ԱՄՆ պետդեպարտամենտի զեկոյցը փաստում է Ադրբեջանի կողմից հայերին պատանդառութեան մէջ պահելը, Արցախի էթնիկ զտումը եւ քրիստոնէական ժառանգութեան ոչնչացումը

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է Ադրբեջանում մարդու իրաւունքների մասին 2024 թ․ զեկոյցը, որում տեղ գտած օբիեկտիւ դիրքորոշումների լոյսի ներքոյ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը ամերիկեան վարչակազմին կրկին կոչ է արել անյապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների խախտումները դադարեցնելու համար, կիրառել 907-րդ բանաձեւը, ինչպէս նաեւ ադրբեջանական պատերազմական յանցագործների համար գործադրել «Գլոբալ Մագնիցկու» պատժամիջոցները, ապահովել հայ ռազմագերիների ու գերիների անվերապահ ազատ արձակումը։
Զեկոյցը մէջբերում է․ «կամայական կամ ապօրինի սպանութիւնների, խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի, կամայական ձերբակալութիւնների եւ բանտարկութիւնների, ինչպէս նաեւ այլ երկրների քաղաքացիների նկատմամբ հետապնդումների մասին արժանահաւատ տեղեկութիւնները»՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կառավարութիւնը «չի ձեռնարկել իրական քայլեր՝ պատասխանատւութեան ենթարկելու մարդու իրաւունքները խախտած պաշտօնեաներին»։
Զեկոյցում նշւում է ՄԱԿ-ի խոշտանգումների դէմ կոմիտէի 2024 թ․ յունիսի 5-ի զեկոյցը, որն արձանագրում է «ադրբեջանական զինւած ուժերի կողմից հայկական ծագում ունեցող ռազմագերիների եւ այլ պաշտպանւած անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական եւ մարդու իրաւունքների լուրջ խախտումները»։ Բացի այդ, փաստագրւում է, որ ՄԱԿ-ի փորձագէտները 2024 թ․ սեպտեմբերի 27-ին մտահոգութիւն են յայտնել՝ կապւած «2020 թ․ Զանգելանում գերի ընկած 23 հայ զինծառայողի եւ մէկ քաղաքացու հարկադիր անհետացման» հանգամանքով, սակայն Ադրբեջանը այդ մասին ամբողջ տարւայ ընթացքում որեւէ պատասխան չի տւել։
Զեկոյցը նշում է նաեւ Freedom House-ի 2024 թ․ նոյեմբերի 11-ի ուսումնասիրութիւնը, ըստ որի՝ Ադրբեջանը «իրականացրել է համակարգւած ռազմավարութիւն՝ 2020-2023 թթ․ ընթացքում լիովին հայաթափելու Լեռնային Ղարաբաղը՝ հայ բնակչութեանը ենթարկելով յարձակումների, ահաբեկման, հիմնական իրաւունքներից եւ կենսապահովման պայմաններից զրկելու եւ հարկադիր տեղահանութեան նպատակով»։ Freedom House-ի 133 էջանոց զեկոյցում եզրակացւում է, որ «Ադրբեջանը էթնիկ զտման է ենթարկել Արցախը՝ հարկադիր տեղահանումը կիրառելով որպէս միջոց», կառավարութիւններին կոչ է արւում «նպատակային պատժամիջոցներ կիրառել պատասխանատու ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ, դադարեցնել զէնքի, տեխնոլոգիաների եւ հետախուզական տւեալների մատակարարումը Ադրբեջանին եւ շարունակել միջազգային իրաւական մեխանիզմներով հետապնդել արդարութեան ապահովումը՝ ներառեալ ԱՄԴ եւ ՄԻԵԴ դատավարութիւնները»։
Զեկոյցը նաեւ նշում է, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ «2024 թ․ հոկտեմբերի 24-ի դրութեամբ Արցախում մնացել էին ընդամէնը 15 հայ բնակիչներ», իսկ Caucasus Heritage Watch-ը արձանագրել է «Շուշիում Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու եւ Ղազանչեցոց գերեզմանատան ոչնչացումը»։ Զեկոյցը նաեւ մէջբերում է Bellingcat-ի 2024 թ․ սեպտեմբերի հետաքննութիւնը, որտեղ «արբանեակային եւ սոցիալական մեդիայի լուսանկարները ցոյց են տալիս Ստեփանակերտում շէնքերի եւ տների հսկայական աւերակներ»։
Զեկոյցի հրապարակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի միջնորդութեամբ ձեռք բերւած՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ «խաղաղութեան գործարքից» ընդամէնը մի քանի օր անց։ Այդ գործարքը լայնօրէն քննադատւում է հէնց այդ յանցագործութիւնները անտեսելու համար։ Պետդեպարտամենտի եզրակացութիւնները հաստատում են Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի դիրքորոշումը՝ առանց արդարութեան եւ պատասխանատւութեան Ադրբեջանին ցուցաբերւող օգնութիւնն ու զիջումները միայն խրախուսում են վերջինիս ագրեսիան։
Մեկնաբանելով պետդեպարտամենտի զեկոյցը՝ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է. «Հէնց Թրամփի վարչակազմի մարդու իրաւունքների զեկոյցը որեւէ կասկած չի թողնում առ այն, որ Ադրբեջանը շարունակում է պահել եւ խոշտանգել հայ գերիներին, ոչնչացնել հայկական ժառանգութիւնը եւ համակարգւած կերպով վերացնել Արցախի հայկական հետքը»։ 907-րդ բանաձեւի կիրարկումից հրաժարւելը պարգեւատրում է այս յանցագործութիւնների համար։ Մենք կոչ ենք անում վարչակազմին չեղարկել այդ որոշումը, արգելել զէնքի վաճառքը եւ պատժամիջոցներ կիրառել այդ ոճրագործութիւնների կազմակերպիչների դէմ՝ «Գլոբալ Մագնիցկու» օրէնքով սահմանւած կարգով»։ «Համաձայնագիրը, որն անտեսում է Ադրբեջանի կողմից 2023 թ․ իրականացւած ցեղասպանական էթնիկ զտումը Արցախում, հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումը, հայ գերիների խոշտանգումն ու պահումը եւ տեղահանւած հայերի վերադառնալու իրաւունքը, չի կարող հիմք հանդիսանալ երկարատեւ ու ամուր խաղաղութեան համար։ Այն պարզապէս կանաչ լոյս է Բաքւին՝ նոր յարձակումների համար, վստահ լինելով, որ Վաշինգտոնը հետեւանքներ չի ստեղծի»։
Օգոստոսի 8-ին Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսում տարածել է յուշագիր՝ ներկայացնելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերւած համաձայնութիւնների հիմնական թերութիւնները։ Հայ Դատի յանձնախումբն իրականացնում է նաեւ համայնքային աշխատանքներ՝ ԱՄՆ իշխանութիւնների վրայ կենտրոնացնելով հասարակական ճնշում։ Մասնաւորապէս, ամերիկահայերը կարող են այցելել anca.org/realpeace կայք՝ կոչ անելու նախագահ Թրամփին եւ Կոնգրեսի անդամներին՝ դէմ լինել ԱՄՆ ռազմական օգնութեանը Ադրբեջանին, պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակում եւ աջակցել Բաքւի պատերազմական յանցագործների դէմ պատժամիջոցների կիրառմանը։
ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
16.08.2025 թ.