ՄիջազգայինՔաղաքական

Անդրէյ Պերլա. «Թրամփը կը ճնշի եւ կը ստիպի համաձայնել, որ Ռուսաստանը յաղթել է պատերազմում»

«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքական մեկնաբան Անդրէյ Պերլան Alpha News-ի հետ զրոյցում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտութեան կարգաւորման շուրջ բանակցութիւններին։

Փորձագէտի խօսքով՝ Թրամփը յստակ հասկանում է, որ խօսքը հէնց պատերազմում ռուսական յաղթանակի մասին է, որ ուժը Ռուսաստանի կողմն է։

«Իհարկէ, ես կարող եմ չափազանց լաւատես թւալ, բայց հիմա կարծում եմ, որ Թրամփը աստիճանաբար կը ճնշի՝ ընդ որում ոչ միայն ուկրաինական ղեկավարութեանը, այլեւ իր եւրոպական այսպէս կոչւած դաշնակիցներին՝ ստիպելով նրանց համաձայնել, որ Ռուսաստանը յաղթել է պատերազմում։ Թրամփը յստակ հասկանում է, որ խօսքը հէնց պատերազմում Ռուսաստանի յաղթանակի մասին է, որ ուժը մեր կողմում է, հասկանում է, որ որպէս ԱՄՆ նախագահ իր համար շատ աւելի ձեռնտու է համագործակցել Ռուսաստանի հետ՝ որպէս հաւասարազօր տնտեսական գործընկեր, քան շարունակել թշնամանալ Ուկրաինայի բացարձակապէս անորոշ, եւ դա դեռ շատ մեղմ է ասւած, ապագայի հետ։

Նա կը հասնի իր նպատակին, եթէ համարենք, որ նրա նպատակը Ուկրաինայում ռազմական գործողութիւնների դադարեցումն է եւ Ռուսաստանի հետ որոշակի նորմալ յարաբերութիւնների հաստատումը։ Բայց պէտք է հասկանալ, որ որքան հեռու է Թրամփը շարժւում այդ նպատակին հասնելու ճանապարհով, այնքան խորն է պառակտումը, այնքան ուժեղ է հակասութիւնը Թրամփի եւ նրա եւրոպական դաշնակիցների միջեւ»,- ասել է Պերլան։

Փորձագէտի կարծիքով՝ Ռուսաստանի համար ռազմական գործողութիւնների յաղթական աւարտի հետեւանքը կը լինի ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ հակասութիւնը։

«Հէնց այսօր Եւրոպական դիւանագիտութեան նախկին ղեկավար Ժոզէպ Բորելը յայտարարեց, որ ԱՄՆ-ն արդէն պատերազմ է յայտարարել Եւրոպային, եւ այն, ինչ ԱՄՆ-ը ցանկանում է Եւրոպայից, բացարձակապէս անընդունելի է Եւրոպայի համար։ Եւ այդ անընդունելի դիրքորոշումը, Բորելի կարծիքով, պէտք է առաջացնի Եւրոպայի, ԵՄ-ի հաւաքական պատասխանը, այլ ոչ թէ կոնկրետ երկրների ինքնիշխանութեան մասին խօսակցութիւնները։ Իսկ Թրամփին պէտք է համագործակցութիւն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի եւ այլ առանձին երկրների հետ, ԵՄ-ն էլ ուզում է միասնական լինել։ Ահա այս հակասութիւնն ապագայի հակասութիւնն է, եւ դա այն է, ինչը կը դառնայ Ռուսաստանի համար ռազմական գործողութիւնների յաղթական աւարտի գլխաւոր հետեւանքը»,- եզրափակել է Պերլան։

Related Articles

Back to top button