Զարմիկ Պօղիկեան. «Ահաբեկիչներին զօրակցողը հիմնականում Թուրքիան է. ես հաւատում եմ, որ Իսրայէլն ու Թուրքիան դաշնակիցներ են»
«ԱԼԻՔ»- «Թուրքիան այս ամէնն անում է արաբական աշխարհին սիրաշահելու համար, սակայն իրականում ես կարծում եմ, որ ներքին համաձայնութիւն կայ, որովհետեւ Իսրայէլի եւ Լիբանանի միջեւ հրադադարից ընդամէնը ժամեր անց սկսւեց այս յարձակումը, որը վստահաբար նախապատրաստւած էր»։ Այս մասին երէկ՝ նոյեմբերի 29-ին, News.am-ի հետ զրոյցում ասել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Զարմիկ Պօղիկեանը՝ խօսելով այն մասին, որ նոյեմբերի 27-ին թուրքամէտ ահաբեկչական խմբաւորումները Հալէպի շրջանում յարձակում են գործել սիրիական բանակի եւ դաշնակից ուժերի դիրքերի վրայ։
«Ես հաւատում եմ, որ Իսրայէլն ու Թուրքիան դաշնակիցներ են՝ չնայած նրան, որ հանրայնօրէն միմեանց դէմ արտայայտութիւններ են հնչեցնում»,- յաւելել է նա։
«Զինեալ ահաբեկիչների կողմից չորեքշաբթի օրը սկսւած յարձակումը մեծ թափ ունէր, նրանք լաւ նախապատրաստւած էին։ Սիրիական բանակը սկզբում հակադարձեց, այժմ էլ պատրաստւում է շրջանների ազատագրման համար հակայարձակման։ Անշուշտ, սիրիական բանակին օգնում է ռուսական օդուժը։ Թէեւ սկզբում զինեալ ահաբեկիչները բաւական շատ գիւղեր էին գրաւել Հալէպի արեւմտեան շրջաններում, բայց դրանք սակաւ բնակչութիւն ունեցող գիւղեր էին։ Մի քանի գիւղեր զօրքն արդէն ազատագրել է, այժմ բախումներ են տեղի ունենում Հալէպի արւարձաններում՝ քաղաքից մօտ 5 կմ հեռաւորութեան վրայ »,- նշել է «Գանձասար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիրը։
Հարցին, թէ արդեօ՞ք կարող է պատերազմ սկսւել, Զարմիկ Պօղիկեանը պատասխանել է.
«Այն շրջանը, որի վրայ այս պահին յարձակում է տեղի ունենում, այդքան էլ մեծ չէ։ Փորձում են յարձակւել եւ գրաւել Մ5 կոչւող միջպետական ճանապարհը։ Նրանց զօրակցողը հիմնականում Թուրքիան է։ Նրանք փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ թուրքական զօրքերի մուտքն այդ տարածք դիւրին լինի։ Մինչ այժմ քաղաք մտնել չեն կարողացել, սակայն հրթիռներ են նետում, բնակելի վայրերն են ռմբակոծում։ Այսօր օրինակ, հրթիռակոծեցին Հալէպի պետական համալսարանի հանրակացարանը. չորս զոհ եւ տասնեակ վիրաւորներ կային»։
Հարցին, թէ ո՞րն է Թուրքիայի նպատակը, Հալէպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիրը պատասխանել է. «Ըստ երեւոյթին, Թուրքիան փորձում է զիջումներ կորզել Սիրիայից, որովհետեւ Սիրիայի կարծիքը յստակ էր. պատրաստ է բանակցութիւնների եւ յարաբերութիւնների վերականգնման՝ մի պայմանով, որ թուրքական ուժերը դուրս գան Սիրիայի տարածքներից։ Սիրիայի պայմանը սա էր, եւ եթէ այն իրագործւէր, երկխօսութեան հարթակ կը ստեղծւէր, սակայն, ըստ երեւոյթին, Թուրքիան ցանկացաւ շրջանցել այդ պայմանը, եւ Սիրիային ստիպողաբար բերել բանակցութեան սեղանի մօտ»։
Խօսելով դէպքերի հետագայ հնարաւոր զարգացումների մասին, Զարմիկ Պօղիկեանն ասել է.
«Հիմա, եթէ նկատի ունենանք զինեալ ահաբեկիչների ձեռքի տակ եղած զէնքերը, քաղաք մտնելու կարողութիւն չունեն, կարող են քաղաքի ծայրամասերը թափանցել, հրթիռակոծել։ Հաշւի առնենք նաեւ, որ Սիրիայի եւ Ռուսաստանի օդային ուժերն արդէն գործի են դրւել, եւ պատրաստւում են հակայարձակման։ Բայց չենք կարող ասել, թէ ինչպէս կը զարգանան իրադարձութիւնները, կարող են տարածաշրջանային այլ զարգացումներ լինել, կարող է Թուրքիան մասնակցել ուղղակի բախումներին։ Կարծում եմ՝ բանակցութիւնների ենք գնում, բայց կողմերն իրար վրայ փորձում են ճնշում գործել»։