Նախագահ Ռէյիսի. «Յետ հաշւարկը սկսւած է. Սիոնիստական ռեժիմի կործանումն անխուսափելի է»
«ԱԼԻՔ» – Սիոնիստական ռեժիմի վախճանը կը սկսւի: Պաղեստինցիների արեան իւրաքանչիւր կաթիլ, որը թափւում է գետնին, սիոնիստական ռեժիմին մէկ քայլ աւելի է մօտեցնում իր փլուզմանը: Այս մասին երէկ՝ հոկտեմբերի 18-ին ի զօրակցութիւն Պաղեստինի կազմակերպւած բազմահազարանոց հաւաքի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին:
Իր ելոյթում նախագահ Ռէյիսին անդրադառնալով «Ալ Աքսայի փոթորիկ» գործողութեան յաջողութեանն ասել է. «Սա լուրջ պարտութիւն էր սիոնիստական ռեժիմի համար, որն իր անվտանգութեան ապահովման համար ունի 7 հետախուզական ծառայութիւն: «Երկաթէ գմբէթ»-ից ու Մուսադից բացի, այս ռեժիմի անվտանգութեան համար գործում են հետախուզական վեց այլ հոսքեր, սակայն «Ալ Աքսայի փոթորիկ»-ը եւ պաղեստինցի մարտիկների կամքը սիոնիստների հետախուզութեան, անվտանգութեան եւ ռազմական ձախողման պատճառը դարձան»:
Նշելով, որ ԱՄՆ-ն իր անվերապահ զօրակցութիւնն է ցուցաբերում սիոնիստական վարչակազմին եւ գործնականում համակարգում եւ ղեկավարում է բոլոր գործողութիւնները, Հանրապետութեան նախագահը շեշտել է, որ այսօր ողջ աշխարհն ամերիկացիներին համարում է սիոնիստական ռեժիմի յանցակիցը: