ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները դատապարտել են սիոնիստական ռեժիմի վայրագութիւնները

«ԱԼԻՔ» – Իսլամական խորհրդարանի դիւանի անդամ Ալի Քարիմի Ֆիրուզջային չորեքշաբթի, հոկտեմբերի 18-ի առաւօտեան, Իրանի Իսլամական խորհրդարանի նիստում ընթերցել է Իսլ. խորհրդարանում, կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների հաղորդագրութիւնը, որով նրանք դատապարտել են Գազայի «Ալ-Մոամմեդանի» հիւանդանոցի ռմբակոծութիւնը եւ սիոնիստական ​​ռեժիմի յանցագործութիւնները:

«Խանէ մելլաթ» կայքէջի համաձայն՝ հաղորդագրութեան մէջ նշւած է. «Մարդկութեան պատմութիւնը եղել է կեղեքման, բռնատիրութեան եւ, միեւնոյն ժամանակ, հակաբռնատիրութեան, ազատութեան եւ իրաւունքների պաշտպանութեան պատմութիւն: Այս յատկանիշների. ամենաակնառու դրսեւորումներից մէկը, որին մենք ականատեսն ենք եղել 20-րդ դարից սկսած, եւ որը շարունակւում է նաեւ ներկայ դարում, մի կողմից սիոնիստական ​​ռեժիմ կոչւող կեղծ ռեժիմի գործողութիւններն է՝ օկուպացիայի, սպանդի, ցեղասպանութեան ու ճնշումների շրջագծում եւ միւս կողմից՝ բռնաճնշւած մի ժողովրդի ազատագրական պայքարն է իր պատմական հայրենիքում ապրելու համար»:

Հաղորդագրութեան մէջ նշւած է. «Օկուպացիայի, պաշարման եւ ապարտեիդի շարունակական գործընթացը, որը​​ ահաբեկչութեան վրայ հիմնւած սիոնիստական ռեժիմը ստեղծել է տասնամեակների ընթացքում Պաղեստինում, Յորդանան գետի արեւմտեան ափում եւ Գազայում, այնքան սեւերես է դարձրել նրանց եւ նրանց հովանաւոր մեծապետականութեանը, որը պատճառ է դարձել, որ Իսրայէլը իր այլ գազանային յատկանիշերի կողքին համարւի նաեւ մանկասպան ռեժիմ: Այս չարաբաստիկ ու սատանայական ռեժիմը, որի բոլոր սին յաւակնութիւնները բացայայտում են նրա ստորութիւնը, դատապարտելի է բոլոր առումներով»:

Հաղորդագրութեան մէջ խորհրդարանի պատգամաւորները խստօրէն դատապարտելով այս ռեժիմի բոլոր ոճրագործութիւնները, ի մասնաւորի՝ «Ալ- Մոամմեդանի» հիւանդանոցի ռմբակոծութիւնը եւ վերջին օրերի կոյր սպանութիւնները, իրենց եւ իրենց համայնքների զօրակցութիւնն են յայտնել Պաղեստինի ազատատենչ ժողովրդին, եւ դիմել են միջազգային հանրութեանը, որ անկախ իրենց շահերից եւ հաշւարկներից չմոռանան իրենց մարդկային առաքելութիւնը, որը հիմքն է՝ անվտանգութեան ու խաղաղութեան:

Հաղորդագրութիւնը ստորագրել են Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը,Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, ասորիների եւ քաղդէացիների պատգամաւոր Շառլի Անւիէ Թեքիէն, զրադաշտականների պատգամաւոր Էսֆանդիար Էխթիարին եւ հրէաների պատգամաւոր Հոմայուն Սամեհ եահ Նաջաֆաբադին:

Related Articles

Back to top button