Շւէյցարական դատարանը քննարկում է Բաշշար Ասադի հօրեղբօր դէմ ռազմական յանցագործութիւնների գործը կարճելու հարցը
«ԱԼԻՔ» – Շւէյցարիայի Դաշնային քրէական դատարանը քննարկում է Սիրիայի տապալւած նախագահ Բաշշար Ասադի հօրեղբօրը՝ Ռիֆաթ Ասադի դէմ յարուցւած գործը կարճելու հարցը: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրւել ռազմական յանցագործութիւնների եւ մարդկայնութեան դէմ յանցագործութիւնների մէջ: Յայտնում են շւէյցարական լրատւամիջոցները:
Շւէյցարիայի դատախազութիւնը Ռիֆաթ Ասադին մեղադրում է բազմաթիւ յանցագործութիւնների մէջ, ներառեալ նրա համար, որ որ նա որպէս սիրիական բանակի սպա սպանութիւններ, խոշտանգումներ եւ անօրինական ձերբակալութիւններ կատարելու, ինչպէս նաեւ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու հրամաններ է արձակել:
Ըստ շւէյցարական Le Matin Dimanche եւ Sonntags Zeitung պարբերականների՝ նոյեմբերի 29-ին Դաշնային քրէական դատարանը տուժող հայցւորներին տեղեկացրել է, որ ցանկանում է փակել Ռիֆաթ Ասադի գործով դատավարութիւնը։
Դատարանը յայտարարել է, որ 80-ն անց ամբաստանեալը տառապում է այնպիսի հիւանդութիւններով, որոնք խանգարում են ճանապարհորդել եւ մասնակցել դատավարութեանը։
Քրէական գործը յարուցւել է 2013 թւականի դեկտեմբերին շւէյցարական TRIAL International ոչ կառավարական կազմակերպութեան զեկոյցի հրապարակումից յետոյ։