Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի մշտական ներկայացուցիչները նամակ են յղել Գրոսսին

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարի իրաւական եւ միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին յայտնել է, որ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի դեսպաններն ու մշտական ներկայացուցիչները համատեղ նամակ են յղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան տնօրէնին։
Ինչպէս հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ Ղարիբաբադին X սոցիալական ցանցում գրել է, որ երեք երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը, վերջերս նամակ են յղել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին եւ Անվտանգութեան խորհրդի նախագահին՝ տեղեկացնելով, որ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւի գործողութիւնը դադարել է հոկտեմբերի 18-ից։
Նրա խօսքով՝ նոյն երկրների դիւանագիտական ներկայացուցչութիւններն այժմ նմանատիպ նամակ են ուղարկել նաեւ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարին՝ նախարարութեան դիւանագիտական նախաձեռնութիւնների շրջանակում։
Ղարիբաբադին նշել է, որ նամակում անօրինական է որակւել եւրոպական երեք երկրների քայլը՝ ուղղւած Snapback մեխանիզմի ակտիւացմանը, եւ ընդգծւել է, որ բանաձեւի բոլոր դրոյթները հոկտեմբերի 18-ից պաշտօնապէս դադարել են ուժի մէջ լինել։
Բարձրաստիճան դիւանագէտը յաւելել է, որ նամակում շեշտւել է եւս մէկ առանցքային կէտ՝ ՄԱԳԱՏԷ-ի տնօրէնների խորհրդի օրակարգից պէտք է հանւի Իրանի նկատմամբ վերահսկման եւ ստուգման վերաբերեալ հարցը, որը մինչ այժմ քննարկւում էր ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւի եւ Համատեղ համապարփակ գործողութիւնների ծրագրի շրջանակում։
«ՄԱԳԱՏԷ-ի տնօրէնների խորհրդի 2015 թւականի դեկտեմբերի 15-ի որոշման համաձայն՝ Իրանի վերաբերեալ ստուգման եւ վերահսկման գործընթացը նախատեսւած էր տասնամեայ ժամկէտով կամ մինչեւ այն պահը, երբ Գործակալութեան տնօրէնը ներկայացնի Իրանի ծրագրի վերաբերեալ համապարփակ եզրակացութիւն։ Հետեւաբար՝ հոկտեմբերի 18-ից այս թեման աւտոմատ կերպով դուրս է գալիս գործակալութեան օրակարգից եւ այլ գործողութիւնների անհրաժեշտութիւն չկայ»,- մէջբերել է Ղարիբաբադին նամակի բովանդակութիւնը։



