Մարզական

Վարազդատ Լալայեանը՝ աշխարհի չեմպիոն, Ալի Դաւուդին եւ Ալիռեզա Իւսէֆին՝ արծաթէ եւ բրոնզէ մեդալակիրներ

«ԱԼԻՔ» – Բահրէյնի մայրաքաղաք Մանամայում, երէկ՝ դեկտերբերի 15-ին աւարտւեց 2024 թւականի ծանրամարտի աշխարհի առաջնութիւնը:

Մրցումների վերջին օրը հարթակ դուրս եկան գերծանր քաշայինները: +109 կգ քաշայինների պայքարը յաջող ստացւեց Հայաստանի եւ Իրանի ներկայացուցիչների համար:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հաւաքականի առաջատար Վարազդատ Լալայեանը նւաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Իրանը ներկայացնող Ալի Դաւուդին եւ Ալիռեզա Իւսէֆին դարձան արածթէ եւ բրոնզէ մեդալակիրներ:

Պոկում վարժութիւնում Վարազդատ Լալայեանը 215 կգ-ով առաջինն էր: Բահրէյնի դրօշին ներքոյ հանդէս եկող Գոռ Մինասեանը 210 կգ.-ով երկրորդն էր, իսկ Իրանը ներկայացնող Ալի Դաւուդին 206 կգ.-ով երրորդն էր:

Հրում վարժութիւնում Իրանը ներկայացնող Ալիռեզա Իւսէֆին 262 կգ.-ով կանգնեց առաջին հորիզոնականում: Ալի Դաւուդին 253 կգ.-ով երկրորդն էր, իսկ Վարազդատ Լալայեանը 252 կգ.-ով երրորդն էր:

Այսպիսով, երկամարտի 467 կգ.-ով Վարազդատ Լալայեանը նւաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Ալի Դաւուդին 459 կգ.-ով արժանացաւ արածթէ մեդալի, իսկ Ալիռեզա Իւսէֆին 456 կգ.-ով նւաճեց բրոնզէ մեդալը:

Նշենք, որ Վարազդատ Լալայեանը 2016 թւականի Եւրոպայի պատանեկան առաջնութեան արծաթէ մեդալակիր է, 2019 թւականի Եւրոպայի երիտասարդական առաջնութեան փոխչեմպիոն, 2019 թւականի աշխարհի երիտասարդների չեմպիոն, 2019 թւականի Եւրոպայի Մ20 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թւականի Եւրոպայի առաջնութեան բրոնզէ մեդալակիր, 2021 թւականի Եւրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թւականի աշխարհի փոխչեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թւականի Եւրոպայի փոխչեմպիոն, 2022 թւականի Եւրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թւականի աշխարհի բրոնզէ մեդալակիր:

2023 թւականին Երեւանում անցկացւած Եւրոպայի առաջնութիւնում նւաճել է  փոխչեմպիոնի կոչումը:

2023 թւականի աշխարհի փոխչեմպիոն է, 2024 թւականի Եւրոպայի չեմպիոն եւ աշխարհի գաւաթակիր, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Related Articles

Back to top button