ՄիջազգայինՔաղաքական

Թրամփ. «ԱՄՆ-ն չի ուզում լինել միակ երկիրը, որը չի անցկացնում միջուկային փորձարկումներ»

«ԱԼԻՔ» – ԱԱՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ քննարկել է միջուկային զէնքի կրճատման հարցը Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ, ինչպէս նաեւ պատասխանել է, թէ ինչու է Ամերիկան վերսկսում միջուկային փորձարկումները, տեղեկացնում է News.am-ը:

Ըստ Թրամփի, ԱՄՆ-ն աւելի շատ միջուկային զէնք ունի, քան որեւէ այլ երկիր։

«Եւ ես կարծում եմ, որ մենք պէտք է ինչ-որ բան անենք միջուկային զինաթափման վերաբերեալ։ Եւ ես իրականում քննարկել եմ սա ե՛ւ նախագահ Պուտինի, ե՛ւ նախագահ Սիի հետ։ Մենք բաւարար միջուկային զէնք ունենք աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար», – ասել է նա։

Ըստ Թրամփի, ԱՄՆ-ն միակ երկիրն է, որը չի անցկացնում միջուկային փորձարկումներ։

«Ռուսաստանը յայտարարել է, որ փորձարկումներ է անցկացնելու։ Հիւսիսային Կորէան անընդհատ փորձարկումներ է անում։ Եթէ նկատել էք, այլ երկրներ փորձարկումներ են անում։ Մենք միակ երկիրն ենք, որը չի փորձարկում, եւ ես ուզում եմ լինել… Ես չեմ ուզում լինել միակ երկիրը, որը փորձարկումներ չի անում»,- ասել է Թրամփը հարցազրոյցում։

Այնուամենայնիւ, ԱՄՆ նախագահը չի մանրամասնել, թէ արդեօք նկատի ունի մարտագլխիկների պայթիւնների փորձարկումները։

Related Articles

Back to top button