Էհսան Մովահեդիան. «Թեհրանի համար կարեւոր է, որ հայ-ամերիկեան համագործակցութիւնն ուղղւած չլինի իրանի դէմ»

«ԱԼԻՔ» – Մինչեւ Հայաստանի իշխանութիւններն ԱՄՆ-ի հետ նախատեսւող ռազմավարական գործընկերութեան պայմանագրի ստորագրման հետ կապւած գերագնահատւած սպասումներ են առաջացնում հայ հասարակութեան շրջանում, ինչպէս դա սնում էին անցած տարւայ ապրիլին, երբ խոստանում էին, թէ Փաշինեանը Բրիւսէլից աննախադէպ ծրագրերով ու օժանդակութեամբ է Հայաստան գալու, ինչը, իհարկէ, տեղի չունեցաւ (Հայաստանին համեստ դրամական օգնութեան խոստում տւեցին), տարածաշրջանի երկրներից Մոսկւայից ու Թեհրանից մեսիջներ են գալիս առ այն, որ, իհարկէ, այս կամ այն երկրի հետ յարաբերութիւնների խորացումը Հայաստանի սուվերեն ընտրութեան հարցն է, բայց դա հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։ Այսօր ՌԴ ԱԳ նախարարն է խօսել Փաշինեանի իշխանութեան աշխարհաքաղաքական դեգերումներից, իսկ օրեր առաջ Բաքւից Երեւան էր եկել Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը, որը, ըստ արտահոսած տեղեկութիւնների, Երեւանում ՀՀ իշխանութիւններին կոչ է արել՝ հրաժարւել դէպի Արեւմուտք ձգտումներից, ու զգուշացրել է, որ այդ կուրսը լաւ բան չի խոստանում Երեւանին։ Այս մասին տեղեկացնում է heraparak.am-ը:
Ըստ նոյն տեղեկութիւնների, Ահմադիանը փոխանցել է Իրանի ակնկալիքը՝ ԵՄ առաքելութեան հետ կապւած, որը Թեհրանը գնահատում է որպէս հետախուզական, եւ առաջարկել է Երեւանին համաձայնել երկու երկրների միջեւ պաշտպանական պայմանագիր կնքել, ներառեալ անվտանգութեան երաշխիքներ զինւած ուժերի տեղակայման միջոցով։ Իրանցի վերլուծաբան Էհսան Մովահեդիանին մի քանի հարց ուղղեցինք իրանական առաջարկի վերաբերեալ եւ խնդրեցինք ներկայացնել հայ-ամերիկեան սպասւող համաձայնագրի իրանական արձագանգը։ Մովահեդիանը բնական է համարում, որ Իրանը Երեւանում քննարկել է Իրան-Հայաստան սահմանի անվտանգութեան ու պաշտպանութեան անհրաժեշտութեան հարցը, ինչը կապւած է, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի խնդրի հետ։
Քննարկումների օրակարգում նաեւ էներգետիկ ու տնտեսական ոլորտներում համագործակցութեան ծրագրերի խթանման, «Հիւսիս-Հարաւ» տրանսպորտային միջանցքի հարցերն են եղել։ Սա նշանակում է, որ իրանական կողմը դեռ բաց է պահում Հայաստանի հետ լայն համագործակցութեան դռները, չնայած պաշտօնական Երեւանի խուսափողական դիրքորոշմանը։ Մովահեդիանի խօսքով, ընդհանուր թշնամիներին դիմակայելու ուղեւորութեամբ երկու երկրների շահերը համընկնում են։ «Յուսով եմ, որ Իրանը ռազմավարական համագործակցութեան առաջարկ է ներկայացրել այդ ուղեւորութեան ընթացքում, եւ յուսով եմ, որ Հայաստանը կողջունի այն։ Հայկական դրական դիրքորոշման դէպքում Իրանը միանշանակ կողջունի նման համագործակցութիւնը։ Ակնյայտ է, որ ԱՄՆ-ն ցանկանում է խոչընդոտներ ստեղծել երկու երկրների համագործակցութեան խորացման համար։ Բայց եթէ Հայաստանը ցանկանում է պահպանել իր անվտանգութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը, ապա անպայման պէտք է խնդրի Իրանի աջակցութիւնն ու համագործակցութիւնը տնտեսական, քաղաքական, անվտանգութեան եւ ռազմական ոլորտներում եւ ընդունի Իրանի օգնութեան ձեռքն այս հարցում, յատկապէս Սիւնիքի մարզում»,- ասում է Էհսան Մովահեդիանն ու ընդգծում, որ Հայաստանի միակ բարեկամ երկիրը, որն ընդհանուր սահման ունի Հայաստանի հետ, Իրանն է, որն անհանգստացած է Հայաստանի տարածքային ամբողջականութեան պահպանման հարցով։
Իրանցի վերլուծաբանը թերահաւատ է, թէ Հայաստանի վրայ Բաքւի հնարաւոր յարձակման դէպքում ԱՄՆ-ն կամ արեւմտեան որեւէ այլ երկիր գործնական քայլեր կը ձեռնարկի Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու համար։ Միաժամանակ մեր զրուցակիցը նկատում է, որ եթէ դա տեղի ունենայ, Իրանը կողջունի եւ դրական քայլ կը համարի։ Թեհրանը, Մովահեդիանի խօսքով, յարգում է Հայաստանի իրաւունքը՝ համագործակցութեան փաստաթղթեր ստորագրել տարբեր երկրների հետ, բայց Իրանի համար կարեւոր է, որ այդ համագործակցութիւնն Իրանի դէմ չլինի։ «Եթէ այս համագործակցութիւնը բերի Հայաստանում ամերիկեան ռազմաբազա հիմնելուն կամ հայկական հողից Իրանին լրտեսելու ԱՄՆ-ի փորձին, Իրանը հաստատապէս դա բարեկամական չի համարի։ Վերջին 5 տարիների ընթացքում ԱՄՆ-ն ցոյց է տւել, որ շահագրգռւած չէ Հայաստանի տարածքային ամբողջականութեան պահպանմամբ եւ ձգտում է մեծացնել ռազմական եւ հետախուզական համագործակցութիւնը Հարաւային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ, ինչը սպառնում է Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի շահերին»,- բացատրում է վերլուծաբանը։
Միւս կարեւոր կէտը, նրա խօսքով, այն է, թէ արդեօ՞ք Հայաստանն ու Միացեալ Նահանգները նոյն դիրքորոշումներն ու շահերն ունեն տարածաշրջանային եւ գլոբալ կարեւոր ու կենսական խնդիրների վերաբերեալ: «ԱՄՆ-ին ձեռնտու է՝ համագործակցել Բաքւի, Թուրքիայի, ՆԱՏՕ-ի եւ Իսրայէլի հետ՝ կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման համար։ ԱՄՆ-ն ցանկանում է աւելի դիւրին ելք ունենալ դէպի Կասպից ծով եւ Իրանի, Ռուսաստանի ու նոյնիսկ Չինաստանի սահմաններ՝ այդ երկրներին դիմակայելու համար։ Մինչդեռ Հայաստանին ձեռնտու է դիմակայել կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանը, որպէսզի պահպանւեն երկրի տարածքային ամբողջականութիւնն ու անվտանգութիւնը։ Սա ընդամէնը մէկ օրինակ է, եւ պէտք է տեսնել, թէ ինչ շահեր ունեն երկու երկրներն այլ ոլորտներում, եւ արդեօք Միացեալ Նահանգները ստորագրելու է այս համաձայնագիրը Հայաստանին աջակցելո՞ւ նպատակով, թէ՞ Երեւանը դիտարկում է միայն որպէս գործիք»,- ասում է Մովահեդիանը։ Ինչ վերաբերում է ռուս-իրանական ռազմավարական գործակցութեան սպասւող համաձայնագրին, որն ակնկալւում է ստորագրել առաջիկայ օրերին Փեզեշքիանի մոսկովեան այցելութեան ընթացքում, իրանցի փորձագէտի խօսքով, Իրանը եւ Ռուսաստանը շատ ընդհանրութիւններ ունեն այնպիսի հարցերում, ինչպիսիք են տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխութիւնները, մասնաւորապէս, տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցութեան մեծացումը կանխելը։
Այս համաձայնագրի ստորագրման նպատակը, ըստ Մովահեդիանի, Իրանի ազգային շահերի պաշտպանութեանն է ուղղւած։ «Իրանը պահպանում է իր սկզբունքային դիրքորոշումներն այդ համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանի հետ այս համաձայնագրի ստորագրումը չի փոխի Իրանի դիրքորոշումը՝ «Զանգեզուրի» կեղծ միջանցքին դիմակայելու եւ Բաքւի, Թուրքիայի, Իսրայէլի եւ Բրիտանիայի կողմից տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխութիւններին դիմակայելու անհրաժեշտութեան վերաբերեալ։ Յուսով եմ, որ այս համաձայնագրի ստորագրումը կը յանգեցնի Ռուսաստանի վերաբերմունքի շտկմանը Հարաւային Կովկասում զարգացումների, եւրասիական տարածաշրջանում Թուրքիայի եւ Իսրայէլի ազդեցութեան մեծացման վտանգների վերաբերեալ»,- եզրափակում է իրանցի վերլուծաբանը։