիւնները, սակայն բոլորի դէպքում միաւորորղը եղել են գերագնահատւած ինքնավստահութիւնը, մեծամտութիւնը եւ իրականութիւնից կտրւած լինելը։
Դարերի ընթացքում ձեւաւորւել է մի անժխտելի օրինաչափութիւն. այն կայսրութիւնները, որոնք սկսում են հաւատալ իրենց յաւերժութեանն ու գերակայութեան ճակատագրական արդարացւածութեանը, մի օր փլուզւում են հէնց այդ նոյն մեծամտութեան պատճառով։ Պատմութիւնը՝ անաչառ եւ անողոք, պատժում է նրանց, ովքեր ուժը շփոթում են անպարտելիութեան հետ։ Այն, ինչ սկսւում է որպէս գերիշխանութիւն, յաճախ աւարտւում է պառակտմամբ, քանզի որքան խորն է անխոցելիութեան պատրանքը, այնքան թոյլ է կայսրութեան դիմադրողականութիւնը փոփոխութիւններին։
Ամենավտանգաւոր դրսեւորումներից մէկն էլ այն համոզմունքն է, որ գերիշխանութիւնը ոչ միայն արդարացւած է, այլ նաեւ պատմականօրէն, բարոյապէս ու ի վերուստ կանխորոշւած։ Նման մեծամտութիւնը խաթարում է իրականութեան ընկալումը, յատկապէս երբ իշխանաւորները շրջապատւում են միայն հպատակներով, քծնողներով ու խամաճիկներով։ Քննադատութիւնը դիտւում է որպէս դաւաճանութիւն, իսկ փաստերը մնում են ստւերում։ Որպէս հետեւանք՝ իրականութիւնից կտրւած առաջնորդները սկսում են գործել ոչ թէ իրողութիւնների հիման վրայ, այլ յաւերժ գերակայութեան պատրանքով։
Կայսրութիւններն անկում են ապրում, երբ ազգային ռազմավարութիւնը ստորադասւում է ընտանեկան կապերին, կլանային պարտաւորութիւններին կամ «պատմական» իրաւունքների պատրանքին։ Երբ արտաքին քաղաքականութիւնը ձեւաւորւում է ոչ թէ ռազմավարական հաշւարկներով, այլ անձնական կապերով ու փառասիրութեամբ, կայսրութիւնները սկսում են փլուզւել ներսից։
Հռոմէական կայսրութեան անկումը չսկսւեց միայն արտաքին ներխուժումներից։ Այն սկսւեց այն պահին, երբ կայսրերը կարեւոր պաշտօններում նշանակում էին իրենց հարազատներին՝ անկախ նրանց կարողութիւններից, եւ աւելի շատ թշնամանքի մէջ էին մրցակից խմբաւորումների, քան օտարերկրեայ զաւթիչների հետ։ Օսմանեան կայսրութիւնը խեղդւեց ներքին ինտրիգների մէջ, իսկ Խորհրդային Միութիւնում տարեց առաջնորդների շրջապատը տարիներ շարունակ կառչած էր անձնական իշխանութիւնից, մինչդեռ երկիրը լճանում եւ քայքայւում էր։
Արցախը՝ կայսերական մտածողութեան զոհ
2023 թւականին Արցախի անկումն աւելի լայն եւ վտանգաւոր հետեւանքներ է ունեցել, քան պարզապէս տարածքային փոփոխութիւն։ Մի ամբողջ ժողովրդի բռնի տեղահանումը բացայայտեց ամբողջ տարածաշրջանի ռազմավարական խոցելիութիւնը։
Այս «հանգուցալուծումից» յետոյ տարածաշրջանում սկսեցին աւելի ակտիւ դեր ստանձնել արտաքին ուժերը՝ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը եւ Արեւմուտքը՝ իւրաքանչիւրն իր «պատմական ազդեցութեան գօտին» վերականգնելու մտադրութեամբ՝ ոչ թէ որպէս խաղաղարար, այլ որպէս շահառու կողմ։ Ղարաբաղի անկման հետեւանքով առաջացած վակուումն առաջ բերեց կայսերական մտածելակերպի վերածնունդը։ Այդ տէրութիւնները, որոնք կայսերական յիշողութեան կրողն են, կրկին սկսում են պայմանաւորել փոքր ազգերի ճակատագրերը իրենց ռազմավարական խաղերի տրամաբանութեամբ։
Այս ամէնը տեղի է ունենում գլոբալ համակարգի խոր անկայունութեան ֆոնին, երբ տարածաշրջանային հակամարտութիւնները վերածւում են գերհզօրների մրցակցութեան թատերաբեմերի: Առաջնորդների անձնական ամբիցիաները, որոնք կարող են իրենց համարել սուլթանների, ցարերի կամ կայսրերի ժառանգորդներ, սկսում են գերակշռել դիւանագիտական պրագմատիզմի հանդէպ։ Ակնյայտ է դառնում անտարբերութիւնը ժողովուրդների իրական կարիքների՝ խաղաղութեան, անվտանգութեան եւ արժանապատւութեան հանդէպ, երբ սահմանները վերաձեւաւորւում են բռնութեան միջոցով, իսկ ճակատագրերը զոհաբերւում են յանուն այսպէս կոչւած պատմական նպատակայարմարութեան։
Պէտք է յստակ արձանագրել. որոշ տէրութիւնների մեծամտութիւնը, ցինիզմը եւ կայսերական կարօտախտը չլուծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը. նրանք պարզապէս աւարտեցին այն այնպիսի պայմաններով, որոնք յարմար էին իրենց կարճաժամկէտ շահերին։ Այդ տէրութիւնները, գործելով որպէս անկում ապրած կայսրութիւնների ժամանակակից ժառանգորդներ, Արցախը դիտարկեցին ոչ թէ որպէս հայ ժողովրդի հայրենիք, այլ՝ շախմատի տախտակ։ Այդ կերպ նրանք հեշտութեամբ անտեսեցին Արցախի ժողովրդի օրինական իրաւունքները եւ անվտանգութեան վերաբերեալ հիմնաւոր մտահոգութիւնները։
Արցախի ողբերգութիւնն անխուսափելի չէր։ Ի լրումն բոլորիս քաջ յայտնի պատճառների, այն հնարաւոր դարձաւ, եւ որոշ առումներով ուղղորդւեց, այն ուժերի կողմից, որոնք ուժն ու տեղահանումը հռչակեցին որպէս «խաղաղութեան» հիմք եւ հաւատացին, թէ գերիշխանութիւնը հաւասար է կայունութեան։
Բայց գերիշխանութիւնը առանց լեգիտիմութեան ծնում է դիմադրութիւն, իսկ վախի ու լռութեան վրայ հիմնւած կայունութիւնը ենթակայ է փլուզման։ Արդարութեան ընտրովի կիրառումը, ժողովուրդների զոհաբերումն ու ուժով պարտադրւած խաղաղութիւնը խորացնում են ճգնաժամերը՝ դրանք լուծելու փոխարէն։
Պատմութեան դատաստանը
Կայսրութիւնները չեն փլուզւում, որովհետեւ բախւում են մարտահրաւէրների։ Դրանք փլուզւում են, որովհետեւ չեն կարողանում արձագանքել այդ մարտահրաւէրներին՝ խոհեմութեամբ, յստակութեամբ եւ իրատեսութեամբ։ Դրանք ընկնում են այն ժամանակ, երբ իրենց ղեկավարները լռութիւնը շփոթում են համաձայնութեան, վերահսկողութիւնը՝ օրինականութեան, իսկ գերիշխանութիւնը՝ իմաստութեան հետ։ Երբ առաջնորդները սկսում են հաւատալ, որ իրենք յաւերժ են, երբ իրենք դառնում են պետութեան մարմնաւորումը, եւ երբ ազգային շահը խառնում են անձնական յաւակնութիւնների հետ՝ անկումը դառնում է անխուսափելի։
Տարբեր դերակատարների կայսերական մտածողութեան մեծամտութիւնն ու կուրութիւնը ողբերգութիւն են պատճառել ոչ միայն Արցախի ժողովրդին։ Պատմութիւնն անվերջ ցոյց է տւել, որ երբ կայսրութիւնները սխալւում են, առաջին հերթին տուժում են փոքր ժողովուրդները, բայց այդ սխալների հետեւանքները, ուշ թէ շուտ, անխուսափելիօրէն հետ են վերադարձւում հէնց այդ կայսրութիւններին։ Երբ իշխանութիւնը օգտագործւում է իրականութիւնը մերժելու համար, երբ մարդկային կեանքերը դիտարկւում են որպէս աննշան զոհեր, եւ երբ առաջնորդութիւնը վերածւում է անձնական փառքի գործիքի, նման կայսրութիւնները անխուսափելիօրէն գնում են ներքին քայքայման եւ կործանման ճանապարհով։
Ամփոփում
Այդ ամենի դէմ հանդիման կանգնած Հայաստանն ամենեւին դատապարտւած չէ վերջնական պարտութեան։ Մեծ տէրութիւնների ուժային խաղերի, կայսերական մտածողութեան եւ ռազմավարական ցինիզմի միջավայրում անգամ դեռեւս գոյութիւն ունի իմաստուն եւ նպատակային ընտրութեան հնարաւորութիւնը։ Մեր պատասխանը պէտք է լինի ազգային շահերից բխող հաշւարկւած ռազմավարութիւնը՝ այլընտրանքային արտաքին քաղաքականութեան յստակ եւ համակարգւած ձեւաւորմամբ եւ ներքին ու համազգային ողջ ներուժի համախմբմամբ։
Նոյնիսկ ամենածանր իրավիճակներում հնարաւոր է ձեւաւորել նոր ուղեգիծ, որը համատեղում է իմաստնութիւնը, փորձը, իրատեսութիւնն ու հետեւողականութիւնը։ Փոփոխւող աշխարհակարգը վաղ թէ ուշ ստեղծելու է հնարաւորութիւնների պատուհան, եւ միայն համարժէք պատրաստւածութիւնն է, որ կարող է ապահովել, որպէսզի այդ պատուհանը բացւի ոչ թէ ուրիշների, այլ հէնց Հայաստանի առջեւ։ Առաջիկայում ներկայացնելու եմ իմ կոնցեպտուալ մօտեցումները, իմ առաջարկները, որոնք կարող են լինել Հայաստանի յետպատերազմեան վերականգնմանն ուղղւած արտաքին քաղաքականութեան հիմքում։