ՄիջազգայինՔաղաքական

Եւրամիութիւնը նշել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու պայմանները

«ԱԼԻՔ» – «Եւրամիութիւնը չի չեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, քանի դեռ երկրի նոր իշխանութիւնները չեն ապահովել փոքրամասնութիւնների եւ կանանց իրաւունքների պաշտպանութիւնը կրօնական ծայրայեղականութիւնը մերժող մէկ կառավարութեան շրջանակում»: Այս մասին ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ ասել է ԵՄ դիւանագիտութեան ղեկավար Քայա Կալլասը:

Բրիւսէլում երկուշաբթի ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը, որի օրակարգում է Սիրիան, չի քննարկւի երկրին ֆինանսական աջակցութեան ընդլայնման հարցը, եւ երկիրը պէտք է բաւարարւի նրանով, ինչ արդէն տրամադրում է ԵՄ-ն ՄԱԿ-ի գործակալութիւնների միջոցով,- յայտարարել է Կալլասը:

«Հարցերից մէկն այն է, թէ արդեօք մենք կարող ենք ապագայում դիտարկել պատժամիջոցների ռեժիմի յարմարեցման հնարաւորութիւնը։ Բայց դա ակնյայտօրէն ոչ թէ այսօրւայ, այլ աւելի շուտ ապագայի հարց է, երբ տեսնում ենք, որ քայլերը ճիշտ ուղղութեամբ են ընթանում»,-ասել է Կալլասը Reuters-ին տւած հարցազրոյցում։

Ըստ Կալլասի՝ Եւրամիութիւնն արդէն Սիրիային մարդասիրական օգնութեան ամենամեծ դոնորն է։

«Մենք պէտք է քննարկենք, թէ աւելին ինչ կարող ենք անել: Բայց, ինչպէս արդէն ասացի, դա դատարկ հնչիւն լինել չի կարող։ Սիրիային սպասւում է յուսադրող, բայց անորոշ ապագայ»,-նշել է Մերձաւոր Արեւելք իր նոր պաշտօնում առաջին այցը կատարած Կալլասը:

«Սիրիայի նոր ժամանակաւոր ղեկավարները դրական ազդանշաններ տւեցին, բայց դա բաւարար չէր։ Այն, ինչին բոլորը նայում են, իհարկէ, նաեւ կանանց եւ աղջիկների նկատմամբ վերաբերմունքն է, որը ցոյց է տալիս հասարակութեանը եւ ինչպէս է այն կառուցւած, ինչպէս են կառուցւած ինստիտուտները, որպէսզի լինի բոլորի մասին հոգ տանող կառավարութիւն»,- յաւելել է նա:

Related Articles

Back to top button